HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Արդի հայ թատրոնը, որոշ բացառություններով, չունի վերաբերմունք սեփական ժամանակի հանդեպ»

Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ս. թ. ապրիլի 10-ից մայիսի 2-ը նախաձեռնում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը՝ «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:

Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր:

Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ:

Այս թեմայով հրավիրված ասուլիսի բանախոսներն էին փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի նախագահ Լևոն Մութաֆյանի խոսքերով՝ այս փառատոնը փորձում է լուծել նաև թատերական ինտեգրման կարևորագույն հարցերը, սփյուռքի հետ կապերը:  

«Այս 6 տարվա ընթացքում փառատոնը որոշակի հարցեր եթե ոչ լուծել, ապա գոնե ուրվագծել է, ուղղություններ ցույց է տվել: Դերասանական կատարողական արվեստը Հայաստանի այսօրվա թատերական կյանքում ահավոր կաղում է: Երբ համեմատում ենք ռուսական կամ եվրոպական թատրոնների դերասանների հետ, տեսնում ենք մեծ տարբերություն. մենք դոփում ենք տեղում: Բոլոր դեպքերում, հանդիսատեսի հետ անմիջական կապը և ազդեցությունը իրականացնում է դերասանը, և եթե մենք չունենք այդ գործիքը, ապա ամենալավ ցանկություններն անգամ կմնան օդի մեջ»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Փառատոնն, ըստ իս, քաղաքի ինտելիգենտ խավի աշխուժացման, քաղաքին փայլ տալուն է կոչված: Հիշում եմ առաջին «Թատրոն-X» փառատոնը, երբ Պատանի հանդիսատեսի թատրոնում մի ներակայացումից հետո դուրս եկանք և թատերագետներից մեկն ասաց՝ այ տեսնում եք, մենք հասնում ենք ինչ-որ իմաստով մեր նպատակին, մարդիկ փողոց դուրս գալիս խոսում են թատրոնից»,- նշեց մասնագիտական հանձնախմբի անդամ Հովհաննես Թեքգյոզյանը:

Փառատոնի նախագահ Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ ընկալողի մակարդակով է պայմանավորված, թե մենք ինչ որակի թատրոն կունենանք: «Հակառակ դեպքում մշակույթը կմնա որպես դեսանտ՝ իջեցված մի միջավայր, որտեղ ընդունակ չեն հասկանալու մշակութային կոդերը, իրողությունները: Ցավոք սրտի, արդի հայ թատրոնը, որոշ բացառություններով, չունի վերաբերմունք սեփական ժամանակի հանդեպ»,- ասաց Խզմալյանը:

Հիշեցնենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 10-ին, ժ. 18.00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որ ժամանակ կկայանա փառատոնի պատմությունը ներկայացնող ֆիլմի շնորհանդեսը:

Փակման արարողությունը՝ մայիսի 2-ին, ժ. 19.00-ին, «Երկաթ» ակումբում:

Մեկնաբանություններ (1)

Սամվել Ավդալյան
Թատրոնը կուշտ հասարակության սպառման ապրանք է, իսկ հայ քաղցած հասարակությունը հացի խնդիր է լուծում: Պետությունը մտավոր տկար երեխայի է նման, նրա՛ն է օգնել պերք, նա ծիծ է ուտում այստեղից-այնտեղից վարկ թռցնելով, վերցնողն էլ գիտի, որ ի՛նքը չի տվողը: Թատրոնը բարձրացնելու համար մեծ տրամաչափի մարդիկ են պետք, իսկ ազգը ընդունակ չէ նման մարդկանց ծնելու: Առայժմ ժողովրդի ճակատագիրը որոշում են ազգի տականքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter