HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախագահի ելույթներն ու գոմեշի մսի գործը

Բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի գործի վերաբերյալ հրապարակային գործողություններ պատկան մարմինները կատարում են միայն այն բանից հետո, երբ նախագահը խոսում է այդ թեմայից:

Հիշենք. 2012-ի սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, այս գործի հետ կապ ունեցող գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին: Սակայն պաշտոնապես ազատման ոչ մի պատճառ չնշվեց, այնինչ մամուլը գրում էր, որ պատճառը գոմեշի մսի պատմությունն է:

Սեպտեմբերի 6-ից հետո Սերժ Սարգսյանի մյուս գործողությունը սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցությունն էր, որտեղ քննադատեց ամբողջ կառավարությանը՝ վարչապետից ու նախարարներից սկսած: Նա անդրադարձավ պետական գնումների գործընթացին՝ շեշտելով թե պատվիրատուների, թե շահած կազմակերպությունների մեծածավալ թերացումներն ու անբարեխիղճ գործելակերպը: Այդ կոնտեքստում էր տեղավորվում նաեւ գոմեշի գործը, քանի որ ՊՆ-ին խաբել են ու տավարի մսի փոխարեն գոմեշի միս վաճառել բանակին: Նախագահը զարմանք հայտնեց, թե ինչ է նշանակում, որ գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է «պարտք» վերցնում մատակարարից: Ասվածը գեներալ Փայտյանի մասին էր, սակայն թե ինչ «պարտքի» մասին է խոսքը, չնշվեց: Այդուհանդերձ, նույն խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը տվեց «պարտքի» առավել դիպուկ բնորոշումը՝ «ատկատ»: Այս բառն էլ դարձավ գալիք նախագահական քարոզարշավի բառապաշարի հիմնական մասնիկ:   

Սեպտեմբերի 26-ին արդեն ՊՆ-ում հրավիրած խորհրդակցության ժամանակ նախագահը նշեց նաեւ «պարտքի» կամ «ատկատի» չափը՝ 200.000 դոլար: «Պարոն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել եւ ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում»,- արձագանքել էր նախարար Սեյրան Օհանյանը: Քրեական գործը հարուցվել էր դեռեւս 2012-ի հունիսին: Բայց այս խորհրդակցությունից թե առաջ, թե հետո ՊՆ քննչական ծառայությունը բավարարվում է սուղ եւ կցկտուր ինֆորմացիա տալով, սակայն պաշտոնական հաղորդագրություններ նախաքննության ընթացքի մասին ՊՆ-ն երբեւէ չի տարածել:   

Երկրի ղեկավարից ամսի 15-ին քննադատության մի որոշակի չափաբաժին ստանալուց հետո կառավարությունը ցույց տվեց, թե գործի է անում: Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսանը տեսախցիկների առաջ ԳՆ սննդամթերքի պետական անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին խնդրեց ներկայացնել Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման ընթացակարգը եւ ներկրողներին: Ապա ՊԵԿ նախագահից ճշտեց, որ այդ ընկերություններում կատարվում են ուսումնասիրություններ:      

Փայտյանի պաշտոնանկությունից միայն շաբաթներ անց ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը հաստատեց, որ գեներալը իբրեւ վկա է ներգրավված ու ցուցմունքներ է տվել: Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս մասին հայտնում են՝ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը բավարարելու համար: Փաստորեն, եթե լրատվական դաշտը բուռն կերպով չարձագանքեր ՊՆ ոլորտի չարաշահումներին, ապա այս մարմինը չէր էլ մտահոգվի՝ հանրությանը գործի որոշ դրվագներին տեղյակ պահելու մասին: Եվ սա այն դեպքում, երբ, դատելով հարուցված գործից, որտեղ առկա է առանձնապես խոշոր չափերով խարդախության մասին հոդված, մսխվել են նույն հանրության միջոցներով ձեւավորված պետբյուջեի գումարները:

Նախագահական ընտրութունները մի տեսակ ստվերեցին այս պատմությունը, սակայն մարտի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը հնչած հարցից հետո կրկին անդրադաձավ խնդրին.

«Նախ պետք է տեղեկացնեմ, որ մեկ-երկու հոգու չեն հարցաքննել գոմեշի մսի պատմության հետ կապված, այլ հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ: Ի գիտություն Ձեզ ասեմ, որ դա շատ դժվարին աշխատանք է, այդքան հեշտ չի, առավել եւս, որ գոմեշի մսի խնդիրը բարձրաձայնել է ձեր դիմաց նստած մարդը, այսինքն՝ ես, եւ ոչ թե ուրիշ որեւէ մեկը, եւ այդ գործն ունենալու է իր ավարտը՝ դատական ավարտը:

Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, բայց գոմեշի մսի պրոբլեմն այն պրոբլեմը չի, որ հեռուստաընկերությունները եւ մեր տպագիր, էլեկտրոնային մամուլը փորձում են շրջել եւ այլ տեսանկյունից ներկայացնել, իբրեւ թե՝ գոմեշի միսը օձի կամ թունավոր միս է: Հարցն այլ կերպ էր հնչել: Ես այլ կերպ եմ խնդրին մոտեցել:

Հաջորդ՝ մեր խորհրդակցությունից հետո, որտեղ, ի դեպ, խոսակցությունը միայն «ատկատների» մասով չի գնացել, հսկայական աշխատանք է կատարվել: Հաստատվել է նոր կանոնակարգ: Այդ կանոնակարգը բարեփոխվել է, որպեսզի լինի ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի: Ես վստահ եմ, եթե Դուք հարց ուղղեք վարչապետին, վարչապետը մանրամասնորեն կասի: Ես չեմ ուզում այսօր այստեղ այդ մանրամասների վրա ժամանակ ծախսել: Եվ ի գիտություն Ձեզ՝ մեկ, երկու հոգի չեն փոխվել: Եվ ընդհանրապես այդ գործակալությունում կամ այդ գործով հազարավոր մարդիկ չեն զբաղվում: Երեք տասնյակ մարդիկ էին կազմակերպում այդ հարթակի աշխատանքները եւ հիմա էլ են այդքան մարդիկ կազմակերպում, եւ դրանց առնվազն 1/3-ը փոխվել է: Հիմա ի՞նչ խնդիր կա: Որպես նախնական արդյունք, մենք, օրինակ, պաշտպանության նախարարության 24 մլրդ մրցույթներում ունեցել ենք 2,5 մլրդ-ի տնտեսում»: 

Մի փոքր ճշտում. գոմեշի մսի պատմությունը 2012-ի մայիս-հունիս ամիսներին առաջինը բարձրաձայնել է «Բանակում անարդարություններին՝ ոչ» քաղաքացիական նախաձեռնությունը՝ հայտարարելով 2011-ի հունիսին ԼՂՀ ՊԲ-ում հայտնաբերված գոմեշի մսի մասին: Մի քանի նախկին զինծառայողներ բաց նամակներ էին հղել նույն Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետին, գլխավոր դատախազին, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներին: Այդ հայտարարություններին անդրադարձել է մամուլը եւ խնդիրը պահել հանրության ուշադրության կենտրոնում, նաեւ տեղեկացրել, որ հարուցվել է քրգործ, երբ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չեղավ, ու հետաքրքիր է, թե ինչու չեղավ: Մի՞թե պարտադիր էր, որ երկրի առաջին դեմքը խոսեր խնդրի մասին, որ նոր միայն թեմայի վերաբերյալ բարձրաձայնելը լիներ թույլատրելի: Փաստորեն, այո, այդպես է:

Այս ամբողջ ընթացքում լրատվամիջոցները պաշտոնական ինֆորմացիա ստացել են գլխավորապես ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանից: Ու մարտի 18-ի նախագահի ասուլիսից հետո՝ մարտի 25-ին, գլխավոր դատախազությունն է արդեն հաղորդագրություն տարածում նոր ձերբակալված փոխգնդապետի եւ արդեն կալանավորված երեք մեղադրյալների մասին (գրել ենք, որ կա եւս մի մեղադրյալ, սակայն նա ազատ է արձակվել ստորագրությամբ): Հետաքրքիր էր այս հաղորդագրության վերջին պարբերությունը. «Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության եւ այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաեւ հասարակության աջակցությամբ, շարունակելու են հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը»:

Եվ այս ամենը՝ կրկին նախագահի ելույթից հետո: Զուգադիպությու՞ն, պատահականությու՞ն: Իհարկե, ոչ: Անհրաժեշտ է խոսել, ցույց տալ, որ գործ է արվում, նախաքննությունը տեղում չի դոփում, անձինք են ձերբակալվել ու կալանավորվել: Եվ այստեղ տրամաբանական հարց է հնչում՝ ովքե՞ր են նրանք: «Գլխից պիտի բռնենք, մեծերին»,- կասեր Սերժ Սարգսյանը:

Իսկ այս դեպքում ճաղերի հետեւում հայտնվել է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով կալանավորվել է 2012-ի սեպտեմբերի 1-ին եւ այդ լուրից կաթված ստացել: Արդեն այս տարվա փետրվարի 23-ին կալանավորվել են N զորամասի հրամանատար փոխգնդապետը եւ նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորը, որոնք, ըստ մեղադրանքի, ծառայության հանդեպ անփույթ են վերաբերվել, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Ստորագրությամբ ազատ արձակված եւս մեկ զինծառայողի մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով: Նույն մեղադրանքով մարտի 28-ին կալանավորվել է նաեւ ամսի 25-ին ձերբակալված փոխգնդապետը, որը N զորամիավորման պարենային ծառայության պետն է: Փաստորեն, ներկա պահին կա 5 մեղադրյալ, որոնցից 4-ը կալանավորված են: 

Հետաքրքիր է՝ վերոնշյալ անձի՞նք են «մեծ ձկները», թե՞ նրանք, ովքեր ծառայել են իբրեւ «տանիք» ու ըստ այդմ ստացել «պարտքեր», ասել է թե՝ «ատկատներ»: Նախաքննությունը շարունակվում է:        

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Եթե ՊՆ-ն գոմեշի մսով իրենց ասելով 200 000 դոլար են զավթել մեր զինվորներից, և եթե հաշվի առնենք, որ զինվորներին մատուցվող սննդի ցանկացած տեսակ մսի նման իր թարմ ու թանկ կամ վատ ու էժան տեսականինեներն ունեն, ուրեմն պատկերացրեք թե այդ մթերքները մշտապես թարմ ու թանկ ներկայացնելով, և ամեն ինչ կոծկելով ՊՆ-ում /կամ անձամբ Սերժիկը/ որքան միլիոն դոլարների եկամուտ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter