HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գետանցի ժամանակ ձի չեն փոխում

Երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն, ֆուտբոլային որոշ շրջանակներ, այդ թվում՝ լրագրողներ ու երկրպագուներ, կարծիք հայտնեցին, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սպառել է իրեն, ու այլեւս նոր մարզիչ է պետք թիմին: Եվ այն բանից հետո, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ապա գործկոմը մերժեցին Մինասյանի հրաժարականի դիմումը, նույն շրջանակները կարծես հիասթափություն ապրեցին:

Իհարկե, լավ է, որ այսօր Հայաստանում ֆուտբոլն այնպիսի ոլորտ է դարձել, որտեղ կարծիքների բուռն բախում է տեղի ունենում, տրվում են տարբեր հարցեր, լինում են բազմապիսի քննարկումներ: Ու նույնիսկ եթե դրանց մեծ մասը սիրողական մակարդակի են, միեւնույնն է՝ այդ եռուզեռը անկասկած նախընտրելի է լճացումից, որ կար մի քանի տարի առաջ: Բնականաբար, այդ ամենի պատճառը, սկիզբը եղել է ազգային թիմի հաջող ելույթների շարքը «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, երբ ամբողջ հանրապետությունը շնչում էր ֆուտբոլով: Հիմա էլ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, չնայած հավաքականը գործնականում չի կարող հավակնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերին: Երկրպագուն տեսել է, որ այս թիմը ունի ներուժ, հավաքված են բարձրակարգ մի շարք ֆուտբոլիստներ, որոնք, դաշտում առաջատարի դեր խաղալով, ունակ են իրենց հետեւից տանել մյուսներին: Չէ՞ որ սրանք այն նույն տղաներն են, որոնք անցյալ մրցափուլում հպարտանալու առիթ էին տալիս երկրպագուներին, որոնցից շատերն էլ, կտրվելով իրականությունից, արդեն խոսում էին կայացած, վերջնականապես ձեւավորված թիմի մասին:

Սակայն անցյալ շրջափուլում մեր թիմը իսկական ֆուրոր արեց նաեւ այն պատճառով, որ մրցակիցները նրան չէին ընկալում այնպես, ինչպիսին որ էր իրականում. դրա հետեւանքով թանկ վճարեցին հատկապես սլովակները: Այս անգամ պետք էր սպասել, որ Մինասյանի թիմը դժվարությունների առաջ է կանգնելու, քանի որ նրա ոճն այլեւս նորություն չէ մրցակիցների համար: Չեխիայի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն էլ նշել էր, որ լավագույնս ուսումնասիրել են մեր թիմին: Պետք է հասկանալ, որ այսպես լինելու է նաեւ այսուհետ:

Սակայն դա չի նշանակում, թե թիմը պետք է փոխի իր խաղաոճը: Պատճառը մեկն է. ներկայիս ոճը միակն է, որ համապատասխանում է հայկական ֆուտբոլին: Մեր ֆուտբոլիստները միշտ էլ աչքի են ընկել տեխնիկապես, փոխարենը զիջել են ուժային պայքարում: Վարդան Մինասյանի ընտրած ոճը՝ կարճ ու միջին տարածությունների արագ, գետնամերձ փոխանցումներ, սուր եւ կտրուկ հակագրոհներ, համապարփակ գործողություններ հարձակման եւ պաշտպանության գծում, բխում են հայ ֆուտբոլիստների որակներից եւ, եթե կարելի է այդպես ասել, հայկական ֆուտբոլի մենթալիտետից (օրինակ՝ դժվար է պատկերացնել մեր թիմին երբեւէ բրիտանական ֆուտբոլ խաղալիս. օդային երկար փոխանցումներ դեպի եզրեր, այնտեղից էլ՝ դեպի տուգանային հրապարակ, ֆիզիկական կոշտ պայքար):

Բերենք «Բարսելոնայի» օրինակը: Գվարդիոլայի «տիկի-տական» այսօր շարունակում է կիրառել Վիլանովան, ու մոտ ապագայում դժվար թե այն փոխվի, քանի որ ներկա պահին ակումբի բոլոր թիմերի՝ մեծահասակների, երիտասարդների, պատանեկան, խաղային փիլիսոփայությունն է այդպիսին: Այդ ոճը 2009-ից կատալոնյան ակումբին բարձրացրել է բոլորովին նոր մակարդակի վրա ու բերել ակումբային ֆուտբոլում հնարավոր բոլոր մրցանակները: Այլ կերպ ասած՝ արդարացված ոճ է, որը նաեւ հոգեհարազատ է տեխնիկապես զարգացած ու ֆիզիկական տվյալներով առանձնապես աչքի չընկնող իսպանացիների (կատալանների) համար:

Նմանատիպ պատկեր է նաեւ մեր ազգային թիմի պարագայում: Գտնվել է մի ոճ, որը հարազատ է մեր ֆուտբոլին, ու այժմ էլ նկատելի է, որ Հայաստանի առաջնությունում որոշ թիմեր ձգտում են խաղալ հենց այդպես:

Իհարկե, չենք ասում, թե Մինասյանն է հնարել այդ ոճը: Եթե մի փոքր հետ գնանք, կտեսնենք, որ այս երիտասարդ մարզիչը ազգային թիմը գլխավորելու սկզբնական շրջանում մի շարք դժվարությունների բախվեց: Մինասյանը թիմի ղեկը ստանձնեց Յան Պոուլսենից հետո՝ 2009-ի գարնանը, երբ մեր թիմը արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց Էստոնիային: Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլը վատագույններից էր մեր թիմի համար. բավական է հիշել Բոսնիայի (0-2), Թուրքիայի (0-2) հետ խաղերը, Մոլդովայի (1-4) հետ ընկերական հանդիպումը նույն Մինասյանի գլխավորությամբ: Շատերը կհիշեն Բոսնիայի հետ խաղում երկրպագուների պահանջը՝ «Մինասյան, հեռացիր»:

«Մունդիալ-2010»-ի շրջափուլը անհաջող անցողիկ փուլ էր թիմի համար, որին պիտի հետեւեր նոր թիմի կազմավորումը: Մյուս շրջափուլում հավաքականում հայտնվեցին բարձրակարգ խաղացողներ՝ Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիզ, ֆուտբոլային հսկայական աճ ապրեց Հենրիխ Մխիթարյանը, ձեւավորվեց հարձակողական հաջող ու ագրեսիվ խումբ՝ Մովսիսյան, Արաս, Մխիթարյան, Մարկոս, Ղազարյան, Սարկիսով, Մանուչարյան: Մինասյանը կարողացավ նրանց եւ մյուսների գործողությունները, թիմի մարտավարությունը կոնկրետ խաղերում կառուցել այնպես, որ «Եվրո-2012»-ի ընթացքում հավաքականը 10 խաղում վաստակեց 17 միավոր, խփեց 22 գոլ (բաց թողնելով 10-ը) եւ այդ ամենն արեց գեղեցիկ խաղով՝ բավականություն պարգեւելով հանդիսատեսին:

Ներկա՝ «Մունդիալ-2014»-ի փուլը հավաքականի վերջին ձախողումներից  ու քաղած դասերից հետո պետք է դիտարկել որպես անցումային փուլ՝ դեպի թիմի վերջնական ձեւավորում: Այն թիմը, որը պետք է ունենանք «Եվրո-2016»-ի ընտրական փուլում ու որը պիտի իրապես պայքարի 24 ուղեգրերից մեկին տիրելու համար, պիտի լինի կայուն, հավասարակշռված, պահեստայինների երկար ու առաջին կազմին հավասարազոր նստարան ունեցող հավաքական: Եվ անհրաժեշտ է գիտակցել, որ այդ ճանապարհին լինելու են սայթաքումներ, բացթողումներ, որոնց մասին, անշուշտ, պիտի բարձրաձայնել՝ թիրախում ունենալով առողջ քննադատությունն ու թիմի առաջընթացին դրանով նպաստելը:

Կարծում ենք, սխալ է այս անցումային փուլում գլխավոր մարզչին փոխելը, որի ղեկավարությամբ թիմը սկսել է դավանել ներկայիս ֆուտբոլը, որը պիտի շարունակական լինի: Ինչպես ասում են, գետանցի ժամանակ ձի չեն փոխում: Մինասյանը պիտի հնարավորություն ունենա գոնե մինչեւ այս ընտրական փուլի ավարտը լինել հավաքականի ղեկին եւ, եթե չլինեն արտառոց դեպքեր, պատրաստել ընտրանուն «Եվրո-2016»-ին:

Հաշվի առնելով մեզանում տուրիստ մարզչի պիտակ ստացած Բեռնար Կազոնիի, Հենկ Վիսմանի օրինակները՝ ներկա կարեւոր փուլում ճիշտ չի լինի արտերկրից մարզիչ հրավիրել, քանի որ հայկական ֆուտբոլը մոտիկից ճանաչելու եւ ըստ այդմ ազգային թիմ ղեկավարելու համար ժամանակ է պետք: Էլ չենք խոսում օտարերկրացի մասնագետի բարձր որակների ու, բնականաբար, նրան տրվելիք բարձր աշխատավարձի նպատակահարմարության մասին:

Վերադառնալով Հայաստան՝ կցանկանայինք նշել, որ չնայած այսօր մեր ներքին առաջնությունում աշխատում են երիտասարդ ու միջին տարիքի մասնագետներ, որոնք տարբեր հաջողությունների են հասել իրենց ակումբների հետ, այդուհանդերձ, ամենափորձառուն առայժմ մնում է Մինասյանը, որը նաեւ լավագույնս ճանաչում է հավաքականում խաղացողների որակները: Պորտերֆիլդից ու Պոուլսենից յուրացրածը եւ իր անձնական փորձն ու գիտելիքները Վարդան Մինասյանը դեռեւս կարող է փոխանցել հավաքականին, քանի որ ազգային թիմում նա առայժմ չի սպառել իրեն որպես գլխավոր մարզիչ:           

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մածունը թթու է. եկեք ուրախանանք,որ գույնը դեռ լավ սպիտակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter