HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չեխերը հաղթեցին կարգի հաշվին

Հավասար խաղ

Այն, որ Հայաստան-Չեխիա հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով, չի արտահայտում դաշտում տեղի ունեցած իրադարձությունները եւ տրամաբանական ելքը: Եթե 2004 թ.-ին Երեւանում կայացած խաղի ժամանակ 2-մետրանոց Յան Կոլերը եւ նրա ընկերները մի կամ մի քանի գլուխ բարձր էին մեր թիմից, ապա այժմ այս երկու հավաքականները իրարից տարբերվում են միայն կարգով ու փորձով:

Ֆիզիկապես, տեխնիկապես, արագությամբ Հայաստանի հավաքականը միանգամայն հավասար խաղ ցույց տվեց, սակայն պաշտպանության եւ կիսապաշտպանության խնդիրները ազդեցին խաղի ելքի վրա:

Հանդիպման առաջին վտանգավոր հարվածը կատարեցին չեխերը, սակայն այն ուղիղ Բերեզովսկու վրա էր: Առաջին կեսում մերոնց կատարմամբ հիշատակվեց Մարկոսի տուգանային հեռահար հարվածը, որը առանց մեծ դժվարության որսաց Պետր Չեխը: Ընդհանրապես Հայաստանի հավաքականը բավականին ակտիվ հակագրոհներ էր կազմակերպում եւ կտրուկ ու տեխնիկապես հագեցած գործողություններ ծավալում մրցակցի տուգանային հրապարակի սահմաններում եւ ներսում: Միայն Յուրա Մովսիսյանը երկու անգամ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ: Առաջին դեպքում նա ձախից մտավ չեխերի տուգանային, խաբս տվեց երկու պաշտպաններին, սակայն հետո փոխանցումը հաջող չէր, այնինչ առանց հապաղելու ինքը կարող էր աջ ոտքով հարվածել դեպի դարպասի մերձակա անկյունը: Երկրորդ դրվագում էլ Յուրան, իրեն հատուկ ոճով փակելով գնդակի եւ մրցակցի միջեւ տարածությունը, շատ հաջող ձերբազատվեց պաշտպանի հսկողությունից, սակայն Չեխը դուրս հանեց գնդակ անկունային:

Առաջին խաղակեսում նկատելի էր, որ թիմերը զգուշանում են միմյանցից, եւ գրեթե ամբողջ կազմով նահանջում էին, երբ գնդակը մրցակցի մոտ էր: Չեխերը ուշադիր էին հատկապես Մովսիսյանի հանդեպ ու հասան իրենց նպատակին՝ Յուրայի հայտնի ճեղքումների փորձերը չեզոքացնելով:

«Սեւ» մարդիկ իրավունք չունեն քանդել ֆուտբոլը

Հայ հարձակվողի հանդեպ չեխերի «համակ ուշադրությունը» եւ պարբերաբար հարվածները ոտքերին Յուրային չէին կարող անտարբեր թողնել, եւ նա դժգոհություն էր հայտնում ռումին մրցավարին, որը, ինչպես ցույց տվեց խաղը, որոշ դրվագներում կողմնապահություն դրսեւորեց՝ ի օգուտ հյուրերի: Մասնավորապես, երբ 43-րդ րոպեին Յուրան դժգոհեց եզրային մրցավարից եւ գնդակը հարվածեց գետնին, գլխավոր մրցավար Բալաժը, ցույց տալով, որ նրա մասնակցությամբ վիճաբանության արդեն երկրորդ դեպքն է, դեղին քարտ ցույց տվեց Մովսիսյանին: Դրանից առաջ էլ՝ դեռ 9-րդ րոպեին, երբ Ղազարյանը հետեւից փորձեց անցնել գրոհող մրցակցին, վերջինս վայր ընկավ: Մրցավարը դա գնահատեց իբրեւ գրոհի արգելված կասեցում ու դեղին քարտ ցույց տվեց Գեւորգին: Վերջինս այս մրցափուլում արդեն հասցրել է դեղին եւ կարմիր քարտ ստանալ բուլղարների հետ խաղում, ինչի պատճառով բաց է թողել իտալացիների հետ մրցավեճը: Ստացվում է, որ Գեւորգ Ղազարյանը թիմի ամենաանկարգապահ ֆուտբոլիստն է, ինչը, սակայն, իրականում այդպես չէ:          

Դրվագներից մեկում՝ մերոնց գրոհի ժամանակ գնդակը կարծես դիպավ չեխ պաշտպանի ձեռքին, սակայն մրցավարը չարձագանքեց, ավելին՝ երբ գնդակը պաշտպանից դուրս եկավ անկյունային, միայն եզրայինի հուշումից հետո Բալաժը ցույց տվեց անկյունային դրոշակը, այնինչ ինքն ավելի մոտ էր իրադարձությանը:

Եթե Մովսիսյանն ու Ղազարյանն արժանի էին դեղին քարտերի, ապա պետք է զգուշացվեին նաեւ չեխերից երկուսը, որոնք նույնպիսի դրվագների մեջ հայտնվեցին: Մասնավորապես, երբ Ղազարյանը առաջին կեսում ձախ եզրով փորձեց գրոհ զարգացնել, նրան բավականին կոպիտ դիմավորեց եւ գցեց աջ պաշտպան Գեբրե Սելասիեն, սակայն մրցավարը բավարարվեց տուգանային նշանակելով: Դա նույնպես գրոհի կասեցում էր, այն էլ՝ բացահայտ ու կոպիտ ձեւով: Իսկ խաղավերջում, երբ գնդակը մի քանի անգամ դուրս եկավ անկյունային՝ ի օգուտ մերոնց, չեխ ֆուտբոլիստը բանավեճի բռնվեց եզրայինի հետ եւ դա արեց ագրեսիվ ոճով, այնինչ Բալաժը միայն բանավոր զգուշացրեց նրան: Ինչու՞:

Ընդհանրապես մրցավարները սովորաբար բարյացակամ են լինում կարգով ավելի բարձր թիմերի հանդեպ, առավել եւս եթե նրանք դաշտի տեր են: Սակայն դա քանդում է ֆուտբոլը, ու պարզապես փակում փոքր եւ զարգացող թիմերի ճանապարհը: Մրցավարները, որոնցից ոմանց իսկապես կարելի է «սեւ» մարդ անվանել, ինչպես բասկ Իտուրալդե Գոնսալեսին, որքան էլ պաշտպանված են ՖԻՖԱ-ի կանոններով, պետք է իրենց արժանի գնահատականը ստանան խաղի տեսուչի կողմից՝ անկախ նրանից, թե ովքեր են դաշտում, եւ ում օգտին է եղել սխալը կամ բացթողումը:

Ճակատագրական երեք սխալ եւ գոլ

Ինչպես հայտնի է, որակազրկման պատճառով այս խաղը բաց թողեց կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, որին փոխարինել էր երիտասարդ Տարոն Ոսկանյանը, ում համար սա երրորդ խաղն էր ազգային թիմում: Ձախ պաշտպանի դիրքում էլ վնասվածք ստացած Լեւոն Հայրապետյանի փոխարեն խաղում էր Վալերի Ալեքսանյանը, ում սովոր էինք տեսնել աջ եզրում կամ կենտրոնում: Իսկ աջում Կամո Հովհաննիսյանն էր, ով հաջող է խաղում երկու եզրում էլ: Ստացվեց այնպես, որ երեք գոլերում էլ սխալվեցին հենց կենտրոնական պաշտպանները, իսկ մեկում՝ նաեւ ձախ եզրայինը:

Առաջին գոլը ծնվեց դաշտի կենտրոնում գնդակի կորստից հետո: 47-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը հաջող պայքարեց, եւ գնդակը չեխերի կողմից դուրս բերվեց եզրից: Սակայն եզրից նետված գնդակը հյուրերը փախցրին ու տեղափոխեցին գրոհի աջ եզր, որտեղ խաղում էր Ալեքսանյանը: Հետեւեց օդային փոխանցում, ու Մատեյ Վիդրան տուգանայինի կենտրոնում հպարտ մենության մեջ գլխով գնդակը ուղղեց դեպի դարպասի անկյունը: Բերեզովսկին անզոր էր, իսկ Արզումանյանն ու Ոսկանյանը դիտորդի կարգավիճակում էին:

Երկրորդ գոլը Տարոն Ոսկանյանի անփորձության ու, չխուսափենք այդ բառից, տվյալ դրվագում անգրագետ գործողության հետեւանք էր: Չնայած ամեն ինչ 81-րդ րոպեին սկսեց նրա զուգընկեր Արզումանյանը, որը գնդակը կիսադաշտից հեռացնելիս հարվածեց գրոհող մրցակցի վրա, ինչից հետո այն թռավ դեպի Ոսկանյանն ու Վիդրան: Վերջինս օդում կրկին հաղթեց մեր կենտրոնականին ու նետվեց առաջ՝ արագությամբ գերազանցելով Ոսկանյանին: Ընդառաջ դուրս եկած Բերեզովսկին չկարողացավ փրկել դրությունը:

Իսկ երրորդ գոլը կտրուկ հակագրոհի արդյունք էր, երբ Հայաստանի հավաքականը, մերկացնելով պաշտպանությունը, ավելացված ժամանակում տարվել էր հեղինակության գոլ խփելու ձգտումով: Վերջին՝ 94-րդ րոպեին, կրկին կենտրոնից առաջ նետվեց փոխարինման մտած Դանիել Կոլարժը, որը ոչ մի հնարավորություն չթողեց իր դեմ դուրս եկած Բերեզովսկուն:

Երբ պարտվող թիմը շարունակում է խաղալ «2» համարով

Երկրորդ կեսի հենց սկզբում անուշադրության հետեւանքով գոլ բաց թողնելուց հետո մեր թիմը կարծես կորցրեց կենտրոնացվածությունը ու ժամանակի սպառմանը զուգահեռ սկսեց ավելի շտապել, դիմել հախուռն անկազմակերպ գործողությունների՝ փորձելով փրկել հանդիպումը: Նման դեպքում անհրաժեշտ էր վերահսկողություն հաստատել դաշտի կենտրոնում ու, մրցակցին շարունակ պրեսինգի ենթարկելով, ավելացնել ճնշումը Չեխի դարպասի վրա: Սակայն թիմը, ինչպես առաջին կեսում, շարունակեց գործել «2» համարով՝ կարծես սպասելով հարմար պահի՝ գրոհ կամ հակագրոհ կազմակերպելու եւ մեկ դրվագով խաղի նժարը հավասարեցնելու համար:

Մի կողմից՝ դա կարելի է համարել տակտիկական սխալ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առայժմ մեր թիմը չեխերի կարգի հավաքականների դեմ չի կարող խաղալ «1» համարով, քանի որ նման մրցակիցը շարունակ դիմում է պրեսինգի ու ձգտում չզիջել գնդակը: Այս պարագայում հակախաղը առաջին հերթին արագ փոխանցումներով ու, ինչու չէ, տեխնիկապես հագեցած գործողություններն են, քանի որ, ինչպես երեւաց, չեխերը տեխնիկայով հաստատ չեն գերազանցում մերոնց:

Էական է նաեւ այն, որ դաշտի կենտրոնին տիրելու համար անհրաժեշտ են հենակետային կիսապաշտպանների ու պաշտպանների գրագետ գործողություններ: Սակայն, ըստ էության, իր ազդեցությունը թողեց այն, որ այդ կարեւոր դիրքերում այս անգամ հանդես էին գալիս նորեկներ Տարոն Ոսկանյանն ու Կարեն Մուրադյանը: Հատկապես Ոսկանյանը, երբ թիմը պարտվում էր, գրոհ սկսելու փոխարեն որոշ դրվագներում շարունակում էր հետ փոխանցումներ կատարել Բերեզովսկուն՝ փորձելով ապահովագրվել սխալներից. սա խոսում է դեռեւս առկա անվստահության մասին:            

Փաստ է, որ առայժմ բարձրակարգ թիմերին մենք զիջում ենք փորձով՝ գնդակը վերահսկելու, խաղի թելը ցանկացած պարագայում ձեռքում պահելու վարպետությամբ, սառնասրտությամբ, մամլիչ գործողություններով: Սրանց հասնելու նախապայմաններ կան, սակայն անհրաժեշտ է համապատասխան աշխատանք եւ ժամանակ:

Պետք է մտածել ապագայի մասին

Այս պարտությունից հետո մեր թիմը գործնականում կորցրեց ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունը եւ հիմա պարզապես հանդիսականին պիտի ուրախացնի գոլերով ու վաստակած միավորներով: Մեծ հաշվով Վարդան Մինասյանի կոլեկտիվը պիտի այս մրցափուլը օգտագործի՝ «Եվրո-2016»-ին լավագույնս նախապատրաստվելու համար: Հիշեցնենք, որ Եվրոպայի գալիք առաջնության ուղեգրերը կլինեն ոչ թե 16-ը, այլ 24-ը, որոնց համար պայքարելու է 52 թիմ: Հայաստանի ներկայիս հավաքականը, որտեղ բացի դարպասապահներ, 39-ամյա Բերեզովսկուց եւ 33-ամյա Կասպարովից, մյուսների տարիքը չի հասնում 30-ի, իրապես ապագայի թիմ է եւ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլում հայտնվելու իրական հնարավորություններ ունի: Մնում է աշխատել, աշխատել ու նորից աշխատել:  

Լուս.՝ AFP/Getty Images-ի (uefa.com) 

Մեկնաբանություններ (3)

Vahagn
apsos
Գարիկ
ֆուտբոլային խաղերի վերաբերյալ հոդված գրողներին խնդրանք՝ երբեք մի գրեք, թե հաշիվը չի արտահայտում դաշտում տեղի ունեցածը: հենց հաշիվն է դա ամենաճիշտը արտահայտում: մնացածը ճաշակի հարց է
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի հավաքականը երևի արդեն նոր մարզչի ու նոր թիմի/անդամների կարիք ունի:Թիմը էլ առաջ չի գնում: ՀԳ.Եթե պարտվում ես,ուրեմն վատ ես խաղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter