HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մշակույթի նախարարությունը հանձնարարականը Դսեղի համայնքապետի՞ն պետք է տար

Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող 7-րդ դարի քառակող կոթողի պատվանդանը խարխլվել է, որի հետեւանքով կոթողն իր բնական դիրքից կիսով չափ թեքվել է: Չվերականգնելու դեպքում այն գետնին կտապալվի: Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանը երրորդ գրությունն է ուղղում մշակույթի նախարարին՝ խնդրելով «հանձնարարել համապատասխան վարչությանը կազմակերպելու Միջնադարյան քառակող կոթողի ուղղման եւ ամրացման աշխատանքները»:

Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, սակայն, «հանձնարարականն» ուղղում է ոչ թե նախարարության կառույցներին, այլ համայնքի ղեկավարին: Մարտի 6-ին նախարարի տեղակալը պատասխան գրությամբ գործողությունների հերթականնությունն է բացատրել համայնքի ղեկավարին. «Գործընթացն օրենքի պահանջներին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է պատվիրել հուշարձանների վերականգնման ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող որեւէ նախագծային կազմակերպության՝ մշակել եւ սահմանված կարգով նախարարության համաձայնեցմանը ներկայացնել հուշարձանների վերականգնման նախագծային փաստաթղթերի փաթեթը (տեխնիկական վիճակի վերաբերյալ ակտ, նախագծային առաջադրանք, չափագրական-ուսումնասիրական նյութը եւ հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ)»:

«Ես ի՞նչ միջոցներ ունեմ, որ կարողանամ այդպիսի աշխատանք կատարել, իսկ ինչո՞վ են զբաղված մշակույթի նախարարությունում, երբ ինձ են հանձնարարում իրենց աշխատանքը»,- վրդովվում է Դսեղ համայնքի ղեկավարը: Նա նաեւ զարմանում է, թե ինչու են նախարարությունում անտարբերություն դրսեւորում մեր ժողովրդի պատմական ժառանգության նկատմամբ, ինչո՞ւ չեն դրսեւորում այն պատվախնդրությունը, ինչպիսին ժամանակի կառավարիչներն են ունեցել:

Միջնադարյան կոթողը սերունդներին է փոխանցվել մի ուսանելի պատմությամբ. «Արաբների Եզիտ Խալիֆը ոչնչացնում էր այն բոլոր քրիստոնեական կոթողները, որոնց վրա մարդկանց եւ կենդանիների պատկերներ են եղել: Դսեղի խոհեմ իշխանները հասցնում են ջնջել խաչքարի արեւմտյան երեսի մարդկանց, կենդանիների պատկերները, մինչեւ Եզիտ խալիֆը կգար Դսեղ: Խալիֆը ձեռք չի տալիս կոթողին: 7-րդ դարում կառուցված կոթողի ջնջված մակերեսին հետագայում արձանագրություն են փորագրել տվել Մամիկոնյան իշխանները»:

Մշակույթի նախարարին ուղղված գրությամբ ինքներս փորձեցինք պարզել Քառակող կոթողի պատկանելությունը՝ այն հանրապետական, թե՞ տեղական նշանակության հուշարձան է, որից էլ պարզ կդառնար, թե ումն է վերականգնելու պարտավորությունը: Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը տեղեկացնում է, որ Դսեղ գյուղի գերեզմանոցում գտնվող 7-րդ դարի կոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի: «Գերեզմանոցում առկա պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և վերականգնման պատասխանատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է որպես պետության կողմից լիազորված մարմին՝ հուշարձանների պահպանության բնագավառի իր ենթակայության կազմակերպությունների միջոցով»,- հայտնել են «Հետք»-ի հարցմանն ի պատասխան:

Այսինքն, նախարությանը ենթակա կառույց գործակալությունում փաստել են, որ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող Քառակող կոթողի պահպանության և վերականգնման պատասխանատուն մշակույթի նախարարությունն է: Այս պատասխանը ցրեց մեր տարակուսանքը, թե ինչու համայնքի ղեկավարին հանձնարարականներ տալիս տկն Սամուելյանը հղում չէր կատարել օրենքին՝ իր գրությունը համոզիչ դարձնելու համար, այլ բավարարվել էր խորհուրդներ տալով՝ հերթով թվարկելով, թե հուշարձանը վերականգնելու համար ինչ գործողություններ պետք է կատարի:

Քառակող կոթողը Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող միակ հուշարձանը չէ, որ անխնամ վիճակում է: Նույն վայրում բազում անշարժ հուշարձաններ պարզապես քարակույտերի են վերածվել՝ կարծես անփույթ նետված լինեն այս ու այն կողմ, որի պատճառով կորսված է նրանց արժեքը: Թումանյանի տուն-թանգարանի գրառումները փաստում են, որ տարեկան 10 հազար այցելու է ունենում Դսեղը: Գյուղ հասնող զբոսաշրջիկները թանգարանում շրջելուց բացի, բնականաբար, ցանկություն ունեն տեսնելու պատմամշակութային մյուս արժեքները, որոնցով չափազանց հարուստ է Դսեղը՝ մինչեւ 150 անուն հուշարձան: Սակայն այս տեսքով հազիվ թե դրանք ուշադրություն գրավեն:

Անցնող տարում մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը կյանքի կոչելով Դսեղից Երեւան է տեղափոխել երեք անշարժ հուշարձան, որոնք գտնվում էին գյուղի Բարձրաքաշ վանքում՝ խաչքարի բեկոր, արևի ժամացույց եւ եկեղեցու մակետ: Այսինքն այն, ինչն առավել արժեքավոր են համարել եղածների մեջ եւ տեղաշարժելու համար դյուրին՝ տեղափոխել են, իսկ մնացյալն իրենց հետաքրքրության շրջանակում չէ՝ թող հոգ տանի համայնքապետը, եթե նախանձախնդիր է եւ նյութական հնարավորություններ ունի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter