HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հիստերիա ադրբեջանական ձեւով

Վերջին մի քանի ամիսները հարուստ էին հայ-ադրբեջանական մարզական դիմակայություններով, որոնցից, որպես կանոն, անպակաս էր քաղաքական ենթատեքստը: Նախ` սեպտեմբերի 8-ին եւ 12-ին չկայացան «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ադրբեջան-Հայաստան եւ Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները, որոնք ամռանը ՈւԵՖԱ-ի գործկոմը անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարեց:

Այդ որոշումից հետո ընդհանուր տպավորությունն այն էր, որ ադրբեջանցիները ոգեւորվեցին ու թեթեւացած շունչ քաշեցին, իսկ մերոնք դժկամությամբ ընդունեցին վճիռը, քանի որ լավ մարզավիճակում գտնվող Հայաստանի հավաքականը Բաքվում ու Երեւանում կարող էր հաղթել մրցակցին (տես`Ոչ-ոքի տարբերակ` հօգուտ Ադրբեջանի): 

Չկայացած հանդիպումներից հետո կրքերը չհանդարտվեցին, քանի որ սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայացավ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ հայ մարզիկները:

Ի ողբերգություն ադրբեջանցիների

Մայիսին ադրբեջանական Day.az-ը հրապարակել էր մի նյութ, որտեղ մեջբերել էր ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի եւ ազատ ոճի ըմբշամարտի վրացի մարզիչներից մեկի (վերջինս ցանկացել էր անհայտ մնալ) զրույցից մի հատված: «Դժվար թե Բաքվում բարձրացվի հայկական դրոշը: Այսօր հայերը չունեն այնպիսի մարզիկներ, որոնք հավակնում են չեմպիոնության. նրանց թիմերի (հունահռոմեական եւ ազատ ոճի) կեսը հպատակագրված կովկասցիներ են: Եթե վերջիններս հեռանկարային լինեին, նրանց, իհարկե, Ռուսաստանի հավաքականից բաց չէին թողնի»,- ասել էր վրացին: 

Վրացի հարեւանի խոսքերից եւ այս տարվա Եվրոպայի առաջնությունում (Սոֆիա) հայ ըմբիշների անհաջող ելույթներից ոգեւորված` ադրբեջանցիներն իրենք իրենց համոզում էին, որ հայերը Բաքվից ձեռնունայն են վերադառնալու: Նույն Day.az-ը գրել էր, որ եթե Սոֆիայում իրենք մեկական ոսկի եւ բրոնզ են նվաճել, ապա հայերը միայն մեկ բրոնզ են շահել, եւ այդ հաջողությանը հասել է ազատոճային Շամիլ Գիտինովը: 

Անշուշտ, եւ՛ վրացի մարզիչը, եւ՛ ադրբեջանցիները չգիտեին կամ էլ մոռացել էին, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2006-ին, Մոսկվայում Ռոման Ամոյանը (55 կգ, հունահռոմ. ոճ) եւ Կարեն Մնացականյանը (60 կգ, հունահռոմ. ոճ) դարձել էին Եվրոպայի չեմպիոններ, Դենիս Ֆորովը (84 կգ, հունահռոմ. ոճ), Ռուսլան Կոկաեւը (74 կգ, ազատ ոճ), Շամիլ Գիտինովը (96 կգ, ազատ ոճ)` փոխչեմպիոններ, իսկ Վադիմ Լալիեւը (84 կգ, ազատ ոճ) եւ Կարինե Շադոյանը (63 կգ, ազատ ոճ)` բրոնզե մեդալակիրներ: Նույն տարվա աշնանը կայացած աշխարհի առաջնությունում (Գուանչժոու) բրոնզե մեդալ նվաճեց Ռուսլան Բասիեւը (120 կգ, ազատ ոճ): 

Փաստորեն, 2006-ից մեր դրոշի տակ հանդես եկող բոլոր լեգեոնականներն էլ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճել են արծաթե կամ բրոնզե մեդալներ: Իսկ վրացի անհայտ մարզչի խոսքերով` մեր լեգեոնականները անհեռանկարային են: 

Ստացվեց այնպես, որ Բաքվում էլ մեդալ նվաճեց Յուրի Պատրիկեեւը (120 կգ, հունահռոմ. ոճ), որը, ի տարբերություն մյուս լեգեոնականների, մեր թիմին դեռ մեդալ չէր բերել: Պատրիկեեւի բրոնզը միակը եղավ Հայաստանի պատվիրակության համար: Ռուս մարզիկը ձեռք բերեց նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր: Մինչ այդ ուղեգիր էր նվաճել նույնպես դասական (հունահռոմ.) ոճի ըմբիշ Արման Ադիկյանը (66 կգ, 5-րդ տեղ): 

Սակայն մինչ այդ ադրբեջանցիները հասցրին ուրախանալ հայ ըմբիշների անհաջողությունների առիթով: Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն Ռոման Ամոյանը վերջին վայրկյաններին գոտեմարտը տանուլ տվեց Եվրոպայի այս տարվա չեմպիոն, ադրբեջանցի Ռովշան Բայրամովին: «Միայն թե ոչ հայը» կարգախոսով առաջնորդվելով` ադրբեջանցիները ոգեւորում էին հայ ըմբիշների մրցակիցներին` սուլելով մերոնց հասցեին, իսկ լրատվամիջոցներն «ավետում» էին մերոնց անհաջողությունները` «Հայ ըմբիշներն աշխարհի առաջնության առաջին օրը մեդալ չեն նվաճել», «Աշխարհի առաջնության երկրորդ օրը հայ ըմբիշները նորից առանց մեդալների մնացին», «Բաքվի աշխարհի առաջնությունում հայ ազատոճայինները չեն նվաճել ոչ մեդալներ, ոչ էլ օլիմպիական ուղեգրեր»...

Ադրբեջանցիների ոգեւորության վրա սառը ջուր լցրեց Յուրի Պատրիկեեւը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտերից մեկում հաղթեց Ադրբեջանի հպատակ Անտոն Բոտեւին, իսկ վճռական մենամարտում, ի ողբերգություն ադրբեջանցիների, գերազանցեց հունգար մարզիկին: Բաքվում 16 տարվա մեջ առաջին անգամ բարձրացվեց ՀՀ դրոշը, չնայած օպերատորներն այդպես էլ կադրից դուրս թողեցին մեր եռագույնը: 

Որքան էլ սա հասկանալի էր, այնուամենայնիվ, առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեի ելույթը, որը մեջբերել է Day.az-ը: Լինելով կազմակերպիչ եւ հյուրընկալող երկրի մարզաշխարհի առաջին դեմքերից մեկը` Հուսեյնզադեն ասաց. «Հայաստանի հավաքականի կազմում միակ մեդալը նվաճել է ռուս մարզիկը: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Հայերը հաջողությունների են հասնում միայն Ռուսաստանի օգնությամբ: Նրանք Ղարաբաղը նույպես ռուսների օգնությամբ են օկուպացրել»: Հետաքրքիր է` ի՞նչ կասեր ադրբեջանցին, եթե մեդալ նվաճեր իրենց քաղաքացի Անտոն Բոտեւը: Վերջինիս մասին Հուսեյնզադեն նշել է. «Դուրս գալով գորգ` մարզիկը պիտի պայքարի` առանց մրցակցին նայելու»:

Հայաստան-Ադրբեջան` 2-2

Հոկտեմբերի 2-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ 19 տարեկան աղջիկների հավաքականները: Նրանց, Ուկրաինայի եւ Շոտլանդիայի մասնակցությամբ խմբային մրցաշարը տեղի ունեցավ Ուկրաինայի Լվով քաղաքում, չնայած նախատեսված էր Բաքվում: Ադրբեջանցիները տղամարդկանց ազգային հավաքականի պես չէին ցանկացել ընդունել մեր աղջիկներին, եւ ՈւԵՖԱ-ն գլխացավանքից խուսափելու համար մրցաշարը տեղափոխել էր Լվով: Հայաստան-Ադրբեջան խաղն ավարտվեց 2-2, այն դեպքում, երբ առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում էին մեր հարեւանները: Սա ադրբեջանցիների համար անհաջողություն էր, քանի որ խաղից առաջ նախապատվությունը տրվում էր նրանց, իսկ նրանք էլ, թերեւս, վստահ էին իրենց հաղթանակին: Երկու թիմերն էլ դուրս մնացին հետագա պայքարից: 

2008-ի սկզբին կայանալու են ֆուտզալի (մինի-ֆուտբոլ) աշխարհի առաջնության ընտրական խաղերը: Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները Չեխիայի եւ Ֆինլանդիայի հետ ընդգրկվել են 6-րդ խմբում: Խաղերը տեղի կունենան Չեխիայում: Վարկանիշով առաջինը տանտերերն են, երկրորդը` ադրբեջանցիները, այնուհետեւ` ֆիններն ու հայերը: 

«Ես հավատում եմ Հայաստանի նկատմամբ հաղթանակին: Մենք նրանց գերազանցում ենք վարկանիշով: Մեր թիմերն ու հավաքականը ուժեղ են թշնամի երկրի ներկայացուցիչներից»,- Day.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ֆուտզալի հավաքականի ավագ մարզիչ Բաբա Ասկերովը, որը չի հավատում խաղի հնարավոր չեղյալ ճանաչմանը, քանի որ այն կայանալու է չեզոք դաշտում:    

«Դուք գիտեք, թե ինչպիսի հիստերիա է բարձրացնում Ադրբեջանը,- գալիք խաղի մասին արտահայտվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:- Նրանք ուղղակի չեն կարողանա տանել այդ պարտությունը: Կարծում եմ` նրանք ուղղակի վախենում են եւ դեռ պատրաստ չեն: Այդ պատճառով էլ չեմ բացառում, որ այդ հանդիպումը չի կայանա. ադրբեջանցիներից ամեն ինչ կարելի է սպասել»:

Ադրբեջանցիները վախենում են Հայաստան գալ

Ադրբեջանցի երիտասարդ շախմատիստները չժամանեցին Երեւան` մասնակցելու մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 3-17): Խնդիրն անվտանգությունն է, չնայած կազմակերպիչները տվել էին անվտանգության բոլոր երաշխիքները: Չեն ժամանել նաեւ թուրքերը: 

Անվտանգության խնդիրների պատճառով սեպտեմբերին չկայացան նաեւ ֆուտբոլային հանդիպումները: Հայկական կողմից բարձր մակարդակով մեր հարեւաններին միշտ էլ տրվել են անվտանգության երաշխիքներ, ինչը չի կարելի ասել նրանց մասին: Բացառություն է միայն ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, երբ մեր մարզիկների անվտանգությունը երաշխավորել էր նախագահ Իլհամ Ալիեւը: 

Հայաստան գալուց խուսափելու երկու պատճառ կարող է լինել: 

Առաջին` ադրբեջանցիներն իսկապես վախենում են ոտք դնել Հայաստան: Սակայն ժամանակ առ ժամանակ Երեւան են ժամանում ադրբեջանցի լրագրողներ, որոնց գործողություններն այնտեղ տարբեր կերպ են ընդունում: Այլ հարց է, որ այդ լրագրողները Երեւանում տեսածն ու լսածը խեղաթյուրված ձեւով են ներկայացնում տարբեր ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչը պետք է որ նրանց հայրենակիցներին դուր գա: Այնուամենայնիվ, մեկ բան է մեկ-երկու հոգով, այլ բան` մի ամբողջ պատվիրակությամբ ժամանելը, ինչից վախենում են հատկապես ադրբեջանցի պաշտոնյաները:

Մասնավորապես այս տարվա փետրվարին ԱՖՖԱ-ի (Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիա) նախկին գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը սեպտեմբերյան հանդիպումների կապակցությամբ «Հայկական ժամանակին» ասել էր. «Ոչ մի երաշխիք չկա, որ օդանավակայանում «Դաշնակցություն» կուսակցության անդամներն ինձ վրա կրակ չեն բացի` նույնիսկ տեսնելով ուրախ եւ ջերմ ընդունելությունը իմ հայ ընկերների կողմից: Այդ ժամանակ ո՞վ պետք է պատասխան տա»: 

Երկրորդ տարբերակն այն է, որ ադրբեջանցիները ցանկանում են միջազգային հանրության աչքին Հայաստանից ավելի լավը երեւալ: Դրա վկայությունն է այն, որ ադրբեջանցի մեկնաբաններից մեկը գրել էր, թե հայ ըմբիշների մուտքն արգելելը սխալ կլիներ: Ըստ լրագրողի`հայերին պետք էր ընդունել եւ ճանապարհել ամենայն պատասխանատվությամբ (ինչն էլ արեցին), որպեսզի իբր միջազգային հանրությունը տեսնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա մեծ տարբերությունը: Փաստորեն, նրանց կողմից այս գաղափարի տրամաբանական շարունակությունն անվտանգության նկատառումներով իրենց շախմատիստներին Երեւան չուղարկելն էր:

Մերոնք Բաքու չեն մեկնի

Հոկտեմբերի 13-14-ը Բաքվում կկայանա ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ կվիճարկվեն նաեւ օլիմպիական ուղեգրեր: Հայ մարզիկները հասկանալի պատճառներով Բաքու չեն մեկնի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter