HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց Ազատության հրապարակում հավաքվածների հետ միասին

Ազատության հրապարակում ընթանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը, որի ժամանակ «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ այստեղ չկան Աստվածամոր ավետարան, կեղծիք, սուտ, 30 արծաթ, կեղծ քարոզներ խորանից, ոչ էլ կեղծ ելույթներ նախագահականից, այլ կա հայ ժողովուրդը:

Նա ասաց, որ ով ունի Սահմանադրություն, բարձր պահի: Այնուհետև մաս առ մաս արտաբերեց երդումը, որը հավաքվածները կրկնեցին նրանից հետո.

«Հանուն հավատի և հանրապետության, ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին: Չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին:

Ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ և ես չեմ վախենում և ես չեմ վաճառվում և ես չեմ նահանջում:

Մենք՝ Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք:

Պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք:

Մենք՝ նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և բոլոր հայաստանցիները, որտեղ կան իրավունք, ապագա, կան ընտրված նախագահ, երջանիկ ժողովուրդ:

Այս օրը հեռու չէ, այդ օրը այսօր է»:

Երդվելուց հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «Րաֆֆի, նախագահ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակում կլինեն երգ ու պար, տոնախմբություն, քանի որ սա մեր ազգային միասնությունն է, և հաղթանակը այսօր է: «Ով որ չի գնալու համակարգչի առջև սերիալ նայելու, լինելու է ժամը 6-ին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ չի հետևել երդմնակալության արարողությանը, բայց եթե Սերժ Սարգսյանը երդվել է Աստվածամոր ավետարանի վրա, իսկ Վահափառը օրհնել է, ապա ինքը չի ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վեհափառ հայրապետին, այլ ինքը ճանաչում է Հայաստանի քաղաքացուն:

Այնուհետև նա նշեց, որ ապրիլի 12-ին՝ ժամը 18-ին, հանդես կգա ծրագրային ելույթով, կներկայացնի իրենց թիմը, վստահ է, որ «Բարև Երևան» դաշինքը լինելու է մեծամասնություն, և Երևանում լինելու է նոր իշխանություն:

Հավաքվածներից ոմանք շնորհավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter