HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՊԵԿ-ը կպնդի՞ տուգանքի որոշումը. հայտնի կդառնա երկու օրից

Քիչ առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում ավարտվեց գանգատարկման հանձնաժողովի նիստը, որում լսվեց նաև Գնունու շինանյութերի շուկայի անհատ ձեռներեց և վաճառող Արթուր Էժդարյանի բողոքը:

Նիստի մեկնարկից առաջ «Հետքի» լրագրողին արգելեցին ներկա լինել նիստին և լուսաբանել այն` նշելով, որ գանգատարկման հանձնաժողովի նախագահը թույլ չի տալիս: Արգելելիս ՊԵԿ-ում որևէ օրենք չվկայակոչեցին:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Մասնիկյանի հարկային տեսչության տեսուչներ Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը հսկիչ գնում էին կատարել անհատ ձեռներեցից. նրան վճարել էին 40 հազար դրամ, և մինչ վաճառողը կհասցներ տալ ապրանքը` 10 հատ սղոցի կտրիչը (որի մեկ հատն արժե 4000 դրամ), գումարը թողած հարկային տեսուչն արագ հեռացել էր: Սրա հետևանքով Արթուր Էժդարյանը չէր հասցրել նրան տալ ոչ 10 հատ սղոցի կտրիչը, ոչ էլ ՀԴՄ կտրոնը, ինչի արդյունքում, ՀԴՄ չտալու հիմնավորմամբ, Մյասնիկյանի ՀՏ պետի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման հանձնարարագրով Արթուր Էժդարյանին նշանակվել է տուգանք` 150 հազար դրամի չափով:

Անհատ ձեռներեցը իր հետ կատարվածի մասին նամակ էր գրել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հակոբյանին, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Արթուր Էժդարյանը «Հետքին» հայտնեց, որ նիստին ներկա են եղել նաև հսկիչ գնումն իրականացրած հարկային տեսուչները: Երբ հանձնաժողովը հարցրել է, թե ինչ գանգատ ունի, Արթուր Էժդարյանը պատմել է, որ իրենից գնումը կատարվել է թերի, և մանրամասն ներկայացրել իր հետ կատարվածը:

Հանձնաժողովի անդամները զարմացել են, որ անհատ ձեռներեցի մոտ են մնացել և հարկային տեսուչների թողած գումարը, և ապրանքը` 10 հատ սղոցի կտրիչը: Հանձնաժողովը հարկային տեսուչներին հարցրել է, թե ինչ պետք է անեն այն դեպքում, եթե Արթուր Էժդարյանը չվերադարձնի 40 հազար դրամը, քանի որ հարկային տեսուչները չունեն փաստաթուղթ, որով ապացուցեն, որ 40 հազար դրամը վճարել են նրան: Տեսուչները որևէ պատասխան չեն տվել հանձնաժողովին:

Արթուր Էժդարյանի տեղեկացմամբ` այնուհետև գանգատարկման հանձնաժողովի նախագահն իրեն առաջարկել է նիստից դուրս գնալ միջանցք և այնտեղ 40 հազարը վերադարձնել հսկիչ գնումն իրականացրած հարկային տեսուչներին: Անհատ ձեռներեցը պատասխանել է, որ, իր փորձից ելնելով, չի վստահում հարկային տեսուչներին, և ասել, որ իրեն հայտնի չէ` ինքը հիմա տուգանվո՞ւմ է, թե՞ ոչ:

Հանձնաժողովի նախագահը դարձյալ առաջարկել է վերադարձնել 40 հազարը և հավելել, որ հանձնաժողովի որոշման մասին Արթուր Էժդարյանին փոստով կտեղեկացնեն 2 օրից: Անհատ ձեռներեցը գումարը դրել է գանգատարկման հանձնաժողովի սեղանին:

Եթե հանձնաժողովը ուժի մեջ թողնի տուգանքի որոշումը, Արթուր Էժդարյանը կդիմի դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter