HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը (պարբերաբար լրացվող)

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը: Ազատության հրապարակը բազմամարդ է: Հավաքվածները վանկարկում են՝ «Հայաստան», «Րաֆֆի, նախագահ»:

«Ո՛չ կեղծ երդումներին, ո՛չ կեղծ նախագահներին, ո՛չ կեղծ վեհափառներին»,- հավաքվածներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք այսօր կեղծ երդում չենք տալիս: Մենք տալու ենք միասին Հայաստանի, մեր օրենքի, մեր իրավունքի, մեր Նժդեհի, մեր Լեոնիդի և Մոնթեի, մեր իրավունքի և երեխաների երդումը: Ով հիմա համալիրում Աստվածաշնչի, Սահմանադրության վրա երդում է տալու, թող մտածի հիմա: Աստված մեզ պահապան: Բայց հայ ժողովուրդը հաղթել է, կեցցե՛ Հայաստանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ «մյուս դահլիճում» երևի ծախսել են «մեր փողերից միլիոններ», խորեոգրաֆիա, քաղտեխնոլոգներ...

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Աստված իր լույսն իջեցնում է Հայաստանի, Ազատության հրապարակի վրա, մեր եղբայրների, մեր քույրերի, մեր երեխաների վրա, որ մենք դառնանք արժանապատիվ, հավատացյալ քաղաքացիներ: «Ով ուզում է չլինել հավատացյալ, իր սահմանադրական իրավունքն է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր իրենց ամբողջ կյանքը տվել են հայրենիքին, հավաքվել են այսօր մեր մայրաքաղաքում՝ ասելու համար, որ մեր սերունդը, մեր հայրենիքն ազատված են այս անարդարության ճիրաններից, շղթաներից:

«Աստված մեզ թող առաջնորդի, ինձ, ձեր հայրենակիցը, ձեր եղբայրը, ձեր որդին, Րաֆֆի»,- ասաց նա:

Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «հիմա»:

«Դարձի եկեք, եկեղեցի և պետություն, դարձի եկեք դեպի ժողովուրդ, որովհետև մենք այլևս ձեր ստրուկը չենք, մենք ազատ քաղաքացիներ ենք և գնում ենք հաղթելու համար: Այսօր, Վեհափառ տեր, պարոն Սարգսյան, ձեր բոլոր մանկլավիկներով, մարզպետներով, բոլորով հանդերձ, Աստված մեր ժողովրդին, աստվածատուր մեր հայրենիքին ժամադրել է իր թագավորություն»,- շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հավաքվածները սկսեցին բղավել, երբ լսեցին «մանկլավիկներով, մարզպետներով» արտահայտությունը:

«Կկանգնենք մինչև որ Հայաստանը դառնա ազատ, անկախ, ժողովրդավար: Մեր հայրենիքի համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա զինվորներին կոչ արեց չգալ հրապարակ և կանգնել սահմանի վրա:

Նա ասաց, որ հայրենիքը մերն է, իսկ շղթաներն ու բանտը՝ ձերը, հայ ժողովուրդը 9-10 օր առաջ հարություն առավ:

Հավաքվածները սկսեցին վանկարկել «Րաֆֆի՛, նախագահ»: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց վանկարկել «Հայաստան, ուրիշ ոչինչ, ուրիշ ոչ մի հայրենիք, ուրիշ ոչ մի միասնություն»:

Մարդիկ վանկարկում են՝ «Սերժի՛կ, հեռացիր»:

«Հարգում եմ ձեր տեսակետը, սխալ չեք ասում,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը,- բայց Սերժից, Րաֆֆիից, Ռոբերտից և Լևոնից բացի կա ավելի կարևոր արժեք: Րաֆֆին, Սերժը, Լևոնը, Ռոբերտը ո՞ւմ շունն են, դուք ունեք մի հայրենիք՝ Հայաստան»:

Հավաքվածները վանկարկում են՝ «Միացո՛ւմ», «Րաֆֆի՛, նախագահ», «Հայաստա՛ն»:

«Թքած Րաֆֆու և Սերժի վրա, այսօր հայրենիքն է գալիս, ժողովուրդն է գալիս իշխանության, և միասին ենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա առաջարկեց, որ այսօր բոլոր հայերը կարդան ՀՀ Սահմանադրությունը և հատկապես դրա 1-ին հոդվածը, որում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր արյունը կտա՝ միայն տեսնի ազատ, անկախ, միացյալ հայկական հողը:

«Դուք իմ երազանքի ժողովուրդն եք, ազգն եք, հայ եք, և նաև մեր ազգային փոքրամասնությունները, մեր հալալ քաղաքացիները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ինքն ու ժողովուրդն իրենց կյանքն ապրում են իրար համար:

Նրա խոսքով՝ ժողովուրդը իրեն փետրվարի 18-ին վստահության քվե է տվել ոչ միայն փետրվարի 18-ի, այլև ողջ կյանքի համար, և ինքը ժողովրդին հուսախաբ չի անելու:

Նա ասաց, որ պետք է պայքարել, քանի դեռ կա աղետի գոտի, մինչ բոլորս աշխատավարձ և նորմալ կյանք ունենանք մեր հայրենիքում: Իշխանությունը չպետք է միլիարդատեր դառնա, ընդերքը գողանա: Իսկ ովքեր պատրաստ չեն հայրենիքին ծառայել, «թող ռադը քաշեն գնան Հայաստանից»:

«5 տարի անց, իմ կյանքը վկա, իմ երեխաների, կնոջ, պաշտելի հայրենիքի կյանքը վկա, մենք չենք ապրելու, եթե 5 տարի անց արտագաղթը չդառնա վերադարձ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter