HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ներկրված թռչնամսի մեջ տեստոստերոն հորմոնի անթույլատրելի չափաքանակ է հայտնաբերվել

Սկիզբը

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել՝ սննդամթերքի անվտանգությունը եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու համար: Դիտարկման ժամանակամիջոցում հրամանում նշված 7 անուն ներկրվող թռչնամսի տեսականուց մայրաքաղաքի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում առկա էր երեքը` սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) եւ սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ»: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին է պատկանում եւ սուպերմարկետի տնօրինությունը մեզ խորհուրդ չտվեց այլ տեղ փնտրել մյուս տեսականիները, քանի որ հանրապետությունում թռչնամսի միակ ներկրողը դարձյալ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է:

Նմուշառված թռչնամիսը հանձնվեց փորձաքննության՝ մանրէաբանական, անտիբիոտիկների եւ հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով: Հորմոնալ փորձաքննությունն իրականացնող «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիան ներկայացված 3 տեսակի նմուշներից երկուսում՝ սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX), տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն հայտնաբերեց: Որքան էլ զարմանալի է, սակայն «Պոլիգրիմ» տեսակի հավի ազդրամսում հորմոնների քանակությունը նորմայի սահմանում է եղել:  

Աշխատանքային խումբը, որում, Ծառայության Երեւանի կենտրոնի մասնագետներից բացի, մեր՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության առաջարկով ընդգրկված էին նաեւ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, միաժամանակ պետք է դիտարկեր նշված թռչնամսի պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը: Աշխատանքային խումբը պարզեց նաեւ, որ սառեցրած ճուտ «Ֆրանգոսոլ» (DOUX), սառեցված հավ «Սադիա», սառեցված հավի բուդ «Պոլիգրիմ» արտադրատեսակների պիտակների վրա առկա են նաեւ հայերեն մակնշման անհամապատասխանություններ, իսկ կշռածրարված քառորդ հավերի վրա ընդհանրապես մակնշումը բացակայում էր:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը տեղեկացրեց, որ թույլատրված քանակից բարձր հորմոններն արդեն վտանգավոր են համարվում, եւ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են եւ դրա վերաբերյալ համապատասխան գործողություն են կատարել: Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ» ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները: Արդյունքները դեռեւս հայտնի չեն: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով, Ծառայության պետը միաժամանակ հանձնարական է տվել, որ բոլոր սահմանային անցակետերում այսուհետ «Սադիա» եւ «Ֆրանգոսուլ» (DOUX) հավերի ապրանքատեսակները երկիր ներմուծելիս պարտադիր ենթարկվեն փորձաքննության, որից հետո թույլատրվի ներմուծումը:

«Ներմուծված մյուս խմբաքանակում էլ եթե պարզ դառնա, որ հորմոնների չթույլատրված չափաքանակը կանոնավոր բնույթ է կրում, այս ապրանքատեսակներն արդեն վտանգավոր կճանաչենք եւ ներմուծումը կարգելենք»,- հայտնեց Դավիթ Ղուլյանը:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այդ չէին ստուգում ներկրված թռչնամսի որակի համապատասխանությունը, պրն Ղուլյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարության 1442 –Ն որոշումը ներկրվող ապրանքի համար հիմք է համարում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը եւ ծառայությունը չի կարող անտեսել ուղեկցող փաստաթուղթը: Պրն Ղուլյանին հիշեցրինք, որ Եվրոպան ու Ռուսաստանը հորմոնների անթույլատրելի չափաքանակների պատճառով վաղուց արգելել են ամերիկյան եւ բրազիլական մսի ներկրումը: «Եթե մենք էլ ճանաչենք վտանգավոր, մենք էլ կարգելենք,- եղավ պատասխանը:

Ագրարային համալսարանի անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Խաչատրյանը, մեր խնդրանքով անդրադառնալով ուղեկցող փաստաթղթի հիման վրա ներկրվող սառեցված թռչնամսի վաճառքը թույլատրելուն, հայտնեց, որ մեր երկիրը դրանք Բրազիլիայից, Հնդկաստանից ներկրում է զուտ սերտիֆիկատի հիման վրա, որտեղ մի նախադասությամբ գրվում է, որ հորմոններ չեն օգտագործվել, բայց ոչ մի երաշխիք չունենք, որ այդ կենդանին չի կերակրվել հորմոնալ պրեպարատներով: «Կենդանին նման տեսք չի կարող ունենալ առանց այդ պրեպարատների, բնականաբար, տալիս են համակցված կերեր, որի մեջ նաեւ տեստոստերոն հորմոնն է: Մսամթերքի մեջ հորմոն հասկացություն ընդհանրապես չպետք է լինի»,- հայտնեց Նաիրա Խաչատրյանը:

Անասնաբուժական գիտությունների թեկնածուն նշեց, որ տեստոստերոնը սեռական համակարգի հորմոն է, որը շատ մեծ աճ է տալիս կենդանուն, զարգացնում է մկանային համակարգը, բայց խախտում է օրգանիզմի նյութափոխանակությունը, բացի դրանից, միսն այնքան էլ համեղ չի: «Հորմոնալ սնունդ օգտագործողների մոտ կարող են առաջանալ նյութափոխանակության խանգարումներ, մտավոր խանգարումներ: Հորմոնները մի կողմից կարող են աճ տալ, մյուս կողմից՝ տեստոստերոնը կարող է նպաստել ուռուցքային օջախների զարգացմանը, եթե դրանք կենդանուն տրվի ոչ չափավոր քանակով: Մարդը, եթե հաճախակի սնվի այդ սնունդով, շատ հնարավոր է, որ ինքն էլ հիվանդանա: Մեզ մոտ ուռուցքային հիվանդությունները որտեղի՞ց են այսքան տարածված: Պատճառը սնունդն է՝ հորմոնները, քիմիական նյութերը»,- հայտնեց Նաիրա Խաչատրյանը: Վերջինս նշեց, որ նույնիսկ youtube-ում կան տեսանյութեր, երբ հավին այնքան շատ են հորմոններ տալիս, որ իր քաշը չի կարողանում պահել, եւ ոտքերը կոտրվում են:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը բացատրում է, որ հորմոնները ներզատիչ գեղձերի կողմից արտադրվող նյութեր են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Անասնապահության մեջ հորմոններն օգտագործվում են կենդանիների աճը, կաթնարտադրությունը, մսարտադրությունը խթանելու եւ այլնի համար: Օգտագործվում են հիմնականում իգական (էստրադիոլ), արական (տեստոստերոն) սեռական հորմոններ, ինչպես նաեւ հղիության հորմոնը՝ պրոգեստերոնը: Հորմոնների սահմանային թույլատրելի քանակություններից բարձր պարունակությամբ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող են առաջանալ՝

  • հորմոնային հավասարակշռության խանգարումներ՝ դիսբալանս,
  • կարող են հանգեցնել կրծքագեղձի եւ շագանակագեղձի ուռուցքների առաջացմանը,
  • առաջացնել աուտոիմուն հիվանդություններ՝ ալերգիա, ասթմա եւ այլն,
  • խախտել օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան,
  • հղիության ժամանակ նպաստել պտղի աճի խանգարմանը,
  • հորմոնները հատկապես վտանգավոր են երեխաների եւ դեռահասների համար, երեխաների մոտ կարող են առաջացնել վաղաժամ սեռական հասունացում, մազակալում եւ այլն:  

Մասնագետները մսամթերքում ավելի վտանգավոր են համարում հորմոնների, քան մանրէների առկայությունը: Նշում են, որ հորմոնը ինչպիսի ազդեցություն ունեցել է կենդանու վրա, նույնկերպ կազդի մարդու օրգանիզմի վրա: Ն. Խաչատրյանը ներկայացրեց ամերիկացի մասնագետների կարծիքը, համաձայն որի՝ երեխաներին ընդհանրապես պետք է արգելվի հորմոնալ սնունդ օգտագործելը:

Առողջապահության նախարարության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը օրինակ բերեց Պուերտո Ռիկոյում երեխաների վրա իրականացրած փորձարկումը, որի արդյունքում եզրակացրել են՝ ովքեր շատ են միս գործածում, նրանց մոտ մազակալում, սեռական վաղաժամ հասունացում է տեղի ունենում: Տկն Բաբայանը նշեց, որ հորմոնները փոփոխության են ենթարկում օրգանիզմի ֆունկցիաները, մասնավորապես տեստոստերոն հորմոնը օրգանիզմում արական հորմոնների քանակն է ավելացնում: «Ընդհանրապես ռիսկային խմբերի մոտ՝ երեխաների, հղիների, հետեւանք թողնում է: Հղիների համար վտանգավոր է այն առումով, որ երեխայի մոտ հետագայում հորմոնային խախտումների կարող է հանգեցնել»,- հայտնեց տկն Բաբայանը:

Մարդու օրգանիզմի վրա հորմոնների խիստ բացասական ազդեցությունն ընդգծելով հանդերձ, միաժամանակ մտահոգիչ համարելով «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի տված եզրակացությունը, ըստ որի՝ «Ֆրանգոսուլ» (DOUX) հավի մեջ տեստոստերոնի քանակությունը եղել է 92.041 մգ, «Սադիա» հավի մեջ՝ 66.104 մգ, իսկ Կառավարության որոշումով նվազագույն քանակ է սահմանված 0,03 մգ-ը, տեղացի մասնագետներն, այնուամենայնիվ, խուսափում են խուճապային տրամադրություն ստեղծելուց՝ ասելով, թե ներկրված թռչնամիսը լայն սպառում չունի:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի տվյալներով՝ Հայաստանում վերջին 3-4 տարիներին տարեկան միջին հաշվով 36-37 հազար տոննա թռչնամիս է սպառվում, որից 10-12 հազար տոննան է տեղական արտադրության, որը կազմում է ամբողջ սպառման 20-22%-ը: Մնացածը սառեցված թռչնամսի տեսքով ներկրվում է ԱՄՆ-ից, Բրազիլիայից:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանի բնակչության շրջանում ընդհանուր մահացության կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 48%, իսկ երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են՝ 19.9%: Ուռուցքային հիվանդություններն աճելու միտում ունեն, բացարձակ թվերով 2009թ. հիվանդների քանակը եղել է 50358; 2010-ին՝ 54650, իսկ 2011-ին՝ 57474:

Առհասարակ, «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի լաբորատորիայի փորձաքննության համար ընտրված հորմոնների տեսակի ընտրությունը մասնագիտական վեճի առարկա է: Կառավարության համապատասխան որոշումը, որին հղում է կատարել լաբորատորիան փորձաքննությունն իրականացնելիս, թռչնամսի մասով նշված հորմոնների խմբի մասին ոչինչ չի նախատեսում: «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը պնդում է, որ նշված հորմոնները ստերոիդների խմբի հորմոնների մեջ են մտնում, որի համար նորմատիվ փաստաթուղթը նվազագույն շեմը սահմանել է:

 

շարունակելի

Մեկնաբանություններ (11)

hasmik
Sparox, texakan artadrutjun chunen, sarac, hin, anorak havery berum en, bacum dnum javelajri mej, heto patetavorum, vren grum getmej, araqs kam urich anun u vacharum
Ando
turqy yerazum e vor hayin tunavori, u karces yerazanqy katarvum e, mer yerkrum apror nman tesaki mijocov.
artak
For your information and information of readers, Russia allows import of the US chicken and import Brazilian chicken from selected Brazilian plants. Europan Union allows the import of Brazilian chicken, but EU has a ban on the US chicken as US is using anti-microbial methods in chicken production that are banned in EU. I hope the reader understands the difference between testosterone and anti-microbial methods. LAST BUT NOT LEAST, IF YOU TEST FOR TESTOSTERONE LEVELS THE LOCALY PRODUCED CHICKEN IN ARMENIA, IT IS FOR SURE GOING TO BE HIGHER THAN 0.03 MG PER KG, WHICH IS A VERY-VERY-VERY LOW NUMBER. THE INVESTIGATIVE JOURNALISM HAS TO BE BASED ON TRUTH, and the EDITOR has to check the sources and facts before allowing it to be printed.
hasmik
Artak, erb testosteroni norman 0,03 e, isk laboratoriajum stacel en 92,041 kam 66,104 arden da bavarar e aselu vor Hajastan en nerkrel ejan u anorak trchni mis
Պարենային անվտանգության իրավական փորձագետ
Շատ լավ կլիներ, որ հոդվածը շարադրված լիներ այնպես, որ արտադրողը և սպառողը կարողանային ստանալ հանրամատչելի տեղեկատվություն: Կան բազմաթիվ նկատառումներ, որոնցից նշեմ առաջինը: Նախ հորմոնային ծագում ունեցող նյութերի մնացարդային քանակները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբրի 25-ի 1149 -Ն որոշմամբ և մնացորադային քանակներ չեն սահմանվում, ինչը նշված է հոդվածում, ավելին, հստակ նշված է, որ անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ չի կարելի կիրառել այն կենդանիների նկատմամբ, որոնցից ստցված հումքը և մթերը կարող են օգտագործվել պարենային նպատակով: Նշված 0.03 մգ ցուցանիչը չի վերաբերում մնացորդային քանակին (MRL-maximum residue limit), այլ վերբերում է միայն փորձարկման ընթացքում հաստատված ռեֆերնս մեթոդի LOQ-ին (Level of quantification): Ավելին հորմոնային նյութերը, առաջացնում են ոչ թե սուր թունաբանական, այլ մարդու առողջության հեռահար ռիսկի գնահատում, հետևաբար նման դեպքում թույլատրվում է օգտագործել նախազգուշացման սկզբունը, 178/2002 կարգավորման հոդված 7:
Vardan
Axjikneri achqy luys )))
Gegham
ՀՀ կառավարության 1442 –Ն որոշումը ներկրվող ապրանքի համար հիմք է համարում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը եւ ծառայությունը չի կարող անտեսել ուղեկցող փաստաթուղթը:,,,,,,,Փաստորեն կառավարությունը է Ս.Ալեկսանըանի հետ,,իսկ եռբ մառդիկ ավտոմեքենք են բերում ապա մաքսազերցման ժամանակ մաքսատանը հիմք են ընդունում մեր շուկայական գները,,,,Դե յուրաքանչուր մեքենա բերողը հո չի գնա կառավարություն իր < հարցերը > լուծելու երեվի դա է պատճառը որ մի որոշում էլ էդ հարցում չկա
Էմմա
Զարմանալի է,որ արդեն մի քանի տարի է Հայաստան է ներկրվում անորակ մսամթերք,որի որակական հիմքն է հանդիսանում ուղեկցող փաստաթղթի առկայությունը ու դրա մասին նոր են բարձրաձայնում:Սակայն ապրանքի տեսակի ու գնային ցածր արժեքը պետք է համապատասխան մարմիններին պարտադրեր մինչ ապրանքի իրացնելը ,մսամթերքը հանձնել լաբորատոր ստուգման ՀՀ-ում և դրական արդյունքներից հետո իրացվեր:Հավելեմ ,որ այսօրվա մեր շուկան ողողված է անորակ ապրանքով`սննդամթերքով,դեղորայքով,հիգենայի պարագաներով և այլ ապրանքատեսակներով,որը նույնպես կարող է մարդկանց առողջության ,անգամ մահվան պատճառ լինել:Ինչո՞ւ մինչ այսօր ոչ մի հետազոտում չի անցնում յուրաքանչյուր ներկրված ապրանք ,հատկապես սննդի,դեղորայքի և հիգենայի ապրանքատեսակները :Չեմ կարծում,որ միջազգային մատակարարները հենց այնպես են կազմում`հաշվի չառնելով ապրանքի նման չափի անորակությունը,ինչը կարող է վտանգել սպառողի առողջությանը,անգամ հասցնել մահվան :Քանզի դա կարող է հանգեցնել մեծ չափի տուգանքների,մինչև անգամ քրեական պատասխանատվության:Հետևաբար,կարծիք է ձևավորվում,որ ներկրողը տեղյակ է ապրանքի այդչափ անորակ ու վտանգավոր լինելուն,գիտակցելով հետևանքը,վտանգում է սեփական ժողովրդի կյանքն ու առողջությունը: Կցանկանայի,որ այս խնդիրը մի նպատակ ունենար`կանխվեր անորակ ապրանքի մուտքը Հայաստան,այլ ոչ թէ ուղղված լիներ ներկրողի անձի դեմ`փոխարինելով այն մեկ այլ ներկրողով:
Kevin
If there is one thing Armenia can do that would be a lot better for its citizens than other countries, it is to make its food all natural and organic by law. I believe this is not hard for a small country. I don't understand why poultry needs to be imported into Armenia, it should be the other way around. If all the food and meats in Armenia were organic, it would be yet another selling point for diaspora Armenians to move there. In the US, chicken is not given hormones, but what they eat I believe is not natural, and with hormones, so that's the negative point about chicken unless the label says that the feed was organic. Beef is with hormones, unless it is labeled 'organic' which in that case is three times the price of normal beef, so people normally don't go for organic. In the last few decades, the US has had an obesity problem, and I wonder if it is related to all this processed, unnatural food. It has gotten to the point where companies like Monsanto are taking over and monopolizing the food industry where their seeds, products, etc are all genetically modified, and this probably in the end affects the consumer in ways that is not known yet, one of them becoming obese. I wish the Armenian government wises up and does not allow companies like Monsanto to operate there if they ever come calling.
heros
karch greq te joxovurd@ inch kara uti mnuma asen inqnert dz aceq u kerq
Sparox
Texakan artadrutyun kereq, gone gitenq mern a

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter