HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մի քանի հանգամանք՝ Երևանի ավագանու անդամ դառնալու համար. Հայկ Դեմոյան

Սոցիալական ցանցերում քննարկվում են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակները: Ամենաշատը քննարկվում ու քննադատվում է ՀՀԿ-ի ցուցակը, որում, պատգամավորների, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներից ու փեսաներից բացի, ընդգրկված են նաև դերասաններ, գիտամշակութային կառույցների ղեկավարներ և այլն:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նույնպես ՀՀԿ-ի ցուցակում է: ՀՀԿ-ի ցուցակով ավագանու անդամ դառնալու նրա ցանկությունը ևս քննադատվում է սոցիալական ցանցերում:

«Ավագանու անդամ դառնալու իմ ցանկությունը բոլորովին էլ չի բխում նոր ու հնչեղ տիտղոս ձեռք բերելու ցանկությունից: Ես լիովին գիտակցում եմ պատասխանատվության այն բաժինը, որը կստանձնեմ Երևան քաղաքի ավագանու անդամ դառնալու դեպքում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու անդամ դառնալու որոշում կայացնելու համար հաշվի է առել մի քանի հանգամանք: Առաջինն այն է, որ որպես մայրաքաղաքի բնակիչ՝ ունի դրա իրավունքը:

Երկրորդն այն է, որ մայրաքաղաքի ամենամեծ կանաչ տարածքներից մեկի' Ծիծեռնակաբերդի զբոսայգու բարեկարգման ու խնամքի համար պատասխանատու անձ լինելով, կարծում է, որ իր նոր կարգավիճակը էականորեն կնպաստի քաղաքապետարանի համապատասխան բաժինների հետ սերտ համագործակցության արդյունքում զբոսայգու բարեկարգման համար նոր ու ավելի ընդգրկուն ծրագրեր իրականացնելուն:

«Բացի այդ՝ մոտակա տարիներին հենց մայրաքաղաքում են կազմակերպելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները, ուստի, իմ կարծիքով, ավագանու անդամ հանդիսանալն էականորեն կարող է դրական ազդեցություն ունենալ դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին խորապես հուզում է մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանման ներկա վիճակը, և ավագանու անդամ լինելով՝ փորձելու է պայքարել այդ ժառանգության պահպանման համար:

«Որպես երկրաշարժի արհավիրքները տեսած ու վերապրած անձ՝ չեմ կարող հաշտվել այն իրողության հետ, որին ականատես եմ լինում ամեն օր' մայրաքաղաքում տեղի ունեցող և մեծ թափ առնող շինարարական աշխատանքների ընթացքում: Ավագանու անդամ դառնալու պարագայում նոր քաղաքապետի և իմ գործընկերների հետ փորձելու եմ ուժերիս ներածին չափով կենտրոնանալ հիմնական այս ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»,- ավելացրեց Հայկ Դեմոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter