HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Տեղամասային հանձնաժողովները պարտադրված կաշառք են վերցնում ընդմիջման տեսքով

Ինչպես հայտնի է, ցանկացած ընտրությունների ժամանակ ընտրողների կամարտահայտումը տեղի է ունենում տեղամասային ընտրական հանձնաժողովում (ՏԸՀ): Այդ հանձնաժողովը կազմվում է հիմնականում ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների կողմից նշանակված անդամներից: ՏԸՀ-ների կազմավորման խնդիրներին ու մութ կողմերին մենք նախկինում արդեն անդրադարձել ենք:

Ով երբևէ եղել է ՏԸՀ անդամ, վստահված անձ կամ դիտորդ, քաջատեղյակ է, որ քվեարկության օրը ՏԸՀ-ն իր աշխատանքները սկսում է առավոտյան ժամը 7-ին և ավարտում հաջորդ գիշերը (երբեմն` հաջորդ առավոտ) քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո:

Բնականաբար, շուրջ 20 ժամ անդադար աշխատող հանձնաժողովի անդամներն այդ ընթացքում գոնե մեկ անգամ պետք է սնվեն… Ընդ որում, նրանք դա պիտի անեն առանց տեղամասային կենտրոնը լքելու:

Բա ո՞վ է կերակրում

Ձևավորված ավանդույթի համաձայն, հանձնաժողովի անդամներին կերակրելը ՏԸՀ նախագահի կամ, ավելի ճիշտ, իրեն նշանակող կուսակցության ուսերին է: Այսինքն՝ այդ կուսակցության շտաբի ներկայացուցիչները քվեարկության օրը, ըստ ավանդույթի, ամբողջ հանձնաժողովի և վստահված անձանց համար սնունդ պետք է բերեն տեղամասային կենտրոն:

ՏԸՀ-ների շուրջ 45 տոկոսի նախագահները ՀՀԿ-ական են, շուրջ 33 տոկոսինը` ԲՀԿ-ական, 7 տոկոսի նախագահները` ՀԱԿ-ից են նշանակվում, և ևս 5-ական տոկոս նախագահ ունեն «Ժառանգությունը» ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Այսինքն՝ հանձնաժողովների միայն 17 տոկոսն է, որ ունեն ընդդիմադիր նախագահ, իսկ 83 տոկոսը` իշխանական (կամ, առնվազն, ԲՀԿ-ական):

Ընդդիմադիր ղեկավար ունեցող ՏԸՀ-ներում սննդի հարցն առավել խնդրահարույց է, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները ամեն քայլափոխի շտաբ չունեն, ինչպես նաև այդքան մարդ իրենց հաշվին կերակրելու հնարավորություն չունեն: Սակայն թողնելով այս խնդիրը՝ անդրադառնանք հանձնաժողովների այն 83 տոկոսին, որոնց նախագահը ընդդիմադիր չէ:

Պարտադրված կոռուպցիա

Հիմա եկեք հասկանանք, որ հանձնաժողովի անդամները, տեսականորեն, կարող են հրաժարվել ՀՀԿ-ԲՀԿ-ական ուտելիքից և ինչ-որ կերպ ապահովել կերակրվելու պահանջը, սակայն դա բավականաչափ դժվար է տեղից էլ լարված ու դժվար այդ օրով սկսել սնվելու մասին հոգալ:

Բնականաբար, երբ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը հանձնաժողովի բոլոր անդամներին խորովածաքյաբաբային «պատիվ են տալիս», վերջիններս սկսում են պատավորված լինել որևէ կերպ «լավության տակից դուրս գալ»:

Ակնհայտ է, որ ՏԸՀ անդամը ունի միայն մեկ ձև այդ կուսակցության պարտքի տակից դուրս գալու՝ աչք փակել ոչ մասշտաբային խախտումների վրա… Բնականաբար, եթե հանձնաժողովի նախագահը անգամ լուրջ խախտում անի, հանձնաժողովի անդամը հո չի՞ կարող իրեն հաց տվողին հանձնել ոստիկանությանը… Դա «հայեցի» չի համարվում:

Անշուշտ, ընթերցողի համար արժեքների այս ընկալումները անընդունելի կհամարվեն… Սակայն, ցավոք սրտի, փաստն այն է, որ (հիմնականում մարզերում) հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովին կերակրելը մթնոլորտ է ստեղծում և ունենում է ոչ ուղղակի կաշառքի ազդեցություն, որից, ստեղծված պայմաններում, հանձնաժողովի անդամները չեն կարողանում հրաժարվել:

Լուծումը անչափ հեշտ է

Թեև կան բազմաթիվ ընդդիմադիր հանձնաժողովի անդամներ, ովքեր չեն ընկալում ՀՀԿ-ԲՀԿ-ական քյաբաբը իբրև կաշառք, այս խնդիրը պետք է լուծում ստանա:

Իսկ լուծումը շատ պարզ է: Տեղամասային հանձնաժոովների կերակուրի հարցը պետք է դրվի կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, կամ, առավել ցանկալի է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա հետևյալ կերպ.

ԿԸՀ-ն նախապես պայամանագիր է կնքում յուրաքանչյուր համայնքում (կամ ընտրատարածքում) հանրային սննդի ծառայություններ մատուցող որևէ կազմակերպության հետ, ով պատրավորվում է քվեարկության օրը որոշակի (սահմանված) ռացիոնով կերակուր հասցնել այդ համայնքի (կամ ընտրատարածքի) տեղամասային բոլոր կենտրոններ:

Այս դեպքում հանձնաժողովները իրենց ուտելիքի դիմաց պարտավորված կլինեն միայն պետությանը և ոչ թե անձի կամ կուսակցության, իսկ հանձնաժողովների այն 17 տոկոս ընդդիմադիր նախագահները չեն կանգնի իրենց ՏԸՀ անդամներին կերակրելու գլխացավանքի առջև:

Եթե հանձնաժողովի յուրաքանչուր անդամին կերակրելը արժենա, ասենք,  երկու հազար դրամ (այսինքն՝ ամբողջ հանձնաժողովին կերակրելը` 16 հազար դրամ), ապա ամբողջ հանրապետության համար կպահանջվի շուրջ 30 միլիոն դրամ: Առաջին հայացքից մեծ թվացող այս գումարը բավականին փոքր է, եթե հաշվի առնենք, որ համապետական ընտրությունների ժամանակ այդ նույն հանձնաժողովներին ավելի քան 620 միլիոն դրամի աշխատավարձ է տրվում… Այսինքն՝ հանձնաժողովի անդամների վրա կատարված ծախսը կավելանա ընդամենը մի քանի տոկոսով:

Մեկնաբանություններ (2)

Վանիկ Ալեքսանյան
Շատ ճիշտ հարց է բարձրացրել հեղինակը եւ տրամաբանական լուծում առաջարկել։ Եթե այդ նշված 30 միլիոն գումարը շատ թվա պետությանը, ապա այն կարելի է կրճատել հանձնաժողովի անդամին տրվող աշխատավարձից. 35 հազարի փոխարեն 33 հազար ստանալը կարծում եմ այդքան ցավագին չի ընդունվի հանձնաժողովականի կողմից։ Իսկ եթե պետությունը դժվարություն տեսնի սննդի ապահովման նշված ձեւի կազմակերպման համար, ապա մնում է մի ելք. արգելել որեւէ կուսակցության կամ անհատի կողմից պատիվ տալու արատավոր երեւույթը։ Յուրաքանչյուր հանձնաժողովական թող ինքը հոգա իր սննդի հարցը։ Ինչ վերաբերվում է սնունդը որպես կաշառք դիտելուն։ Այո, այդպես էլ կա։ Ահավասիկ, անձամբ ինձ հետ պատահել է դեպք, երբ ոչ թե անուղղակիորեն, այլ շատ հստակ ձեւով հանձնաժողովի նախագաը մոտեցել է ինձ՝ հանձնաժողովի անդամիս, եւ ասել. էս պատիվը մեր թաղի օլիգարխն է տալիս... պետք է իրա համար մի 100 հատ լցենք (խոսքը թաղապետարանի ավագանու անդամի թեկնածուի օգտին լցոնում կատարելու մասին էր)։ Տխուր պատկեր էր նաեւ այն ժամանակ, երբ ես՝ ընդդիմության ներկայացուցիչս էի հանձնաժողովի նախագահ։ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի քարտուղարը ողջ գործընթացի ժամանակ բառիս բուն իմաստով տեռորի էր ենթարկում ինձ՝ սուրճ-քյաբաբային պատվերներ բարձրաձայնելով։ Իսկ վերջին, նախագահական ընտրությունների ժամանակ մի կին, որ ներկայացավ որպես ընտրատեղամասի պատասխանատու, երկու մեծ տոպրակներով ներխուժեց ընտրատեղամաս եւ դրանք թողնելով հեռացավ։ Ես չէի կարող արգելել, որպեսզի հանձնաժողովականները օգտվեն այդ հյուրասիրությունից։ Թեեւ շատ լավ հասկանում էի, թե ում կողմից եւ ինչու է այն ուղարկված։
karen
Namusov mard@ amen tex por@ chi lzni. Et haz tvoxnern el utoxnern el nvast mardik en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter