HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել երթը (պարբերաբար լրացվող)

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ երթը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում է: Մահակներով և վահաններով զինված ոստիկանությունը մի քանի շերտից կազմված արգելապատնեշ է կազմել, և երթի մասնակիցների ու ոստիկանության միջև լարվածություն կա:

Հենց նոր ոստիկանությունը բարձրախոսով պահանջեց դադարեցնել երթը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը իրավասու է կիրառել «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք երթ են անելու, այնուհետև գնալու են Ծիծեռնակաբերդ:

«Սա մեր փողոցն է, մեր իրավունքն է, մեր Սահմանադրությունն է: Խնդրում եմ ոստիկաններին՝ մեզ ուղեկցեք: Եթե ոչ՝ ապրիլի ինը, ազգային միասնության փոխարեն, ձեր ձեռքով թող լինի ձերբակալությունների, քաղաքական բանտարկյալների օր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ եթե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն իրեն ձերբակալի, ինքը կենթարկվի «այդ անօրեն հրահանգին»:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է Ներսես Նազարյանի հետ: Վերջինս չի համաձայնում, որ երթը շարունակվի:

Երթի մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց է: Ոմանք բղավում են, որ երթի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

19:00

Երթի մասնակիցների և ոստիկանների միջև այս պահին հրմշտոց է: Ընդդիմադիր զանգվածը փորձում է ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրում են վահաններով և մահակներով:

19:06

Երթի մասնակիցները վանկարկում են «Հայաստան»:

19:14

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երթի մասնակիցներին կոչ արեց ոստիկանների հետ կոնտակտի մեջ չմտնել և չենթարկվել սադրանքների:

19:21

Ընդդիմադիրները հավաքված են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ոստիկանությունը շարունակում է արգելափակված պահել Բաղրամյան պողոտան: 

19:30

Շտապօգնության մեքենան դանդաղ ընթացքով մտավ խմբված ցուցարարների մեջ: 

19:34

Ներսես Նազարյանը զրուցում է ցուցարարներից մեկի հետ:

19:39

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բանակցում է ոստիկանների հետ: 

19:49

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ենթադրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն գնացել է Ծիծեռնակաբերդ: Նա ասաց, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացող ժաղովուրդն ապակողմնորոշված է: Նրա խոսքով՝ քանի որ երթն անօրինական է, ոստիկանությունը փակ է պահելու դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհը:

19:58

Հավաքվածներից ոմանք երգում են հայրենասիրական երգեր:

20:00

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտարարեց, որ հավաքի ներկայիս մասնակիցները խախտում են լիազոր մարմնի որոշումը, փորձում են երթը կազմակերպել Բաղրամյան պողոտայում, նման հավաքը այլևս չի կարող համարվել խաղաղ՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: ՀՀ ոստիկանությունը պահանջում է սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու: Հակաիրավական վարքագծի շարունակվելու պարագայում ՀՀ ոստիկանությունը կիրառելու է օրենքներով ոստիկանությունը վերապահված իր բոլոր հնարավորությունները՝ կանխելու մասնակիցների հակաիրավական վարքագիծը, և պատասխանատվության է ենթարկելու «Հավաքների մասին» օրենքը և հասարակական կարգուկանոնը խախտող մարդկանց:

Հավաքվածները Կարեն Մովսիսյանի հայտարարությունն ընդհատում էին սուլոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter