HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինագուրացիայի պերճանքն ու թշվառությունը

Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին երկրորդ անգամ ստանձնեց Հայաստանի Հանրապետության դե յուրե նախագահի պաշտոնը: Սակայն որքան նրա երդմնակալության  արարողությունը տպավորիչ էր` պետականության ողջ սիմվոլիկան իր մեջ ներառելու, ամփոփելու տեսանկյունից, նույնքան էլ խղճուկ էր այն հակասական իրականության համապատկերին, որը շրջապատում էր այդ արարողությունը:

Առաջին անգամ փորձ էր արվել նախագահի պաշտոնամուտը վերածել հստակ արարողակարգի, յուրօրինակ ծեսի, պետական նշանակության կարևորագույն իրադարձության: Նորարարություններից էին թե՛ նախագահի իշխանությունը մարմնավորող գերբի և դրոշի ներմուծումը, հրանոթային համազարկերը` Եռաբլուր կատարած այցի համատեքստում, թե՛ սիմվոլիկ զորահանդեսն ու Սահմանադրության համաձայն՝ Կառավարության հրաժարականի ընդունման հանդիսավոր արարողությունը Նախագահի նստավայրում: Անկախ այն հանգամանքից` ով է ստանձնում երկրի ղեկավարի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, հասարակական ու քաղաքական ինչպիսի պայմաններում, նման ատրիբուտների ներմուծումն առաջին հերթին պատկառանքի ու հպարտության աղբյուր է երկրի` իբրև պետության և այդ պետության քաղաքացին լինելու իրողության տեսանկյունից:

Բայց այս ամենը դեռևս պետականատիրության հում նյութն է, որին փորձ է արվում որոշակի ձև տալ, առայժմ՝ առանց բովանդակության:  Քանի դեռ չկա այդ բովանդակությունը, ինչպիսի ձև էլ այն ընդունի, ինչպիսի ավանդույթներով օժտվի, այն լինելու է ամորֆ, առաձգական ու ընդամենը ներքին դատարկության ծխածածկույթի դեր է կատարելու:

Երդվելուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սա նոր փուլի սկիզբ է: Կարծես անցած 5 տարիները չէին եղել, և այդ տարիներին Հայաստանի նախագահը բոլորովին էլ Սերժ Սարգսյանը չէր: Նման հայտարարություն նա արել է միշտ` գրեթե յուրաքանչյուր հարմար առիթի: Բայց այդ սկիզբն այդպես էլ երբեք չի եկել: Հնարավոր չէ նոր սկզբի մասին խոսել` նախապես հայտարարելով, որ հին, իրեն սպառած թիմը, հետևաբար նաև՝ նրա գործելաոճը, քաղաքականությունը չեն փոխվելու:

Հնարավոր չէ խոսել նոր սկզբի մասին` անուղղակի հայտարարելով, որ երկրում օլիգարխներ չկան, քանի որ նրանց անձնագրերում,  «փաստաթղթերում» գրված չէ, որ օլիգարխ են: Հնարավոր չէ, ի վերջո, խոսել նոր սկզբի մասին` պետական և տեղական ինքնակառավարման համակարգերը վերածելով ընտանեկան ու կաստայական բիզնեսի և ինքնադրսևորման արտոնյալ պայմաններ ապահովել կուսակցական «զավակների» համար:

Սա ոչ թե միայն խոսքի և գործի աններդաշնակության վկայություն է, որն արժեզրկում է հրապարակայնորեն ասված ցանկացած խոսք, տրված ցանկացած խոստում, այլև պատասխանատվության աներկբա ճգնաժամի արտահայտություն է: Երկրի նախագահի խոսքում անցած 5 տարիների համար կրած պատասխանատվությունը բացակայում էր, դրանում չկար այն հանրությունը՝ մեծամասնություն, թե փոքրամասնություն, էական չէ, որն այսօր Ազատության հրապարակում իր դե ֆակտո նախագահին էր օծում` ի հեճուկս Սերժ Սարգսյանի, պետական իշխանության և միջազգային հանրության: Չկային այն պատճառները, որոնք հանգեցրել են Հայաստանի ներկայիս երկվությանը, և որոնք թույլ չտվեցին գոնե մասամբ նեղացնելու իշխանության և հասարակության միջև առաջացած անդունդը, վստահության ճգնաժամը:

Այն ակնարկը, թե իրեն չընտրողների անուղղակի ուղերձը տեղ է հասել` թվում է անհասկանալի: Եթե տեղ հասած լիներ, նախագահական ընտրություններից հետո անցած գրեթե երկու ամիսներին իշխանությունն այդ հանրությանը որևէ բովանդակային կոմպրոմիս կառաջարկեր` չփորձելով շարժումը էժանացնել, նեղացնել պաշտոնակռվի մակարդակի: Այդ պատրաստակամությունը զգալի չէր, որովհետև անցած 5 տարիներին, ինչպես դրանից առաջ անցած 15 տարիներին, իշխանությունը սեփական հանրության հետ միմիայն իր «մուսկուլները» ցուցադրելով ու դրանից հաճույք ստանալով է զբաղված եղել: Նախկինները` բացահայտ, իսկ Սերժ Սարգսյանը` կեղծ ժողովրդավարության վերնաշապիկի թևքի տակից:

Մինչդեռ պետությունը առաջին հերթին հենված է հենց այս երկու ատրիբուտների վրա՝ հասարակական վստահության, պատասխանատվության և քաղաքացիականության վրա: Սրանք են կազմում պետականության և պետականատիրության իրական առանցքը, բովանդակությունը: Դրանց բացակայությունն է, որ Ազատության հրապարակի վանկարկումների ներքո խլացնում է նախագահի ինագուրացիայի հրանոթային համազարկերի ձայնը, իսկ Մարզահամերգային համալիրը վերածում մի յուրօրինակ փակ ամրոցի, որի պատերի ներքո իշխանությունն ինքն իր համար թագադրում է սեփական արքային: Այնպես որ, ինչքան էլ համով է եփվել երդմնակալության այս ճաշը, այն ոչ մի կերպ կուլ չի գնում: 

Մեկնաբանություններ (4)

Gayane
Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝ Հայրենիք մը ունիմ թըշվառ
sam
2 mafiozner tarber uxxutyunneri
hasmik
naxa Agahy hogin caxel e catanajin
ARMEN-
YAQ QEZ SERJIK CHES KAROXANALU MARSES MIEVNUINE 5 TARI EL VOR DZQES DU MIEVNUINE HAYASTANUM TEX CHES UNENALU HAVATATSEQ IM HAY JOXOVURD ATAMNEROV ATOR PAHEL DJVAR TE KAROXANAN ,5 TARI , HANEMHANDEPS ETE PAHEN EL ,AVELI VAT IRENDZ HAMAR .100 TOKS ,CHEQ MARSELU

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter