HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և «Հետքի» գործով դատավարությունը վերսկսվում է

Վանաձորի դատարանում վերսկսվում է քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի, ATV հեռուստաընկերության և «Հետք» շաբաթաթերթի` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Ապրիլի 4-ին սույն գործով նշանակված էր վճռի հրապարակման օր, բայց պատասխանող Լուսինե Աշուղյանի միջնորդությամբ դատավոր Սարգիս Երիցյանը որոշում կայացրեց վերսկսել գործի քննությունը` ապացույցների լրացուցիչ հետազոտման համար:  Դատական նիստը նշանակված է ապրիլի 10-ին`ժամը 16:10-ին:

Սույն գործով դատարավարությունը շարունակվում է արդեն 2 տարի. հայցը ներկայացվել է դեռ 2011 թվականի հուլիսին: Այս ընթացքում դատարանի կազմը 2 անգամ փոխվել է: Պատասխանող Լուսինե Աշուղյանը ինքնաբացարկի միջնորդություններ է ներկայացրել նախորդ 2 դատավորներին` ակնհայտ կողմնակալ և խիստ անբարյացակամ մոտեցումների պատճառով:

Հայցադիմումը վարույթ ընդունած դատավոր Սուրեն Բաղդասարյանը հրաժարվել է սույն գործից` քրեական մասնագիտացմամբ դատավորների կազմում ընդգրկվելու պատճառաբանությամբ: Այնուհետև գործն ընդունվել է Աղասի Մկոյանի վարույթ, որն էլ, բավարարելով իրեն ներկայացված միջնորդությունը, ինքնաբացարկ է հայտնել և զեկուցագիր ներկայացրել քաղաքացիական գործի քննությունը մեկ այլ դատավորի հանձնարարելու մասին:

Այն հանձնարարվել է Սարգիս Երիցյանին, ում վարույթում շարունակվելու է դատաքննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter