HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Զրույց Ավագ Եփրեմյանի հետ` զուգահեռ անապատների եւ դրանց տրվածության մասին

Զրույց. Օր 1 

Գիրը հաճա՞խ է ամբողջացնում կենսականորեն կիսատ գործողությունը: 

Երբեք չի ամբողջացնում: Այնուամենայնիվ, գիրը զուգահեռ գործողություն է:

Ուզում եմ հավատալ դրան: 

Այդ դեպքում գիրը ապագայի՞ն է միտված , եթե ամբողջացնելու հնարավորություն չունի... 

Որ ապագայում ի՞նչ անի: Ասում եմ զուգահեռ՝ նկատի ունենալով ինքնաբավը: Գրի ժամանակը մեկն է: Եւ կարծեմ թե, գրով միայն կարելի է ճանաչել ժամանակը կամ ժամանակի էությունը՝ անտրոհելի եւ հավերժական:

Հավերժական՝ մարդո՛ւ պատկերացմամբ: 

«Ու կարծեմ նաեւ համեմատությունների դարաշրջանն ավարտված է»,- գրում եք Դուք...Այդ դեպքում ինչպե՞ս է դա ստացվում միօրինակության մեջ: 

Կյանքն առհասարակ միօրինակ բան է, մեծ հաշվով: Կյանք է եւ վերջ... Համեմատությունները հեռացնելով, ինձ թվաց, թույլ կտայինք իրերին արտահայտվելիս հույսը դնել միայն իրենց վրա... Կամ հակառակ ընթացքը. իրերը, փորձելով դրսեւորվել առավելագույնս, հրաժարվում են համեմատվելուց: Գուցե սա էր մտքումս: 

Այդ դեպքում մա՞րդն է սպառվում, թե՞ սպառողական մարդ տեսակն է զարգանում: 

Սպառվելու մասին… Այո, մարդը սպառվում է, եւ ավելի ճշգրիտ հնարավոր չէ ասել: Գուցե սպառվել է հենց: Առանձին անհատների, գուցե նաեւ խմբերի ջանքն ուրիշ ոլորտում է... 

Այդ ամենի պատճառը գուցե քաղաքակրթության սնուցող խողովակնե՞րն են: 

Խողովակ բառը սրտովս չէ... Բայց այս առիթով որեւէ մտակառույց չեմ ուզում սարքել: Դրանք, այսպես ասենք, հասարակագիտական հարցեր են... Ինձնից դուրս են, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ` մարդը հասարակության մեջ ավելի կառավարելի է: Ուրեմն՝ նրան պետք է ամեն կերպ պահել հասարակության մեջ. ահա սա է արվել միշտ եւ արվում է հիմա... 

Ավագ Եփրեմյանի հետ ունեցած զրույցի միջանկյալ օրերի ֆեյսբուքյան գրառումները 

«Կյանքի շքեղ առանձնատան բոլոր պատուհանները բացվում են դեպի մահվանխորհրդավոր հովիտը»:

«Եթե խիստ կարիք ունեք որեւէ մեկին վիրավորելու, վիրավորեք ինքներդ ձեզ. նախ՝ դուք էլեք որեւէ մեկը, երկրորդ՝ իզուր մի՛ մտածեք, թե արժանի չեք»:

«Քաղաքականությունը սովորեցնում է ապրել, իսկ կրոնը՝ մեռնել: Ինչ-որ բան էն չի, ուրեմն՝հակառակն է ճիշտ. կրոնը ցույց է տալիս ապրելու ուղին, իսկ քաղաքականությունը՝ մեռնելու ճանապարհը... Էս էլ չեղավ: Ինչեւէ… Իսկ մարդուն էլ, գիտենք, ընտրելու հնարավորություն է տրված. ինչքան սիրտն ուզում է,կարող է ընտրել, թեկուզ ամեն օր…»

«Անդրժպիտ Խորհրդային Միության փլուզումից հետո կամաց-կամաց սովորեցինք Այս կողմից նայել.արդեն գիտենք, որ ապրում ենք ոչ թե Անդրկովկասում, այլ Այսրկովկասում եւ ոչ թեանդրշիրիմյան, այլ... Այսրշիրիմյան կյանքով...»:

«Նախադասություններին կփոխարինեն բառակապակցությունները, սրանց՝ բառերը, հետոկգա հնչյունների հերթը, իսկ հնչյուններից մինչեւ մնչյուն ու փնչյուն կես քայլ է: Եւ ոչ մի տարընթերցում...»:

«Բավական «խորամանկ» համակարգ է կյանքը: Մարդու արտադրած կենսական էներգիանսպառողը միշտ դիմացինն է: Կամ՝ կողքինը... Ինքն էլ, իր հերթին, ուրիշինն է սպառում:Այսպես սպառում եւ սպանում ենք իրար՝ հանուն Կյանքի: Մարդու վաղ կամ ուշ հեռանալն ուղիղ համեմատական է նրան սպանողների քանակին»: 

Զրույց. օր 2 

Կարելի՞ է ասել, որ նույնականության մեջ նոր մտքեր են ստեղծվում, թե՞ ուղղակի այդ մտքերի հասանելիությունն է թույլ տալիս կարծել, որ առաջ ենք ընթանում: 

Նոր մտքեր չպիտի ասել, երեւի, կարող են լինել «նոր համադրումներ», գուցե, շատ հազվադեպ, որոնք էլ, իրենց հերթին, սեփական փորձ կարող են նշանակել: Մարդը որեւէ բան չի ստեղծում, մարդը հիշում է. սա սովորել եմ, օրինակ, Պլատոնից, բայց ինքս էլ ահա տեսնում եմ, որ այդպես է: 
Որ ընթանում ենք, կարելի է եւ չվիճարկել, բայց առա՞ջ արդյոք... 

Հիշեցումները չե՞ն վնասում: 

Չհիշեցումները կարգին վնասեցին, հիմա հակառակն եմ փորձում… 

Ստացվում է` մեկ անգամ էլ (եւ գուցե բազմիցս) պտտվել  ի շրջանս յուր. դրանից դուրս անկարելի՞ է: 

Մարդուն ծանոթ հիմնախնդիր է… Կամ շրջան է, կամ բացած շրջան, այսինքն՝ գիծ: Ես էլ եմ վերջինիս՝ գծայինի կողմնակիցը:

Ասում են՝ իրականում պարույր է: Սա ավելի հավանական է:

Կրկնություն՝ բայց տարբեր մակարդակներում: 

Մարդկության ողջ պատմությունն էլ, փաստորեն... Կրկնության մեջ արդյոք մարդը հիմնայնության կորուստ չի ունենումԵրբ թվում է` հիմք է ընդունում անցյալը, պատմությունը, եւ ինքն արդեն արդյունք է…Պարադոքսալ  չի՞ զարգացման տեսանկյունից: 

Փորձեմ պատասխանել ...

Բառերը շատ էին, ջնջեցի, ինչքան կարողացա: Սա մնաց. մարդուն թվում է (չի կարող չթվալ)` որ ինքը նպատակ է: Նման հարցերը ծագում են հենց այստեղից: Մինչդեռ, ես ավելի քան համոզված եմ, դարձյալ՝ որպես մարդ, որ Երկնքին հետաքրքրողը կյանքն է, ոչ թե մարդը, ու ոչ մի պարադոքս էլ չկա, իսկ սրա ապացույցն էլ հենց հիշածդ պատմությունն է, եւ կարեւորագույն այն հանգամանքը, որ մարդը մահկանացու է: Մահկանացու է հանուն կյանքի, որը պիտի պահպանվի ու պահպանվում է ԱՄԵՆ ԳՆՈՎ: Սա արդեն ԳՐԵԹԵ ՀԱՍԿԱՆԱԼԻ է:

Ահա թե որտեղից է գալիս, կարծում եմ, Թումանյանի խոսքը. «Մարդու գործն է միշտ անմահ»...

Մենք չկանք, մենք չպիտի էլ լինենք, պիտի լինի մեր գործը, եթե պիտի լինի. ահա եւ հիմքն ու հիմնայնությունը: 

Ձեր այս թեզին հակառա՞կ են պետությունները, կառավարումը, քաղաքականությունը, սահմաններն ու սահմանումները... 

Չէ, ինչու՞, ամեն բովանդակություն ձեւ է ուզում. դրանք ձեւերն են, դեկորները, ընդամենը:

Ընդ որում՝ մեր ընտրածը կամ հորինածը չեն: Այստեղ ինչ տեսնում ես՝ տրվածություն է:

Զուգահեռ միշտ գոյությոն ունի նաեւ անապատը. սա էլ պետք է հիշել:

Մարդու՝ ընտրելու հնարավորությունն ապահովելու համար...

Թեպետ՝ անապատն էլ տրվածություն է, նույն ներկայացման այլ տեսարան: 

Լուսանկարը ` Մարիամ Ավագյանի

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Շնորհակալ եմ շատ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter