HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ալեքսանդր Վարպետյանը ՀՀ-ի համար «persona non grata» է. ինչու՞

Այսօր վաղ առավոտյան Հայաստան է ժամանել ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը, որը պատրաստվում էր հայրենիքում նշել իր 70-ամյակը: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները արգելել են նրա մուտքը, եւ այժմ Վարպետյանը գտնվում է տարանցիկ գոտու հատուկ կացարանում:

Ալ. Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված է դեռ 2002-ից: Այս մասին «Հետքը» մի քանի անգամ գրել է: Վարպետյանը ծնվել է 1943-ին Մարսելում: 5 տարեկանում նա տեղափոխվել է հայրենիք, որտեղ եւ կրթություն է ստացել: 1975-ից կրկին վերահաստատվել է Մարսելում, սակայն ֆրանսիական անձնագրին զուգահեռ պահպանել է նաեւ ԽՍՀՄ անձնագիրը: Վերջինս էլ ՀՀ անկախությունից հետո ձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ անձնագիր: Սակայն 1994-ից Հայաստանում արգելվեց երկքաղաքացիությունը, եւ դրանից երեք տարի անց Վարպետյանը զրկվեց ՀՀ քաղաքացիությունից: Այդուհանդերձ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ֆրանսահայ գործիչը ստացել է ժամականավոր կացության վկայագրեր եւ ապրել Հայաստանում:

2002-ին նրա կացության կարգավիճակի ժամկետը չի երկարաձգվել: Մերժումն էլ չի պատճառաբանվել: Այս խնդրի շուրջ 2002-ին «Ա1+»-ը գրել էր. ««Էություն» միաբանության նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի՝ Հայաստանում բնակվելու թույլտվության ժամկետը լրացել է: Ալեքսանդր Վարպետյանին ասել են, որ նրան այլեւս թույլտվություն չի տրվելու, քանի որ նա աղանդավոր է: ««Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է պարոն Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել: Միաբանությունն առաջարկում է «Ազգություն եւ նոր հազարամյակ» ծրագիրը: Ըստ միաբանության անդամների՝ այն տարիներով մտածված առողջացման ծրագիր է, որը հասարակությանը հեռու է պահելու տխմարությունից եւ անառակությունից»:

Սակայն մեզ հետ ունեցած նամակագրության ժամանակ Ալ. Վարպետյանը նշել էր, որ «Էություն» միաբանությանը չեն մեղադրել աղանդավորության մեջ. «Մեզ երբեք աղանդավորության մեջ պաշտոնապես չեն մեղադրել: 2002-ին կացության կարգավիճակ չներկայացնելը օվիրի` Վահագն անունով տեղակալը պատճառաբանել է «նպատակահարմար չէ» ձեւակերպմամբ, ինչը պաշտոնապես կրկնել են 2005-ին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: Աղանդավորությունը տխմարագույն հերյուրանքն է (երեւի օրենքին հարմարեցնելու համար…), երբ մենք զբաղվել ենք միմիայն գիտությամբ: Աղանդավորները գրանցված եհովականներն են ու բազում նմանները…»:

Վարպետյանի մուտքի արգելափակմանը զուգահեռ սառեցված է նաեւ 1990-ին նրա կողմից հիմնադրված եւ Հայաստանում պաշտոնական գրանցում ստացած «Էություն» ազգային իմաստության տաճարի գործունեությունը:

Կարգավիճակի երկարացում չստանալուց հետո՝ 2003-2004 թթ., Վարպետյանը մի քանի անգամ փորձել է գալ Հայաստան: 2003-ի օգոստոսին ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունը մերժել է Վարպետյանի՝ Հայաստանում տասնամյա վճարովի կացության հայցը: Դրանից հետո մինչեւ այսօր առանց պատճառաբանության երեք անգամ մերժվել են Ալեքսանդր Վարպետյանի՝ ՀՀ մուտքի իրավունք ստանալու էլեկտրոնային հայցերը, երկու անգամ՝ նրա որդի Արթուր Վարպետյանի հրավերի հայցերը:  

2005-ին գործիչը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, սակայն անարձագանք է մնացել: Դրանից հետո նա գրություն է ուղարկել երկրի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: ՄԻՊ-ն իր հերթին դիմել է այն ժամանակ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին: «Օվիրի» պետը պատասխանել է, որ իրենք Վարպետյանի որդուց՝ Արթուրից, ստացած նյութերն ուղարկել են համապատասխան մարմիններին՝ համաձայնեցնելու համար, սակայն, ըստ վերջիններիս պատասխանի, Ֆրանսիայի քաղաքացու ժամանումը Հայաստան համարվել է ոչ նպատակահարմար:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ ճիշտ է՝ մերժման հիմքերը չներկայացնելու միջազգային պրակտիկա կա, սակայն Վարպետյանի նման մարդու հանդեպ նման վերաբերմունքն անթույլատրելի է: Նա ոստիկանապետին առաջարկել էր վերանայել մերժումը, իսկ բացասական պատասխանի դեպքում ներկայացնել օրենսդրական հիմքերը: Օմբուդսմենի առաջարկն անարձագանք էր մնացել: Ալավերդյանին հաջորդած Արմեն Հարությունյանի օրոք Վարպետյանի գործը փակվել էր, քանի որ նա ՄԻՊ գրասենյակին գրություն էր ուղարկել եւ ոչ թե բողոք, որի դեպքում գործը չի փակվում մինչեւ վերջանական լուծումը:

Արթուր Վարպետյանը 2006-ին նամակ էր գրել պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին: Գործին ծանոթանալու համար նախարարությունից պահանջել էին համապատասխան փաստաթղթեր եւ Ալ. Վարպետյանի «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») անտիպ աշխատությունը, որը, հեղինակի տեղեկացմամբ, ոչնչացվել է այլ գործերի հետ, քանի որ «հայ հասարակությունը դրանց պատրաստ չէ»: Ս. Սարգսյանը դիմումի կապակցությամբ տվել էր հանձնարարական, սակայն ոչինչ չէր փոխվել:

Դրանից հետո Արթուրի խնդրանքով ՀՀ սահմանային անցակետերի կարեւոր պատասխանատուներից մեկը պարզել էր, որ Ալ. Վարպետյանի ազգանունը բացակայում է սահմանային անցակետերի համակարգիչների «սեւ ցուցակում»: Նոր կանոնակարգի համաձայն էլ՝ 21-օրյա տուրիստական արտոնագիր կարելի է ստանալ հենց սահմանի վրա: Վարպետյանը որդու հետ որոշել էր Հայաստան մտնել Վրաստանից, սակայն հետո նախընտրել էր ձեռք բերել տուրիստական արտոնագիր եւ վայրէջք կատարել Երեւանում: Բայց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը մերժել էր նրա դիմումը: Արթուրը կրկին դիմել էր սահմանապահին:

«Սահմանապահի ասելով՝ սահմանն անցնելուց հետո տվյալ անձը պետք է դիմի անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ վիզա ստանալու համար: Նա ասաց, որ սահմանապահների եւ վարչության մոտ կա նույն «սեւ ցուցակը»: Բայց այս դեպքն արտառոց է նրանով, որ հորս անունը կար միայն վարչության «սեւ ցուցակում»: Այսինքն՝ հայրս Բագրատաշենում պետական սահմանը կանցներ, բայց հետո Երեւանում օվիրը նրան վիզա չէր տա: Սա, ըստ սահմանապահի, աննախադեպ բան է: Նա եզրակացրեց, որ Վարպետյան ազգանունը թերեւս հայտնվել է խիստ առանձնակի, կատարելապես անհայտ եւ ցմահ դատապարտյալների «սեւ ցուցակում»»,- մեզ հետ զրույցում պատմել էր Արթուր Վարպետյանը:

2007-ի մայիսին Ալ. Վարպետյանը կրկին բաց նամակ էր ուղղել ՀՀ նախագահին, բայց դա էլ որեւէ բան չէր փոխել:

Այս ամենից հետո «Հետքը» անձնագրերի եւ վիզաների վարչությանը դիմում էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել Լ. Ալավերդյանի՝ Վարպետյանի վերաբերյալ մերժումը վերանայելու առաջարկը, եւ հայտնել, թե որոնք են մերժման օրենսդրական հիմքերը:

Վարչության պետի տեղակալ Ս. Աղաջանյանը մեզ պատասխանել էր. «2002 թ.-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի` ՀՀ կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նրա հրավերի դիմումները մերժվել են «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ նախկին օրենքի 9-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 12-րդ պարբերության պահանջների համաձայն:

Համաձայն 2007 թ. փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «զ» ենթակետերի պահանջների` ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ»:

Մեջբերենք նշված ենթակետերը.

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Այստեղ ուշագրավ են հատկապես «զ» ենթակետն ու «գ» ենթակետի առաջին տողը: Կարծիք կա նաեւ, որ Վարպետյանը անցանկալի անձ է դարձել իր «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») աշխատության պատճառով:

Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո էլ՝ 2012-ի փետրվարին, Վարպետյանը դիմել էր նրան բաց նամակով, իսկ նույն տարվա դեկտեմբերին՝ հայցել ՀՀ կարճատեւ այցելության թույլտվություն՝ իր 70-ամյակը նշելու եւ հարազատների շիրիմներին այցելելու համար: Նախագահականից գրությունը ուղարկվել էր մշակույթի նախարարություն, նախարարի տեղակալ Ա. Պողոսյանն էլ չէր առարկել Վարպետյանի այցին:   

Ահա եւ Ալեքսանդր Վարպետյանը ժամանեց Հայաստան՝ միաժամանակ ենթադրելով, որ կարող են արգելել իր մուտքը եւ հետ ուղարկել: Այդպես էլ եղավ: ԱԱԾ մեր աղբյուրը հայտնեց, որ Վարպետյանը գիտեր ՀՀ մուտք չունենալու մասին: Ըստ այդմ՝ նա «persona non grata» է (անցանկալի անձ) եւ չի կարող մտնել Հայաստան ու հետ է ուղարկվելու:   

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից «Հետքին» փոխանցեցին, որ դեսպանությունը տեղյակ է խնդրից եւ կապի մեջ է Ալեքսանդր Վարպետյանի հետ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:    

Մեկնաբանություններ (9)

Alik
ete mardun hayrenanver gorts katarelu hamar argelum en mtnel ir sepakan hayreniq, apa ichu eq zarmanum erb adrbejanci groxin vtarum en hakaazeriakan ban grelu hamar.
Narek
Edpes el petk a liner. Hancagorcner@ erb vor ishxanutyun@ zavtel en, Erkir@ darel a iranc hor bostan@. Varpetyani nman mardun el ners chen toxnum ................... Tqem dzer namusin....
Վեհարի
Օրենք.` Հային Հայաստան մուտք գործելը արգելողը նույն անձն է ով ցեղասպանություն էր իրականացնում, այդ պատճառով նման հրամանի կամ վարչական ակտի ձևակերպողը պատժվում է գնդակահարությամբ կամ .... Իսկ եթե Վարպետյանը անցանկալի անձ է դարձել իր «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») աշխատության պատճառով ապա այդ դեպքում Նա որպես ՀՀ նախկին քաղաքացի պետք է համարվի քաղբանտարկյալ և ոևպես այդպիսին նրան արգելանք պատճառած չինովնիկները պարտավոր են իրենց գրպանից փոխհատուցեն ՀՀ քաղաքացուն և հասարակությանը պատճառած ահռելի վնասը:
aram
Does religion alter one's DNA? if it does it makes sense(?) not o allow any Armenian into Hayastan who is not a registered member of the Armenian Apostolic Church
Այրարատ
Եթե մի պահ ընդունենք, որ Վարպետյանն իրոք սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը, ապա մարդն իր ոտքով եկել ու ցանկանում է լինել ձեր տեսադաշտում, ապրել ձեր կողմից լիովին վերահսկվող տարածքում, այդպիսով մի քանի անգամ հեշտացնելով ձեր գործը: Ակնհայտ է, որ «սպառնալիք ազգային անվտանգության համար» ձևակերպումն օգտագործվում է անմնացորդ հայրենասերի ՀՀ մուտքն արգելելու և նրա ազգային գաղափարները կասեցնելու անհեռանկար պատճառաբանությամբ: Մեծն Սևակը պիտի լիներ ու ասեր. «Լացս զսպեմ ու ձեր ցավը տանեմ ՁԻԵՐ...»
ara
Uremn vomanq uzum en vor Hoktemberi 27-@ morazvi.
Միայնակ Գայլ
Ալեքսանդր Վարպետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հետյևալ ահազանգը՝ Բարեկամներ, ես հայտնվել եմ Դեյր էլ Զորում այն պայմաններում, որ ինձ են պահում աներևակայելի պայմաններում: հուսամ կենդանի դուրս գալ:
hasmik
amboxj haj azgn e hajtnvac dejr el zorum, Varpetjani miak prkutjuny fransiakan despanatunn e, te che sranq chat vtangavor en
Lara
Bolor nranq, ovqer vor chen toxnum hargarzhan paron Varpetyanin, mianshanak persona non grata» henc irenq en, i vijaki chen haskanalu mardkajin arzheqner@,jerevi chgitenel ov e ajd hanjarex mard@,bajc angir giten ov inch jins kam voski e vajarum... duq inchu cheq gnum???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter