HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի նախագահը «շատ էր խնդրում» Զարուհի Փոստանջյանին

Ազգային ժողովի այսօրվա նիստը եւս բուռն սկսվեց: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտ 5 րոպե տեւողությամբ ելույթ ունեցավ:

«Երեկ մենք` ՀՀ քաղաքացիներս, լուծարեցինք մեր կապերը ապօրինի իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ճանաչում կեղծ ղեկավարներին, հայտարարեցինք, որ չենք ենթարկվում սուտ օրենքներին, չենք հնազանդվելու անիրավ հրամաններին, լիազորված ենք իրավունքով եւ պաշտպանված ենք Սահմանադրությամբ եւ չենք վախենում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը դատապարտեց երեկվա բռնի գործողությունները` շնորհավորելով բոլորին, որ մահվան դեպքեր չեղան:

«Սերժ Սարգսյանը լինելով Բաղրամյան 26-ում ինքն իրեն նորից շրջապատեց որոշ մարդկանցով, ըստ էության, գտնվեց բանտախցում»,- ավելացրեց Զ. Փոստանջյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորները անկարգապահ աշակերտների նման սկսեցին տեղից աղմկել, եւ ով ինչ կարողանում, հնչեցնում էր Զարուհի Փոստանջյանի հասցեին:

«Եթե դուք չեք իմանում կապը մարդու իրավունքների հետ, ես դրա համար ցավում եմ: Մենք դեռ իրավական գնահատական չենք տվել մարտի 1-ի դեպքերին, եւ դրան պետք է իրավական գնահատական տրվի: Երեկվա գործողությունները նաեւ այդ գնահատականը չտալու հետեւանքն են»,- դիմելով իրեն ընդհատողներին՝ ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ Զարուհի Փոստանջյանին հորդորեց խոսել մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ. ծրագրի մասին, ինչի համար հերթագրվել էր պատգամավորը, սակայն վերջինս անդրդվելի էր եւ նշեց, որ իր ելույթն ուղիղ կապ ունի մարդու իրավունքների հետ եւ առնչվում է թեմային:

«Խնդրում եմ ըստ էության խոսեք եւ մի վիրավորեք իշխանություններին: Ես զգում եմ, որ Դուք հուզված եք, բայց ըստ էության խոսեք եւ պատգամավորների դժգոհությունը տեղին է»,- ասում էր Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը, դիմելով գործընկերներին, հորդորեց «զինվել համբերությամբ եւ լինել հանդուրժող»:

«Շատ եմ խնդրում՝ վիրավորանքներ, անտեղի խոսակցություններ, քննադատություններ իշխանություններին չի կարելի»,-ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter