HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսո պատրիարքարանն անտեսեց հայ համայնքի կրոնական կարիքները

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 

Պոլսո Հայոց պատրիարքարանը վշտացրեց բազմաթիվ հայերի Թուրքիայում և ամբողջ աշխարհում, երբ չկարողացավ Զատկի տոնի առթիվ հոգևորական ուղարկել Տիգրանակերտում (Դիարբեքիր) վերջերս վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ պատարագ մատուցելու համար: 

Սուրբ Կիրակոսը սովորական հայկական եկեղեցի չէ. այն իր յոթ խորաններով և երեք հազար հավատացյալներ ընդունելու կարողությամբ Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: Եկեղեցու զանգակատունն ավերվել է 1915 թվականի մայիսի 28-ին թուրքական հրետանու կողմից, քանի որ այն ավելի բարձր էր, քան մոտակա մզկիթների մինարեթները: Թուրք զինվորները բարձրաստիճան եպիսկոպոսական փոխանորդ Մկրտիչ վարդապետ Չլղաթյանին ստիպեցին հետևել զանգակատան ոչնչացմանը՝ քարշ տալով նրան դեպի նահատակություն: 

Սուրբ Կիրակոսը մինչև 1980-ական թվականները զարմանալիորեն մնացել էր որպես գործող եկեղեցի տեղական քահանայով, որն ամբողջ տարին կանոնավոր եկեղեցական արարողություններ էր կատարում: Երբ Հայոց ցեղասպանության փրկվածների վերջին մի քանի ժառանգները հեռացան քաղաքից, եկեղեցին հայտնվեց անմխիթար և լքված վիճակում: 

Նախկին տիգրանակերտցիները, որոնք վերաբնակվել էին Ստամբուլում, վերջին տարիներին հիմնեցին Սուրբ Կիրակոս հիմնադրամը, որը վերանորոգեց եկեղեցին 3.2 միլիոն դոլար գումարով: Գումարի երկու երրորդը հանգանակեցին Ստամբուլի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հայերը: Մնացած մեկ երրորդը տրամադրեց Դիարբեքիրի քրդական քաղաքային իշխանությունը, որը շատ մեծ աջակցություն է ցուցաբերում տեղի հայկական նախաձեռնություններին:  

Ի տխրություն Սուրբ Կիրակոսի ծխականների, նրանք զրկվեցին Սուրբ Զատկի ժամերգությունից, քանի որ Հայոց պատրիարքարանը տեղեկացրեց, որ չի կարող հոգևորական ուղարկել իրենց եկեղեցում Պատարագ մատուցելու համար: Նրանց ասացին, որ Պատրիարքարանի 23 հոգևորականներից ոչ մեկը չի կարող գալ, քանի որ նրանք պետք է իրենց պարտականությունները կատարեն Ստամբուլում գործող երկու տասնյակից ավելի եկեղեցիներում, սակայն խոստացան, որ քահանան կժամանի Տիգրանակերտ հաջորդ կիրակի՝ Զատկից հետո:  

Սուրբ Կիրակոսի ծխականները մեծապես հիասթափվեցին, քանի որ նրանք վերջերս էին տեղադրել եկեղեցու նոր զանգերը՝ մեծ ծախսերի ու ջանքերի շնորհիվ դրանք ձեռք բերելով Մոսկվայից: Գրեթե 100 տարի անց, Սուրբ Զատկի օրը նրանք ստիպված էին այդ զանգերն առաջին անգամ հնչեցնել առանց ծիսական արարողություն իրականացնող հոգևորականի ներկայության: Այսուհանդերձ, hավատացյալները, եկեղեցու վեհությամբ ներշնչված, մոմեր վառեցին և աղոթք կարդացին՝ տեղի հայոց լեզվի ուսուցիչ Գևորգ Ֆիքրիի աջակցությամբ: 

Չի երևում, որ Հայոց պատրիարքարանը գոնե մտահոգված է Սուրբ Զատկի տոնակատարության առթիվ Տիգրանակերտի եկեղեցի հոգևորական չուղարկելու իր աններելի բացթողման համար, անգամ թուրքական մի շարք թերթերի, այդ թվում՝ «Հյուրիեթի» և «Ռադիկալի» էջերում նրա անընդունելի վարքագծի վերաբերյալ ամոթալի մանրամասներ լայնորեն լուսաբանելուց հետո: 

Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի բացակայության ընթացքում, ով անբուժելի հիվանդության պատճառով մի քանի տարի գտնվում է հիվանդանոցում, Պատրիարքարանի գործերը վարում է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Նա պետք է հոգևորական նշանակեր Տիգրանակերտում ոչ միայն Սուրբ Զատկի օրը, այլ ամբողջ տարին ծառայելու համար: Նա պետք է նաև ամեն տեսակ աջակցություն ցուցաբերի իսլամացած և թրքացած բազմաթիվ հայերի, որոնք վերջերս վերանորոգված եկեղեցի են գալիս մկրտվելու խնդրանքով: 

Էլ ավելի մտահոգիչ է, որ Արամ Սրբազանը մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել սփյուռքահայերի հասցեին, ովքեր Թուրքիայի կառավարությունից պահանջում են Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնել բռնագրավված ավելի քան 2500 հայկական եկեղեցիները: Նա բազմիցս պնդել է, որ Պատրիարքարանը ոչ միջոցներ, և ոչ էլ հոգևորականներ ունի այդ եկեղեցիները վերանորոգելու և գործարկելու համար: Սրբազան Աթեշյանը չի հասկանում, որ առաջին հերթին պետք է ապահովել եկեղեցական կառույցների վերադարձը և հետո միայն մտածել դրանց վերանորոգման մասին: Անկախ այն բանից, Պոլսո պատրիարքարանն ունի այդ միջոցները, թե ոչ, հայ ժողովուրդն իրավունք ունի վերադարձնելու իր եկեղեցիները: Բացի այդ, բռնագրավված հայկական շատ եկեղեցիներին են պատկանում հարակից տարածքներն ու շինությունները, որոնք կարող են անհրաժեշտ եկամուտ ապահովել այդ ծխերը վերանորոգելու և գործարկելու համար: 

Հաշվի առնելով, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ամենևին էլ ոգևորված չէ հայկական եկեղեցիները Պատրիարքարանին վերադարձնելով, զարմանալի չէ, թեև ծագումով լինելով Տիգրանակերտից, նա ոչ մի ջանք չգործադրեց Սուրբ Կիրակոս եկեղեցին Սուրբ Զատկի առթիվ հոգևորականով ապահովելու համար: Հետաքրքիր է, արդյոք նա թուրքական ճնշման է ենթարկվում՝ խոչընդոտելու համար ազգային և կրոնական զարթոնքի նորածին շարժումը Տիգրանակերտի հայերի շրջանակներում: Հակառակ դեպքում, նախապես միջոցառումներ ձեռնարկելով շատ հեշտ կլիներ հոգևորական ուղարկել Ստամբուլից, Հայաստանից, Լիբանանից, Երուսաղեմից, Եվրոպայից կամ նույնիսկ Միացյալ Նահանգներից:  

Շատ ցավալի է, որ իսլամացած և թրքացած հայերը պետք է հակադրվեն Հայոց պատրիարքարանին՝ միաժամանակ պայքարելով Թուրքիայի կառավարության դեմ իրենց էթնիկ և կրոնական արմատներին վերադառնալու և իրենց ոտնահարված իրավունքներն ու բռնազավթված ունեցվածքը վերադարձնելու համար: 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter