HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններ 2013. 3 քրեական գործով դատապարտվել է 5 անձ

ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցված 13 քրեական գործերից 5-ը` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 3 քրեական գործով 5 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել:
 

Մասնավորապես.

- Թիվ 12/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 3 անձանց:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ. Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ. Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաեւ թիվ 12/16 ընտրատեղամասում: 

Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել եւ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել։ Իսկ Ռ. Ղազարյանը, ով հանդիսանում է 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, Գ. Միքայելյանին եւ Հ. Մովսիսյանին գրանցել է եւ թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել էր Գ. Միքայելյանին եւ Հ. Մովսիսյանին հանցավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով և ղեկավարվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, իսկ Ռ. Ղազարյանին հանցավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի` 500 000 դրամի չափով:

Դատարանը նշված երեք անձանց էլ դատապարտել է տուգանքի` Գ. Միքայելյանին եւ Հ. Մովսիսյանին 
600 000-ական, իսկ Ռ. Ղազարյանին` 500 000 դրամի չափով:

- Թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հ. Գլջյանին:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013 թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի: 

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 21.03.2013թ. դատավճռով Հ. Գլջյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի` 600 000 դրամի չափով:

- Թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ «Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հ. Թարվերդյանին:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Արարատի մարզի Նորաշեն գյուղի թիվ 17/31 ընտրատեղամասում Հ. Թարվերդյանը փորձել է քվեարկել նույն գյուղի մեկ այլ բնակչուհի` Ժ. Գեղամյանի անձնագրով:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հ. Թարվերդյանը դատապարտվել է տուգանքի` 500 000 դրամի չափով:

Նշված բոլոր քրեական գործերով մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter