HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբեռնում - մաս 1

Ստեփան Սաֆարյան,քաղաքական վերլուծաբան

Մարտի 28-ին Հանրային խորհրդի գրասենյակում քննարկում-խորհրդակցություն է տեղի ունեցել Թուրքիայում (Ստամբուլ) ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակի հնարավոր տեղակայման թեմայով: Քննարկման մասնակիցները ահազանգ են հնչեցրել, թե դա դժվարություններ կստեղծի տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, կոչ են արել այս հարցում աջակցել Հայաստանի արտգործանխարարությանը (Վազգեն Մանուկյան), առաջարկել են հասարակական ու մասնագիտական շրջանակներից ձեւավորել խորհրդակցական խումբ, որի ընդունած բանաձեւը կհանձնվի առաջիկայում Հայաստան ժամանող ՄԱԿ-ի բանագնացներին եւ եվրոպական երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին (Կարինե Դանիելյան):

Փաստն ինքնին չափազանց ուշագրավ է եւ վտանգավոր. նման առանցքային իրադարձությանը հայկական կողմը արձագանքում է ոչ թե պետական, այլ հասարակական՝ Հանրային խորհրդի մակարդակով: Երեւանը պաշտոնական մակարդակով անգամ խուսափում է գնահատական տալ այն հետեւանքներին, երբ Թուրքիան կդառնա ՄԱԿ-ի եվրոպական ծրագրերը կանխորոշողը, համակարգողն ու իրականացնողը: Ի՞նչն է ստիպում պաշտոնական Երեւանին լռություն պահպանել այս խայտառակ փաստի վերաբերյալ: Այն ակնհայտ իրողությունը, որ հերթական անգամ հայկական դիվանագիտությունը չի՞ կարողացել/կարողանում կանխել դա: Թե՞ դրանից զատ նաեւ այն, որ Երեւանը հերթական անգամ համաձայնություն է տվել ներքաշվել վտանգավոր մի նոր գործընթացի մեջ: Այս հարցերի պատասխաններն ստանալու համար նախեւեռաջ հարկավոր է բացահայտել, թե տարածաշրջանում ի՞նչ է տեղի ունեցել/ունենում ՀՀ իշխանությունների մասնակցությամբ կամ նրանց լռելյայն համաձայնությամբ, որը նրանք թաքցնում են սեփական հասարակությունից:

Թուրքիայի՝ ՄԱԿ տարածաշրջանային կենտրոն դառնալու տեսանելի հեռանկարը միանշանակ հետեւանք է, որին սպասարկած մի շարք զարգացումներին Հայաստանի իշխանությունները ժամանակին ոչ միայն չեն հակազդել ու միջամտել, այլեւ հակառակը՝ դավադրաբար լռել ու մասնակից են դարձել: Արդյունքում՝ այսօր մեր պետությունը, կարծես թե, այլեւս անկարող է անգամ հետեւանքների դեմ պայքարել: Ավելի ստույգ՝ իշխանությունների լեգիտիմության խնդիրը ու դրա կապակցությամբ ստեղծված փակուղին, ինչպես միշտ, օգտագործվել է դրսից եւ ողջ երկիրն է ներքաշվել ծուղակաշատ գործընթացների հորձանուտ, ինչի մասին խոստովանելը հավասարազոր է ինքնասպանության:

Սակայն, մինչեւ հիշյալ քննարկման ժամանակ հնչած գնահատականներին ու դրանց վերլուծությանն անցնելը, արժե ուշադրություն հրավիրել անցնող ամսվա ընթացքում հայկական ու միջազգային ԶԼՄ-ներում «թուրքական թեմայի» հայտնությանը, որը ամենեւին պատահականությունների շարքից չէ, այլ հայ-թուրքական նոր գործընթացի ու թուրքական դիվանագիտության նոր դրսեւորում:

Թուրքիայի նոր խորամանկությունը եւ Աբդուլա Գյուլի թաքցվող ուղերձը

«Վրաստանն ու տարածաշրջանը Սահակաշվիլուց «հետո» եւ Իվանիշվիլու օրոք» եւ «Վրաստանի «նոր հարևանության քաղաքականության» նոր ելևէջները. երկաթուղային դիվանագիտություն» հրապարակումներով արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու Վրաստանի հարեւանության նոր քաղաքականությանը, որը բավականին նրբորեն իրականացնում է այդ երկրի կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ու նրա թիմի: Սույն քաղաքականության առանցքում աբխազական երկաթուղու վերագործարկման խայծն է՝ տարեվերջին շահագործման հանձնվելիք Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի շահագործման հանդեպ հարեւան երկրների ու հատկապես Ռուսաստանի ագրեսիվ նախատրամադրվածությունը չեզոքացնելու եւ այդ նպատակով հայկական ու ռուսական կողմերին միջնաժամկետ հույսերով, սպասումներով կերակրելու հնարքով:

Սակայն, պարզվում է, երկթագծային դիվանագիտությունը հատուկ չէ միայն Վրաստանին: Նույնպիսի դիվանագիտություն որդեգրել է նաեւ թուրքական իշխանությունը՝ նախկինում չստացված խաղը նորովի վերագործարկելու (հայ-թուրքական բաց սահման հայոց իրավունքներից հրաժարվելու եւ ղարաբաղյան հակամարտությանը Ադրբեջանին հաճո լուծում տալու դիմաց), առաջիկա ապրիլ 24-ն ու Ցեղասպանության 100-ամյա տարելիցը չեզոքացնելու հեռահար նպատակներով: Դրանից զատ, թուրքական կողմը եւս մեկ նպատակ ունի. Հայաստանին ներքաշելով եւս մեկ անպտուղ գործընթացի մեջ՝ աշխարհի աչքի առջեւ խաղաղասեր երեւալ, եւ չեզոքացնելով հայկական հնարավոր հակազդեցությունը՝ ստանալ ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակը...

Այդուհանդերձ, գլխավոր իրադարձություններին անդրադառնանք հաջորդաբար:

Փետրվարի 20-ին՝ Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, Սերժ Սարգսյանին առաջիններից մեկը շնորհավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նրա նամակի կամ ուղերձի փաստի մասին հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին՝ հղում կատարելով թուրքական լրատվական գործակալություններին, որոնք էլ հենվել էին թուրքական պետության ղեկավարի պաշտոնական կայքէջում տեղադրված ժլատ եւ կարճ հաղորդագրության վրա: Ոչ Բաղրամյան 26-ը, ոչ էլ թուրքական կողմը հետագայում այդպես էլ չհրապարակեցին Գյուլի ուղերձ-նամակը: Այն ակնհայտորեն պարունակում էր որոշակի առաջարկ եւ պատասխան էր ակնկալում հայկական կողմից...

Փաստն առաջինը գրգռեց պաշտոնական Բաքվին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան պետք է պարզություն մտցնի այդ հարցում, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, ասել է թե՝ անհասկանալի եւ տարօրինակ է այդ իրավիճակում թե ուղերձը, թե դրա չհրապարակումը: Իսկ իշխանական APA գործակալությունն էլ գրավոր հարց հղեց Թուրքիայի արտգործնախարարությանն այն բովանդակությամբ, թե որքանո՞վ է այդ ուղերձը համապատասխանում թուրքական դիվանագիտության ավանդույթներին, այն Հայաստանի հանդեպ պետական նոր քաղաքականության մեկնա՞րկ է, թե՞ սոսկ նախագահ Գյուլի անձնական նախաձեռնությունը:

Բաքվի ջղաձգությունն կամ իզուր չէր, կամ թատերականացված էր ու պայմանավորված Անկարայի հետ. նա տեղյակ էր թուրքական մի նոր նախաձեռնությունից, որի մասին իրեն ժամանակին իրազեկել էին, սակայն, ցանկանում էր «վերստին ստուգել ու համոզվել», որ այն չի ոտնահարի իր շահերը, այլ կմնա թուրքական դիվանագիտական խորամանկության տիրույթում՝ անձնական ու խորհրդանշական բնույթի:

Ադրբեջանից իրեն հղված այդ հարցին թուրքական արտգործնախարությունը պատասխանեց. «Շնորհավորանքը՝ հղված հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու կապակցությամբ, արված է մեր պետական ավանդույթներին համապատասխան։ Այնպես ինչպես, ավելի վաղ, այլ երկրներում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ուղարկվել են շնորհավորական ուղերձներ»: Ապա հավելել էին. «Քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում երկկողմ ձեւով կարող են հղվել ուղերձներ։ Օգտակար կլինի հարցը գնահատել իր բովանդակության շրջանակներում»

Աչքից չի կարող վրիպել այն փաստը, որ Անկարան նախընտրեց ոչ թե հրապարակել նամակը, այլ դրա փոխարեն տալ երկար-բարակ բացատրություններ: Եթե Երեւանը վստահ լիներ, որ այդ նամակը սեպ կխրի արյունակից երկու պետությունների միջեւ, վստահաբար չէր հրաժարվի արտահոսք տալուց կամ այն հրապարակելուց: Բայց Երեւանն էլ դա չարեց...

Թուրքիայի «երկաթգծահաղորդակցական» դիվանագիտությունը

Թե ի՞նչ եւ ինչի՞ մասին կարող էր գրված լինել Սերժ Սարգսյանին հղված Աբդուլա Գյուլի ուղերձում, մասամբ լույս է սփռում հաջորդած օրերին տեղի ունեցածը: 3 օր անց՝ փետրվարի 23-ին թուրքական «Հուրիեթ» թերթում դիվանագիտական անանուն աղբյուրները տեղեկատվական արտահոսք տվեցին այն մասին, որ 2012-ի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամները, Թուրքիան Հայաստանին առաջարկել է մասնակցել Եվրոպան Ասիային կապող տարածաշրջանային համալիր տրանսպորտային ծրագրին:

Թուրքական առաջարկի համաձայն՝ ծրագիրը պետք է ունենա երկու փուլ. առաջինով նախատեսվում է միմյանց կապել Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ կարգի բերելով չօգտագործվող երկաթգծերն ու կառուցելով նորերը: Թուրքական կողմը բոլորին հավաստիացրել է. թե տարեվերջին շահագործման հանձնվելիք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից բացի վերականգնողական ոչ մեծ աշխատանքներից հետո կարող է բացվել նաեւ հայ-թուրքական երկաթգիծը: Զուգահեռաբար նախատեսվում է նաեւ մի նոր, ժամանակակից մայրուղի կառուցել, որն է՝լ ավելի կաշխուժացնի առեւտուրը եւ մարդկանց տեղաշարժը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Թուրքական աղբյուրի համաձայն՝ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է տարածաշրջանի երկրները կապել Եվրոպայի եւ Ասիայի հետ. «Մարմարա» անունը կրող ծրագրի շահագործումից հետո հնարավոր կդառնա տրանպորտային կապը Լոնդոնի եւ Պեկինի միջեւ, եւ, երբ կարգավորվի տարածաշրջանի քաղաքական դրությունը, Հայաստանը եւս կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով միանալ դեպի Եվրոպա եւ Ասիա ձգվող ճանապարհներին:

Թուրքական աղբյուրը նաեւ պնդել է. որ ծրագրին դրական արձագանք են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամները: Դեհ, ինչպես կարող էին նրանք դրական չարձագանքել, եթե մի կողմից տեսնում են նոր գործընթացի սկիզբ, որում ներգրավվելու գայթակղություն կարող է առաջանալ թե՝ հակամարտող կողմերի՝ Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի, թե՝ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մրցակցության մեջ գտնվող ԱՄՆ/ԵՄ-ի ու Ռուսաստանի համար. հաղորդակցական ուղիների այս խառնաշփոթում ոչ միայն Ռուսաստանի կարեւորած «հյուսիս-հարավն» է առկա, այլեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կարեւորած «արեւմուտք-արեւելքը»: Զորօրինակ, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը փորձ է արվում ռուսական կողմին «վաճառել» իբրեւ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կապող հաղորդակցության ուղի, որին միանալու հնարավորություն «կընձեռվի» նաեւ Ռուսաստանի դաշնակից Հայաստանին: Նույն երկաթուղին Արեւմուտքի վրա «վաճառվում» է որպես Եվրոպան Ասիայի, Լոնդոնը՝ Պեկինի հետ կապող ուղի: Տեսականորեն բոլորի շահերը կարող են բավարարվել, իսկ գործնականում՝ հարց է, թե ո՞վ կշահի «Մեծ խաղի» հերթական արարում, որի հեղինակը Թուրքիան է:

Անկարան այս ծրագրի դիմաց հայկական ու միջազգայի կողմերի առջեւ անուղղակի նախապայման է դրել՝ ղարաբաղյան հարցը լուծելու ուղղությամբ կոնկրետ զարգացումներ ապահովելը. «Մենք ընդգծեցինք, որ այս ծրագրի նպատակն է խաղաղության հեռանկար ստեղծել, որից կշահեն բոլոր կողմերը»,- հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը եւ պարզաբանել. «Մենք փորձում ենք ակտիվացնել Մինսկի խումբը՝ ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, եւ 2012 թվականի նոյեմբերին «Միացյալ տրանսպորտային միջանցքներ» ծրագիր ենք ներկայացրել Մինսկի խմբին, որը պետք է իրականացվի խաղաղ ժամանակներում, մասնավորապես՝ երբ Հայաստանը առաջ կգնա գրավված յոթ շրջանները ազատելու հարցում»: Նա նաեւ հայտնել է, որ Անկարան այս ծրագրի մասին տեղյակ է պահել Ադրբեջանի ղեկավարությանը՝ ընդգծելով, որ դրա իրագործումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Հայաստանը քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու ուղղությամբ:

Այդ արտահոսքով ու պարզաբանումներով Անկարան փարատում է Գյուլի ուղերձի եւ Երեւանին արված թուրքական առաջարկի կապակցությամբ Բաքվի անհանգստությունը եւ սպառիչ պատասխան տալիս նրա կիսապաշտոնական «հարցմանը». այն է՝ Թուրքիան հերթական հուժկու փորձն է անում ոչ միայն իր, այլ նաեւ Բաքվի շահերը բավարարելու համար, դրանց հակառակ ոչ մի քայլ չի կատարվի, Երեւանը չի տեսնի ո՝չ հայ-թուրքական բաց սահման, ո՝չ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծին միանալը՝ քանի դեռ չի համաձայնել/չի սկսել Բաքվին հանձնել ԼՂՀ յոթ շրջանները:

Անկարայի խաղը նույնն է, ինչ 2008-2009-ին: Պարզապես, եթե նախկինում դրա դիմաց Թուրքիան Հայաստանին խոստանում էր ընդամենը մեկ բաց սահման ու Ղարս-Գյումրի երկաթգիծ, ապա այժմ «մեծացրել» է խայծ-տորթի չափերը. Երեւանի զիջումների դիմաց թվարկվածներին գումարած Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը, նոր մայրուղի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ կապ Ռուսաստանի ու աշխարհի հետ:

Անկարան սպասում է Երեւանի արձագանքին, բայց ոչ՝ լռությանը

Ահա թե ինչը կարող էր տեղ գտնել թուրքական նոր առաջարկի արտահոսքից 3 օր առաջ Սերժ Սարգսյանին Աբդուլա Գյուլի հղած նամակում: Արձանագրման արժանի փաստ է այն, որ Երեւանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկատվությունը, որի անգամ լեզուն չափազանց հետաքրքիր է ընտրված. թուրքական կողմը հիշատակում է ոչ թե օրերս ուղղակիորեն, այլեւ ամիսներ առաջ միջնորդների ներկայությամբ արված առաջարկը:

Ավելին. հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահները դրականորեն են արձագանքել առաջարկին, պաշտոնական Անկարան հավելում է, թե Երեւանը «սառն է վերաբերվել այս նախագծին, եւ որեւէ պաշտոնական արձագանք չի փոխանցել Մինսկի խմբի միջոցով»: Թուրքական կողմը կարծեք թե հասկացնում է, որ առնվազն Գյուլի շնորհավորական ուղերձից հետո սպասում է պատասխանի՝ նամակի, հրապարակային դիրքորոշման կամ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, ինչի հարցում Երեւանը հապաղում է:

Երեւանի լռությունն այդ օրերին հասկանալի էր. ողջ երկիրը մարզերից մինչեւ մայրաքաղաք ցնցվում էր նախագահական ընտրություններից հետո, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի չսպասված հաղթանակը մեծագույն շոկ էր առաջացրել իշխանությունների մոտ: Այդ իրավիճակում Բաղրամյան 26-ը չէր կարող համաձայնություն տալ թուրքական կողմի առաջարկին, երբ նրա համար տեսանելի չէր, թե ինչպես կավարտվեն ներքաղաքական զարգացումները եւ հետընտրական շրջանում ո՞ւմ կպաշտպանի մասնավորապես անգլոսաքսոնական թեւը, որն ավանդաբար ամենաշահագրգռված է նշված հարցերով, բայցեւ՝ ի տարբերություն ՌԴ նախագահի, ԱՊՀ երկրների նախագահի կամ անգամ ԵԺԿ նախագահի, չէր շտապում Սերժ Սարգսյանին շնորհավորել «վերընտրվելու» կապակցությամբ: Ներքին խառնակ իրավիճակը նաեւ հիմք էր Սերժ Սարգսյանի համար՝ չպատասխանելու անանուն դիվանագիտական աղբյուրի շուրթերով բարձրացված հարցադրմանը, թե ո՞րն է իր պատասխանը Թուրքիայի նոր առաջարկին...

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter