HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավտոմատացված սարքերով ծխախոտ վաճառելը դարձել է մոդայիկ, ինչից տուժում են անչափահասները

Բենզա եւ գազալցակայաններում, խանութներում եւ նույնիսկ փողոցում ավտոմատացված համակարգերով` 100-200 դրամի դիմաց փափուկ խաղալիք եւ ծխախոտ խաղարկելը գնալով մասսայական երեւույթ է դառնում:

Օրինակ` Էջմիածին քաղաքի շուկայի եւ հագուստի տոնավաճառի մոտակայքում՝ հենց մայթին տեղակայված է նման ավտոմատ սարքավորում: 100 դրամ գցելով, որպես «խաղի» մասնակից, ցանկացած անձ կարող է այնտեղից ծխախոտ, օծանելիք, շոկոլադ «շահել»:

Դժվար չէ պատկերացնել օրերով, արեւի տակ` ապակիների հետեւում դրված այն շոկոլադի վիճակը, որը պետք է երեխան բախտի բերմամբ «շահի» եւ ուտի:

Ավտոմատ սարքավորման մոտ նույնիսկ հերթեր են գոյանում եւ հերթ կանգնողների մեջ քիչ չեն նաեւ անչափահասները, որոնք ազարտի մեջ ընկնելով փորձում են դպրոցի իրենց ընդմիջման գումարով ծխախոտ դուրս հանել, քանի որ այլ ապրանքն իրենց վայել չէ: Երեխաները նույնիսկ իրարից պարտքով փող են խնդրում «խաղին» մասնակցելու համար:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով արգելվում է` ծխախոտային արտադրատեսակը որպես այլ ապրանքատեսակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձև առաջարկելը: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է` 18 տարին չլրացած անձանց եւ 18 տարին չլրացած անձանց կողմից: Մինչդեռ որոշ վայրերում նշված ավտոմատացված համակարգերն աշխատացնում են նաեւ անչափահասները:

«№ 1 փաստաբանական գրասենյակի» տնօրեն, փաստաբան Կարեն Աղաջանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ամբողջ աշխարհում նման ավտոմատ սարքավորումներն օգտագործվում են միայն փափուկ խաղալիքներ շահելու համար: Սակայն մեր երկրում, չգիտես ինչու, այդ ավտոմատների մեջ սկսեցին լցնել ծխախոտ, որի իրացումը, ըստ էության, որեւէ ավտոմատ սարքավորման միջոցով (առանց վաճառողի) խստիվ արգելվում է, եւ դա կարգավորված է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքով:

«Պետք է նկատենք, որ անկախ նրանից, թե ինչ բնույթ է ներկայացնում ավտոմատացված սարքավորումը, այնումենայնիվ, դա ծխախոտի իրացման հրապարակային վաճառքի ձեւ է, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է գումարը ավտոմատ ներմուծելով այնտեղից հանել ծխախոտ: Օրենքով սահմանված է, որ ծխախոտի վաճառքը թույլատրվում է միայն 18-ից բարձր անձանց, սակայն ավտոմատը թույլ է տալիս, որ առանց որեւէ սահմանափակման՝ անձինք օգտվեն դրանից: Օրենքով սահմանված է, որ եթե ծխախոտի վաճառքով զբաղվող վաճառողի մոտ,  գնորդի արտաքին տվյալներից ելնելով, կասկածներ են առաջանում նրա տարիքի վերաբերյալ, ապա նա կարող է պահանջել ներկայացնելու որեւէ փաստաթուղթ, որից պարզ կլինի գնորդի տարիքը: Ըստ էության, ավտոմատ սարքավորումների մոտ չկա վերահսկող որեւէ պատասխանատու անձ, որը կարող է արգելել անչափահասներին օգտվելու այդ խաղից»,- ասում է փաստաբանը:

Ըստ Կարեն Աղաջանյանի` ծխախոտի իրացմամբ զբաղվող վաճառակետերը պետք է զգուշացում փակցնեն ծխախոտի վնասակարության եւ անչափահասներին այն չվաճառելու մասին, ինչը ավտոմատացված համակարգերի վրա առկա չէ:

«Ծխախոտի իրացման սահմանափակումների վերահսկողությունն իրականացնում է առողջապահության նախարարությունը, որը որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Պետք է հարցին մոտենանք ոչ թե այն տեսանկյունից, որ անչափահասներին արգելենք օգտվել այդ խաղերից այլ ընդհանրապես պետք է բացառենք ավտոմատացված ձեւով ծխախոտի իրացումը»,- ավելացրեց Կարեն Աղաջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter