HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անհայտ ապագայով վանքը. Սպիտակավոր, 13-14-րդ դարեր (լուսանկար)

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Սպիտակավոր 13-14-րդ դարերի եկեղեցու ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը 2 անգամ (2011 թ. և 2012 թ.) քննարկվել է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում, և սեփականատիրոջը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, առաջարկվել է կատարել մասնակի վերականգնման, ամրակայման կամ ժամանակավոր ծածկի իրականացման աշխատանքներ: Այս մասին «Հետքին» հայտնեցին նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:

2013թ. մարտի 17-ի մեր այցի ժամանակ, սակայն, քառանկյուն հատակագծով, փոքրածավալ Սպիտակավոր եկեղեցին քարուքանդ էր, առանց ժամանակավոր ծածկի, կատարված չէին մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ:

Սպիտակավորը գտնվում են Արագածոտնի թեմում: Հուշարձանը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին անհատույց, անժամկետ օգտագործման է հանձնված ՀՀ կառավարության 2010 թ. հոկտեմբերի 28-ի N 1378-Ն որոշմամբ:

«Համաձայն սահմանված կարգի՝ հուշարձանի սեփականատերն է պարտավոր ապահովել հուշարձանի պահպանությունը և կատարել նրա ամրակայման, նորոգման ու վերականգնման անհրաժեշտ աշխատանքները»,- հայտնեց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը:

Հուշարձանի սեփականատերը՝ Մայր Աթոռ Սբ. էջմիածինը, սակայն, հակառակ կարծիք ունի: «Ցավալի է, որ Մշակույթի նախարարության կողմից շարունակաբար հնչեցվում է հետևյալ արտահայտությունը, թե «հուշարձանի սեփականատերն է պարտավոր ապահովել հուշարձանի պահպանությունը և կատարել նրա ամրակայման, նորոգման ու վերականգնման անհրաժեշտ աշխատանքները»»,- «Հետքին» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա հաղորդմամբ՝ Սպիտակավորի վերաբերյալ Արագածոտնի թեմակալ առաջնորդը դիմել է մշակույթի նախարարություն՝ սրբավայրի «պահպանության ուղղությամբ անհրաժեշտը ձեռնարկելու»:

«Հայրենիքի դարավոր սրբազան ժառանգության պահպանության համար պատասխանատու են ինչպես Մայր Աթոռը, այնպես և հայրենի իշխանությունները: Այս գիտակցությունը պետք է ունենան առավել չափով Մշակույթի նախարարության պաշտոնյաները և ինքնարդարացում չփնտրեն ՀՀ օրենքի մեջ, որովհետև նույն այդ օրենքը պարտավորեցնում է նրանց՝ իբրև պաշտոնյաների, պատասխանատվություն և հոգատարություն ցուցաբերել պատմական այդ սրբավայրերի նկատմամբ»,- հավելեց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Մայր Աթոռն իր ունեցած բոլոր միջոցներով հանդերձ ի վիճակի չէ միայնակ իրականացնել պատմական եկեղեցիների և վանքերի պատշաճ պահպանությունը:

Եվ մինչ մշակույթի նախարարությունն ասում է, որ օրենքով Մայր Աթոռն է «պարտավոր ապահովել հուշարձանի պահպանությունը», իսկ Մայր Աթոռը նախարարությանը խորհուրդ տալիս «ինքնարդարացում չփնտրել ՀՀ օրենքի մեջ», 13-14-րդ դարերի հուշարձանը շարունակում է մնալ քարուքանդ ու լքված:

Սպիտակավորի կողքին թափված են դրանից պոկված քարեր:

Եկեղեցու խորանը ևս քանդված է ու ծածկված հողով:

Խորանին դրված է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մինիստրների խորհրդի պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության ցուցանակը, որն ազդարարում է՝ հուշարձանը «պահպանվում է պետության կողմից»:

Փորագրված խաչեր Սպիտակավորի պատին:

Սպիտակավոր եկեղեցին կառուցված է քարաժայռի ծայրին:

Եկեղեցուց բացվում է գեղեցիկ համայնապատկեր. երևում են Աշտարակ քաղաքը,

հանդիպակաց քարաժայռին կառուցված Սբ. Սարգիս եկեղեցին

և Քասաղ գետն ու գետի վրա 1664 թ. կառուցված եռաթռիչք, տուֆակերտ կամուրջը:

Սպիտակավոր եկեղեցին՝ Քասաղի կամրջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter