HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է Սերժ Սարգսյանին հրում դեպի հեղաշրջման անդունդը- մաս 2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան 

սկիզբը

Ինչո՞ւ չէին կարող ընդունվել Սերժ Սարգսյանի առաջարկած տարբերակները

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առանձնազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանի առաջարկած 2-րդ եւ 3-րդ տարբերակները չէին կարող որեւէ ձեւով ընդունելի լինել ոչ ընդդիմության առաջնորդի, ոչ ընդվզող ժողովրդի համար: Դրանցով ոչ թե լուծում էր տրվում նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած կոնֆլիկտին, այլեւ առաջարկվում էր «հաշտվել» ընտրությունների կեղծված արդյունքների հետ եւ առաջ շարժվել` 2-րդ տարբերակի դեպքում իբրեւ երկիրը սիրող ու հանուն այդ սիրո իշխանության առաջ հրատապ խնդիրներ (արտագաղթ, ատկատներ, կոռուպցիա եւ այլն) բարձրացնող ընդդիմություն, իսկ 3-րդի դեպքում` մաս կազմելով կառավարությանը:

Սերժ Սարգսյանի այդ առաջարկները ընդամենը հետապնդում էին ժամանակ շահելու, այդ ընթացքում կոնֆլիկտը մաշեցնելու, այն ապագա տեղափոխելու, ընդդիմությանն իր պարտադրած խաղի կանոնների դաշտում պահելու հեռահար նպատակներ, որի պայմաններում նա կլուծեր մաշեցված կամ տրանսֆորմացված կոնֆլիկտը: Հետագայում նա իրեն միանգամայն ազատ կզգար կա՛մ «փոխել» իր ընդդիմությանը, եթե վերջինս անհնազանդ վարքագիծ ցուցաբերեր (այլեւս «չսիրեր» երկիրը), կա’մ էլ գործընկերոջը` հարմար պահի ազատվելով գործադիր իշխանությունում նրա ներկայությունից, եթե վերջինս սկսեր չկիսել պատասխանատվությունն իր քաղաքականության համար:  

Սերժ Սարգսյանի առաջարկներում առկա է նաեւ ընդդիմությանն անլուրջ կարգավիճակում դնելու կամ իր հյուսած որոգայթներում ներքաշելու խորամանկություն: Այսպես. որքան էլ երկրի համար կարեւոր խնդիրներ համարվեն 2-րդ տարբերակում նրա հիշատակած թեմաները` արտագաղթ, կոռուպցիա, ատկատներ եւ այլն, որոնց մասին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր թիմը խոսել են տարիներ շարունակ կամ ընտրարշավի ժամանակ, այդուհանդերձ, ժողովրդի ու նրա մտածող-վերլուծող հատվածի համար ծիծաղաշարժ կդիտվեր այնպիսի պետական կառավարումը, երբ իշխանությունը «համաձայնում» է լուծել տարիներով նոր քաղաքականության կարոտ խնդիրները միայն այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն է բարձրացնում դրանք: Նշված մարտահրավերները վաղուց հարուցված են պետության ու իշխանությունների առաջ եւ լուծման, այլ ոչ թե հավելյալ բարձրաձայնման կարիք ունեն: Ուստի, եթե իշխանությունը կարող է իրեն պատկերացնել նման ծիծաղաշարժ իրավիճակում, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպիսի անլուրջ վիճակում դնել չէր կարող` տեսք ընդունելով, թե ինքը խնդիրներ է մատնանշում, իսկ իշխանությունն էլ դրանք հերթով լուծում է:

Ավելի զավեշտալի վիճակ է խաղի պարտադրված կանոնների շրջանակում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու եւ մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու՝ Սերժ Սարգսյանի առաջարկի պարագայում: Փաստացի, ընդդիմության առաջնորդին առաջարկում է մի բան, որը նրա թիմի համար օրակարգային հարց է դարձել դեռեւս նախագահական ընտրություններից շատ առաջ ու հատկապես 2009թ. մայիսից հետո, երբ «Ժառանգությունը» հրապարակավ ափսոսանք հայտնեց Երեւանի ավագանու առաջին ընտրություններին չմասնակցելու կապակցությամբ: Արված առաջարկը նման է նրան, երբ ապրանքի սեփականատիրոջը (ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժին) առաջարկում ես ընծա ընդունել հենց իրեն պատկանող իրը (դրանց մասնակցելու պատրաստակամությունն ու հաղթելու իրավունքը): Ավելին, այս առաջարկից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն առաջարկում է կոնֆլիկտի տրանսֆորմացիա ու դրա տեղափոխում այլ` ավելի ցածր ու նվազ պայթյունավտանգ հարթության վրա, որտեղ կմաշվեր շարժման կապիտալը. Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԲաREVOLUTION-ը ընդդեմ Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի: Թե ինչ կլիներ այն դեպքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ գլխավորեր «Բարեւի հեղափոխության» ցուցակը, դրա մասին ավելի լավ կվկայեր 2009թ. ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորած Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե Սերժ Սարգսյանի պատկերացրած տարբերակը Տարոն Մարգարյանի «անփոխարինելի» քաղաքապետության ներքո (Երեւան քաղաքը չզիջելու մտադրության մասին Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները բավական հստակ հայտարարեցին բազմիցս) «Բարեւ Երեւան» թիմի ենթակայությունն է ՀՀԿ-ին, ապա պատկերն ու դրա հետեւանքները ավելի քան տեսանելի են դառնում:

Այս անհեթեթ ու ծուղակաշատ խաղերին մասնակցելուց 4 տարի հետո «Ժառանգության» ու «Բարեւի հեղափոխության» թիմի կողմից խորհրդարանական ընտրություններով իշխանությունը վերցնելու հեռանկարի իրատեսությանն ընդհանրապես անդրադառնալ չարժե: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ խայծերը կուլ տալ չէր կարող… Այսպիսով, 2-րդ տարբերակի հանգամանալից վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երբեւեէ ընդունելի չէր կարող լինել Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի համար:            

Ոչ պակաս զավեշտալի իրավիճակ է պատկերանում 3-րդ տարբերակի դեպքում, որով առաջարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանին հանրահավաքում հայտարարել, որ ինքը թիմով մտնում է կառավարության մեջ` փաստացի ընդունելով Սերժ Սարգսյանի պայմանը. երբեք չքննադատել նրա թիմին ու վարվող քաղաքականությունը, այլապես ստիպված կլինի դուրս գալ կառավարությունից ու ետ վերադառնալ Ազատության հրապարակ: Հետահայաց մարտի 18-ին Սերժ Սարգսյանը տալիս է նաեւ դրա բացատրությունն ու խոստովանում, որ ինքը պատրաստված ծուղակ-պայմանի մասին Րաֆֆի Հովհաննիսյանին չի էլ ասել. «Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ եւս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որեւէ հարեւան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որեւէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ եւ ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետեւ գնալ, քշտել թեւքերը եւ անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է: Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որեւէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս կարելի է ընկնել ադրբեջանական ուղեգիծ եւ պայքարել Մինսկի խումբը ցրելու, համանախագահներին ցրելու համար: Մենք շատ երկար տարիներ պայքարում ենք, որ ձեւաչափը չփոխվի, որովհետեւ այդ ձեւաչափը ճիշտ է ընտրված»: Այդպիսով, Սերժ Սարգսյանը բացատրում է, թե այդ տարբերակի դեպքում ինչու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմին չեն կարող տրվել այնպիսի պաշտոններ եւ լիազորություններ, ինչպես օրինակ` արտաքին գործերի նախարարությունը, վարչապետի պաշտոնը, որոնք ընձեռում են տվյալ ոլորտում պաշտոնական գծի հետ չհամընկնող կամ ավելի ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն:

Թվում է, թե Սերժ Սարգսյանի այս առաջարկը կապ ունի նման ճգնաժամեր տեսած բազմաթիվ երկրներում հանգուցալուծման այն տարբերակի հետ, որն ընդունված է անվանել «իշխանության կիսում»` power-shareing: Սակայն, հենց ինքը Սերժ Սարգսյանն է խոստովանում, որ այն ոչ թե իշխանության, այլ իր վարած քաղաքականության համար պատասխանատվության կիսում է ընդդիմախոսի հետ: Այսինքն, պատասխանատվության ստանձնում մի քաղաքականության համար, որի արդյունքը արտագաղթն է, սոցիալ-տնտեսական իրողությունների վատթարացումը, այլեւս համակարգային կոռուպցիան ու անարդարությունը, Հայաստանի ու աշխարհի հայության զգալի հատվածի համար անընդունելի Մադրիդյան առաջարկները ղարաբաղյան խնդրի լուծման համար, հայ-թուրքական արձանագրությունները եւ այլն: Սա այն դեպքում, երբ փետրվարի 18-ին ժողովրդի հսկայական հատվածը «դեմ» քվեարկեց այդ քաղաքականությանն ու «կողմ» քվեարկեց դրա այլընտրանքին` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի: Մինչդեռ, power-shareing-ի մոդելը ենթադրում է հենց իշխանության կիսում` երբ իշխանության որոշակի մասը զիջում են ընդդիմախոսին` ժողովրդի մյուս հատվածի կողմից հավանության արժանացած քաղաքականությունն անխոչընդոտ ու անկաշկանդ իրականացնելու իրավունքով, դրա համար պատասխանատվությամբ եւ վերջապես` այդ ազատությունն ապահովող հստակ երաշխիքներով: Որքան էլ Սերժ Սարգսյանը իր անընդունելի պայմանի մասին խոստովանեց փետրվարի 18-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի համար չէր կարող ակնհայտ չլինել տողատակերում թաքնված այդ պայմանը:       

Նման «առաջարկները» ծանրութեթեւ անողը չէր կարող չհիշել նաեւ տարբեր տարիների իշխանության պարտադրած խաղի կանոններով կոալիցիա մտած ու դուրս եկած ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ուսանելի եւ դառը փորձը, ոչ թե կոնֆլիկտի առանցքը կազմող թեմայի, այլ դրանից ածանցյալ խնդիրների կամ կոնֆլիկտի հետեւանքների շուրջ իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ երկխոսության օրինակը, Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձառությունը: Հետեւաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող գնալ բազմիցս տրորված այդ արահետով եւ մերժեց թե’ առաջարկները, թե’ խաղի կանոնները, ինչպես նաեւ` ուղի բացեց 4-րդ տարբերակի համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը խառնում է խաղաքարտերը իր 4-րդ տարբերակով

Վերը նշված պատճառներով Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցին հաջորդած հենց առաջին հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը չարեց նրա համար ցանկալի 2-րդ եւ 3-րդ տարբերակների հայտարարությունները, որոնք շրջանցում էին ժողովուրդ-իշխանություն դիմակայության առանցքային հարցը` իշխանության լեգիտիմության ճգնաժամը եւ դրա օրինական ձեւավորման հարցը: Ավելին, Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժողովրդի հետ միասին հասնելու է նրա հաղթանակի իրավական ամրագրմանը, եւ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Մարզային ու մայրաքաղաքային բոլոր հանրահավաքներում ժողովրդին ուղղված նրա ուղերձներն ու հարցադրումները նույնն էին` «պատրա՞ստ ենք գնալ մինչեւ հաղթանակ», «պատրա՞ստ ենք կանգնել, որքան պահանջվի»` ի պատասխան ստանալով  ժողովրդի վճռական «այո»-ն: 

Այդ ընթացքում նախագահական նստավայրը ձեռքերը ծալած չնստեց՝ եւս մեկ անգամ փորձարկելու Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքը «պատասխանատվություն կիսելու» 3-րդ տարբերակի վերաբերյալ: Անհայտ անձի էլեկտրոնային փոստից «Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմ» ուղարկվեց լրատվամիջոցներին: Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ միայն հուշում էին, թե որ նախարարությունները կարող են տրվել նրան, այլեւ անգամ անուններ էին առաջարկվում այդ պաշտոնների համար: Ցուցակից ակնհայտ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին են թողնվում ոչ քաղաքական եւ ոչ ուժային բնույթի նախարարական պորտֆելներ (քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, սոցիալական ապահովության եւ այլ նախարարություններ): Հովհաննիսյանն անմիջապես հերքեց, որ ինքը որեւէ կապ ունի այդ ցուցակի հետ: Դա էլ բավարար էր նախագահականի համար, որ առաջարկված տարբերակը չի կարող Րաֆֆի Հովհաննիսյանի եւ շարժման ուղին լինել:

2-րդ տարբերակի խորապատկերին իշխանության մոտ լուրջ ջղագրգռումներ առաջացրին Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ զորաշարժեր, այդ թվում` նրա հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի հետ այն բանից հետո, երբ վերջինիս կուսակցությունը պաշտոնապես ճանաչեց ճգնաժամի գոյությունը, իր միջնորդությունն առաջարկեց այն հանգուցալուծելու համար, ինչպես նաեւ` հայտարարեց, որ կկանգնի ժողովրդի կողքին, եթե խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառվի… Իշխանությանը ոչ պակաս չափով գրգռեց նաեւ «Ժառանգության» առաջնորդի հանդիպումը ՀՅԴ-ի հետ ու վերջինիս ղեկավարների` Ազատության հրապարակի հարթակ բարձրանալը: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրություններում բացարձակ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ քաղաքական ուժերի նախաձեռնությամբ «Ժառանգության» հետ կոնսուլտացիաներ սկսվեցին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում միասնական ձեւաչափով մասնակցելու նպատակով, որոնք, սակայն, արդյունք չտվեցին: Իշխանությունը չէր կարողանում հասկանալ` Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է առաջարկված 2-րդ, թե՞ 1-ին տարբերակով…

Ուղղակի եւ անուղղակի բազմիցս մերժելով 2-րդ եւ 3-րդ տարբերակները, Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսանին հասկանալի դարձրեց, որ «պայքարելու է մինչեւ հաղթանակ»: Մինչդեռ Սերժ Սարգսյանը համոզված էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին տարբերակին չի դիմի իր հնչեցրած սպառնալիքների պատճառով. եթե Հովհաննիսյանը փորձի երկիշխանության վիճակ ստեղծել երկրում եւ սկսի ձեւավորել իշխանության այլընտրանքային մարմիններ, ապա ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում բոլոր միջոցներով կպաշտպանի «սահմանադրական կարգը»: Նա նաեւ կարծում էր, որ եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի գնալ 1-ին տարբերակով, ապա դա կանի ստանդարտ մեթոդներով. երբ ընդդիմությունը սկսում է զանգվածային եւ անընդմեջ հանրահավաքները, կամ «գրոհում» է  Բաղրամյան 26-ը: Այդ մեթոդների դեմ իշխանությունը «արդյունավետ» պայքարի մեծ փորձ ունի:

Մարտի 10-ի նախօրեին իշխանությունը Սեւանում մի վերջին անգամ նախազգուշացրեց Հովհաննիսյանին ու նրա թիմին` նրանց դեմ հանելով սադրիչների բանակ ու «կոնվենցիոնալ ուժ»: Պատճառն այն էր, որ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մարտի 10-ին կարեւոր հայտարարություն ունի անելու Ազատության հրապարակի հանրահավաքում: Իշխանությունը կարող էր շատ բան սպասել այդ օրը` անժամկետ նստացույց, non-stop հանրահավաքներ, որոնք նա կցրեր իրեն հայտնի մեթոդներով, բայց բացարձակ չէր սպասում 4-րդ տարբերակին:

Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը խառնեց Սերժ Սարգսյանի բոլոր խաղաքարտերը. նա հացադուլ հայտարարեց ու մնաց Ազատության հրապարակում: Հացադուլի, հացադուլավորի ու նրան զորակցելու-տեսակցելու այցելող քաղաքացիների դեմ ոստիկանություն եւ զորք չես հանի: Բուհերում նախաձեռնված դասադուլն էլ ուղղակի կաթվածի հասցրեց իշխանություններին` մատնելով նրանց վախը քաղաքացիական անհնազանդության ակցիաներից: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժված էր պարզունակ գործարքի առաջարկը` 2-րդ եւ 3-րդ տարբերակները, իսկ 1-ին տարբերակով զարգացումները դուրս էին եկել Սերժ Սարգսյանի գծագրած հունից եւ դարձել 4-րդ տարբերակ: Հետեւաբար, Սերժ Սարգսյանն իսկապես պետք է մտածեր` այդ իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով գնար այնտեղ, ո՞ր ինչ աներ… Այնտեղ Հովհաննիսյանի հացադուլին զուգընթաց արդեն մեկնարկել էին այլընտրանքային իշխանության, ստվերային կառավարության, քաղաքացիական անհնազանդության, հեղափոխության կոմիտեներ ստեղծելու եւ հեղափոխության հաղթարշավը ամրագրելու թեմաներով քաղաքացիական ֆորումները, որոնք առաջիկայում ամփոփելու է Րաֆֆի Հովհաննիսյանը:  

Սերժ Սարգսյանի հարցազրույցի օրը` մարտի 18-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը վերստին հայտարարեց, որ նրանից սպասում է առաջարկություններ, եթե այդպիսիք ունի, ինչպես նաեւ` մի վերջին անգամ վերաբերմունք արտահայտեց բոլոր տարբերակների, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների գրավոր առաջարկի վերաբերյալ: Նա մերժեց «ժողովրդին նետվող որեւէ փշրանք» ու Սերժ Սարգսյանին հորդորեց գնալ իշխանության օրինական ձեւավորման ու այն ժողովրդին վերադարձնելու համապետական լուծման:      

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում չէր կարող ուղղակի բարձրաձայնել այս ամենը, չէր կարող խոստովանել, որ ԲաREVOLUTION-ը կատարելապես անկանխատեսելի է իր համար, եւ ինքը սխալվել է իր հաշվարկներում, ինչպես որ թիմով սխալվել էին ընտրություններից առաջ` թերագնահատելով մրցակցին ու չհասկանալով նրա քաղաքականությունը: Նա եւ շատերը խուսափում են այս ամենի համար կիրառել «քաղաքական» եզրույթը, որովհետեւ դա իրենց իմացած քաղաքականությունը չէ: Բայց դա չի նշանակում, թե դա քաղաքականություն չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը պասիվացրել է իրեն, դրա փոխարեն ակտիվացել է հասարակությունն անշոշափելի ու անհակազդելի հարթության վրա, քաղաքական գործընթացն ինքաբուխ ընթանում է, արդյունքները հասունանում են իրենք իրենց, իսկ իշխանությունն էլ չի կարողանում որսալ, թե դրանց օջախը որտեղ է, որպեսզի մեկուսացնի այն: Հեղափոխությունը պարզապես սողում է… Իրավիճակը նման է նրան, երբ գետինը ամենուր գալարվում է, բայց նրա վրա կանգնած մարդը չի կարողանում կռահել, թե ցնցման օջախը որտե՞ղ է կամ ո՞ր մեկն է… Ավելի ստույգ, Սերժ Սարգսյանը տեսնում է, որ անորսալի ու անկանխատեսելի հեղափոխական ալիքների էպիկենտրոնը հացադուլն է, որը պետք է դադարեցվի… Հենց դրան էլ նա ձեռնամուխ եղավ վերջին օրերի նամակագրության միջոցով:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter