HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Քաղաքային քսանամյա անոմալիա

Անկախության իմ սերնդակիցներին 

Առավոտյան քաղաքում մեծ հերթեր էին գոյացել: Յուրաքանչյուր կրպակի մոտ մարդիկ համբերությամբ սպասում էին հեռուստացույցով քիչ առաջ հայտարարված հրաշալի փոշուն, որի կիրառելիությունը թույլ էր տալու հիշողությունը կորցնելու չափ նստած աթոռին նայելուց հետո այլեւս զարմանալ դրա գոյությունից:

Նրանցից շատերը կրծքանշաներ էին ամրացրել բաճկոններին, եւ չնայած դրանք տարբեր էին ու վկայում էին յուրաքանչյուրի առանձնացումը, բայց այս պահին բոլորին միավորում էր ճերմակ փոշին, որի գոյության մասին իրենք մի հեռավոր ցամաքից լսել էին, բայց երբեք չէին հավատացել իսկությանն ու հասանելիությանը:

Ես զգում էի, թե ինչպես հերթի մեջ կանգնելու հիմար սովորույթից դրդված, սիրտս խփում էր ավելի արագ, քան դիմացիս կանգնած շան սիրտը, որն ուղղակի տոթից լեզուն կախել էր ու սպասում էր տիրոջ կամայականությանը:

Ես կանգնեցի մեկ, երկու, երեք ժամ. արդեն նկատելի էին մի քանիսի ձեռքսեղմումը կրպակի աշխատակցի հետ, երբ ստանում էին համապատասխան փոշու չափաբաժինն ու առանց համբերելու հենց դիմացի նստարանին տեղավորվում ու քաշում են քթի անցքերը:

Այդ սարսափելի եւ պարտադրված ծեսն ինձ անչափ զարյացրեց. սկզբից ես փորձեցի բղավել, որ այս ամենը հիմարություն է, հետո հասկացա, որ այլեւս մեծ տարանջատում կա իմ եւ «նրանց» միջեւ:Ես փորձեցի դուրս գալ շարքից:

Այդ պահին կրպակի աշխատակիցն ասաց, որ մնացել է ընդամնեը տասներեք հոգու չափաբաժին, եւ մի ուժեղ բողոքի ալիք բարձրացավ, ես թափով հրվեցի մի երկուսի կողմից ու ընկա կրպակի առաջ, երբ ոտքի կանգնեցի, ինձնից առաջ դեռ երեքն էլ կային: Ես սպասեցի եւս երկու րոպե ու կտրուկ ասացի աշխատակցին.

-Ես չեմ ուզում այս փոշուց:

Կրպակի աշխատակիցը զարմանքով նայեց դեմքիս, խնդրեց ասել անուն-ազգանունս, բացեց մի լայն ցուցակ ու հայտարարեց, որ ես արդեն երկու անգամ այսօր ստացել եմ համապատասխան դոզան, եւ հենց ինձ էլ փնտրում էին խարդախության եւ շորթության համար:

Ես սկսեցի բարձր ծիծաղել, ու ծիծաղս կամաց փոխվեց հիստերիայի, երբ կրպակի անվտանգության աշխատակիցները դուրս եկան, ոլորեցին ձեռքերս ու ասացին, որ ես պետք է հարցաքննություն անցնեմ:

Ես ինչ-որ տարօրինակ մեծ մեքենայի մեջ էի` կողքիս անվտանգության աշխատակիցները, ու զարմանալիորեն նաեւ այն շունը, ում շունչը կտրվում էր մի քանի րոպե առաջ: Մեր հայացքներն էլի հանդիպեցին. ինձ անզոր էի զգում ու փորձում էի շանն այդ ամենի մասին հասկացնել. նա զարմացած նայում էր դեմքիս, ինչպես զարմացած կույրը կարող է նայել մի առարկայի, եւ երկար տեւողությունից քեզ թվա` նա ամեն բան շատ լավ էլ տեսնում է, ուղղակի խաղում է նյարդերիդ հետ:

Մենք անցանք երկու փողոց, ապա մի նեղ նրբանցք, որից հետո ինձ դուրս բերեցին մեքենայից եւ ասացին, որ պետք է այսքան մասը ոտքով անցնենք:

Ես անսովոր կերպով արագ էի քայլում. ուզում էի որքան հնարավոր է շուտ ավարտվի քաղաքային ոստիկանության հիմար կասկածների այս շղթան, որի մեջ ես որեւէ կերպ մեղավոր լինել չէի կարող: Ճանապարհին փորձում էի մտաբերել օրվա իրադարձությունները. առավոտյան կաթով սուրճ խմեցի (չնայած երբեք էլ նման սովորություն չեմ ունեցել), հետո սկսեցի սափրվել եւ ածելիով վնասեցի աջ այտիս ներքեւի մասը:

Ես ձեռքս տարա այդ կողմ. վերքը դեռ մրմռում էր: Ուրեմն իսկապես այսօր այդպես է եղել:

Այնուհետեւ ես միացրեցի հեռուստացույցն ու սկսեցի թութակիս կերակրել: Լսեցի հայտարարությունը սպիտակ փոշու մասին ու դուրս եկա փողոց համոզվելու, որ այդ հերթերն իսկապես քաղաքում գոյացել են, թե ոչ:

Հերթերից մեկի մեջ հայտնվելով` այլեւս դժվար էր դուրս գալ...Մնացածն արդեն տեղի ունեցավ. ես ձերբակալվեցի երկու անգամ այդ հերթերին մասնակցելու եւ մեկ բաժնից ավելի դոզա ստանալու համար. կատարյալ հիմարություն:

Մենք խոնավ մի սենյակ մտանք. մթության մեջ ես ոչինչ չէի տեսնում: Հրամայեցին ձեռքերս պատին դնել. ես տարօրինակորեն զգում էի այն նույն սենյակի հոտը, որտեղ ապրել եմ մանկությանս ութ տարիները եւ մինչ հիմա էլ տառապում եմ հոդացավերից:

Ծնկներս սկսեցին անբնական մռմռալ: Ես չէի կարողանում դիմադրել. ուզում էի խոսել, բայց ինչ-որ ներքին զսպվածությամբ կատարում էի այն, ինչ հրամայում են: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե այս հրամանները ես արդեն մի քանի անգամ լսել եմ, հետո ինձ ավելի հարազատ թվաց այդ սենյակը, որի մասին պատկերացում ունենալ չէի կարող:

Ես ամբողջությամբ մերկ էի, ու ոտքերս զգում էին կավահողը: Նրանք ինձ առաջնորդեցին եւս երկու քայլ ու աթոռ առաջարկեցին: Հիմա ես շատ լավ էի հասկանում աշխարհի բոլոր կույրերին եւ զգում էի, թե որքան կարեւոր էր ամենահիմար ու աննշմարելի թվացող դրվագները...Ես այդ սարսափելի մութ սենյակում վստահում էի այն երկուսին, որոնք ձեռքերս ոլորել եւ բերել էին այստեղ, ես շան պես զգում էի, որ դա դեռեւս վտանգ չի ներկայացնում, որ նրանք ինձ չեն վնասելու:

Երբ նրանք արեցին իրենց գործը եւ քչփչացին, թե ժամանակն է հեռանալու, ես վախից բռնեցի նրանցից մեկի ազդրը ու սկսեցի աղաչել ինձ չթողնել այդ մթության մեջ:

Նա արհամարհանքով մի կողմ հրեց ինձ ու ասաց, որ գրպանիցս փոշու չորս սրվակ են հայտնաբերել: Ես փորձեցի բացատրել, որ դա թյուրիմացություն է, որ ես առաջին անգամ եմ այդ փոշին տեսել, երբ կանգնած էի իրենց դիմաց` կրպակի մոտ:

Նրանց քայլերը հեռանում էին. ես փորձում էի համոզվել` իսկապես ձայնս դուրս է գալիս, իսկապես նրանք լսում են ինձ...Թե այս ամենն իմ ներսում է կատարվում, եւ ես հրաշալի գիտեմ` որտեղից են այդ սրվակները, ինչպիսի ազդեցություն ունի փոշին, եւ ինչու ես առանց դրա այս քաղաքում ապրել չեմ կարողանում:

Սկսեցի մատներս կրծել զգալու համար, որ դա իմ մարմինն է, որ ես եմ այս իրականության մեջ, որից ոչինչ ինձ տեսանելի չէ, որ ամեն բան այս պահին զգում եմ եւ գիտեմ, որ մերկ եմ, եւ շուրջս խավար է:

Հանկարծ միացան սենյակի չորս անկյուններում դրված ջահերը: Ներս մտավ մայրս.

-Հրաշալի տեսք ունես:

-Մամ, էս ի՞նչ ես անում էստեղ:

Նա մոտ եկավ, սկսեց տնտղել մարմինս. ես գիտեի, որ որոշ հատվածներում փոփոխություններ կգտնի. նա թույլ ժպտաց, առջեւս դրեց ապուրն ու գոգնոցի գրպանից մի սրվակ հանեց:

Ես փորձեցի կանխել նրան, բայց մերկությունիցս ամաչելով` չկարողացա տեղիցս վեր ցատկել, նա ապուրի մեջ սպիտակ փոշի լցրեց ու հեռացավ:

Հանկարծ ես նկատեցի, որ անկյունում ինձ այդքան ճանաչելի հայրական տան բազմոցն է, որի վրա ծուլորեն քնած է մեր միաչքանի սեւ կատուն, իսկ անկյունում` փոքրկ աթոռի մոտ հորս բանվորական սապոգներն ու կոշտ ձեռնոցներն են:

Ես անտանելի քաղց զգացի, բայց ապուրին մոտ չեկա:

Աչքս ընկավ անկյունին.  մի տասնամյա տղա նստած էր աթոռին` մեջքով ինձ հակառակ, ոտքերը կարճ էին եւ գետնին չէին հասնում. նա երեւի խոավությունն անմիջապես չէր զգում:

Տղայի անկյունը գրեթե լուսավորված չէր, եւ ինձ աննկատելի էր գոտկատեղից վերեւ:

Ես ծանր քայլս առաջ գցեցի, մտածեցի, որ այս սարսափելի իրադրության մեջ, որտեղ հայտնվել էի գործողությունների անսպասելի ելքով, միայն նա կարող է օգնության ձեռք մեկնել:

Երեք քայլ եւ ես նրա մոտ կլինեի. նա նույնիսկ չշարժվեց նայելու, թե ով է իրեն մոտենում, ծուլորեն ձեռքն իջեցրեց ներքեւ ու բռնեց աթոռի ոտնակը:Երբ ավելի մոտ եկա, սարսափից ոտքերս քարացան կավահողի մեջ:

Տղան գլուխ չուներ...

Ես սկսեցի արագ վազել մի քանի քառակուսի մետր այդ սենյակում, որի ամեն անկյունից դիմացս ցցվում էին անգլուխ, տարբեր հասակի ուրվականներ:

Նրացից մեկը լրագիր էր պահել ձեռքերում, մյուսը` կոստյումավոր էր եւ հրահանգներ էր արձակում, մյուսը` հեռախոսով խոսում էր մի կնոջ հետ, որի ձայնն ինձ այնքան լսելի, այնքան հարազատ էր:

Ես հուսահատությունից եւ անզորությունից նստեցի սենյակի կենտրոնում: Ոչինչ դուրս չէր գալիս ինձնից.  թվում էր` ամեն բան հակառակի պես խոնավության հետ մտնում է մարմնիս մեջեւ. որտեղի՞ց այդ անգլխանի սրիկաններին իմ հագուստը, հորս բանվորական սապոգներն ու ձեռնոցները, իմ դասասեղանը, եւ վերջապես մայրս, որը տարիներ առաջ կնքել է իր մահկանացուն եւ հիմա քաղաքի հարավ-արեւմտյան գերեզմանոցում թաղված է, ի՞նչ գործ ունի այստեղ:

Ես չգիտեմ` այդ վիճակում մնացի մեկ, երկու, թե երեք ժամ, դռան ճռռոցն ինձ սթափեցրեց:

Ես այլեւս սկսեցի ինքս ինձ չվստահել, որովհետեւ այդ ընթացքում, այդ խելահեղ պտույտի ընթացքում ոչ մի դուռ այդքան բաղձալի ելքի համար չէի հայտնաբերել...Սիրտս նորից սկսեց անբնական թպրտալ. մտածեցի այն երկուսն են, ովքեր ինձ այդ անելանելի վիճակի մեջ էին գցել, բայց միեւնույն ժամանակ, ես նրանցից բացի այլ փրկիչ չունեի....

Ես չէի սխալվում. նրանցից մեկը ներս մտավ: Նախ ուսումնասիրեց շուրջս, գլուխը տարուբերեց ու ներսային մի ափսոսանքով, թե.

-Մենք այդպես էլ գիտեինք, որ Դուք կխոստովանեք, այս երեխայի, կնոջ, ուսանողի եւ դատավորի սպանությունը կատարելու մեջ:

Ես մտածեցի` սենյակում բացի ինձնից եւս մեկը կա, եւ այդ ամենի համար նա մեղադրվում է իրավացիորեն:

Հետո ավելի մի սարսափելի միտք ծակեց -անցավ գլխովս. ես ուզում էի ինձ մեղադրող այդ երիտասարդին վստահեցնել, որ երեւի այդ տղան, որ դասասեղանի մոտ նստած է, ես եմ, որովհետեւ նա նույն բաճկոնն է հագել, նրա ոտքերի մատներն անբնական երկար են, ինչպես իմ մատները, եւ այն ուսանողը ես եմ, որովհետեւ ես էլ ուսանողական տարիներին քայլելով լրագիր էի կարդում, եւ հստակ էր, վերջապես, որ այն տիկինը, ում սպանության մեջ ես մեղադրվում եմ, մայրս է...Գոնե դա ես կարող էի ապացուցել: Այդ պահին միակ փրկությանս ձեւը, կաշիս պահելու միակ փորձը այդ պատմությունը տեղում պատմելն էր. այլ ելք ես չունեի:

Մինչ ես կբացեի բերանս, նրանք բերեցին հագուստս: Ուղեղումս ամեն բան խառվեց. դա իմ աշխատանքային` դատական պարտականությունների իրականացման ժամանակ հագնելիք սեւ լայն կտորն էր ու համապատասխան գլխարկը:

-Այսօրվա դատական նիստին դուք ինքներդ կլինեք ձեր դատավորը,-հայտարարեց նրանցից մեկը,-իսկ մինչ այդ խնդրում եմ ընդունել այս սրվակի չափաբաժինը ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter