HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արտակ Շաքարյան. «Ես շատ ուրախացա, որ Վան-Երևան չվերթը կասեցվեց»

«Ես շատ ուրախացա, որ Վան-Երևան չվերթը կասեցվեց: Չնայած ադրբեջանցիների ճնշման ներքո Վան-Երևան չվերթի կասեցումը ես շատ դրական եմ գնահատում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա համոզմամբ՝ ադրբեջանցիները կրկին սխալ հաշվարկ արեցին:

Եթե չվերթները կայանային, ապա լինելու էին Թուրքիայի հետ Հայաստանի ևս մեկ ժամանակավոր հարաբերություն, որն ապրիլի 24-ի նախօրյակին պարզապես ուժեղացնելու էր Թուրքիայի դիրքերը և հնարավորություն տալու հերթական անգամ ասել ԱՄՆ նախագահ Օբամային. «Տեսա՞ք, որ մենք չենք շրջափակում Հայաստանը: Մենք Ստամբուլ-Երևան չվերթը ունենք, հիմա 2-րդ՝ Վան-Երևան չվերթն ենք բացում: Ի՞նչ շրջափակման մասին է խոսքը, երբ մենք բացում ենք հավելյալ չվերթ»:

«Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ Թուրքիայի կողմից թույլատրել Վան-Երևանը բացվեր, մայիսի 1-ին փակեին, բայց հասցնեին դիվիդենտներ քաղել նախքան ապրիլի 24-ը: Ի ուրախություն մեզ՝ ադրբեջանցիների հիստերիան ավելի ուժեղ էր, ու դա տեղի չունեցավ»,- ասավ Արտակ Շաքարյանը:

Նա չվերթի կասեցումը հայկական կողմի համար դրական է համարում՝ նույնիսկ չնայած թուրքական կողմի այն հավաստիացումներին, թե չվերթը կասեցվել է ոչ թե քաղաքական պատճառներով, այլ տնտեսական հաշվարկների և իրականում եկամտաբեր չլինելու հիման վրա: Երևան-Վան չվերթը տևելու էր 40 րոպե, տոմսն արժենալու էր մոտ 200 դոլար:

Արտակ Շաքարյանը կողմ է, որ Երևան-Վան չվերթը լինի սեզոնային, բայց ոչ ապրիլի 24-ին մոտ օրերին: Եթե չվերթը լիներ, օրինակ, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը, ապա նա բացասական չէր վերաբերվի:

«Կան հայկական խմբեր, ովքեր այցելում են Արևմտյան Հայաստան, և նրանց մոտ հայրենասիրական ավելի մեծ պոռթկում է տեղի ունենում, երբ նրանք տեսնում են քանդված եկեղեցիները, տեսնում են իրենց պապերի քանդված տները կամ այնտեղ բնակվող քրդերին: Ուստի, հայրենատիրություն հասկացությունը եթե մենք ունենք, ապա ի տարբերություն Ստամբուլ այցելողների, Արևմտյան Հայաստան այցելող մարդկանց մեծ մասի հայրենատիրական, հայրենասիրական զգացումները ավելի են աճում»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Անդրադառնալով «Հետքի» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ հենց քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով Թուրքիան մինչև ապրիլի 24-ը որոշի Երևան-Վան չվերթը թույլատրել՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիների ճնշումն այնքան ուժեղ էր, որ թուրքերը գոնե այս տարի չվերթը չեն բացի:

Միաժամանակ Արտակ Շաքարյանն ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ չվերթը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել: Հետաձգելու իմաստն այն է, որ խաղաքարտը մնում է Թուրքիայի ձեռքում. թույլտվությունները կան, ինքնաթիռը կա, և երբ պետք լինի թուրքերին, այդ խաղաքարտը գործի կդնեն: Դա կարող է լինել, օրինակ, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների 4-րդ տարելիցի օրերին՝ հոկտեմբերի 10-ի մոտակայքում, կամ եթե Հայաստանի նախագահը որոշի արձանագրությունները չեղյալ համարել:

«Հայաստանի Հանրապետության ձեռքին կա ընդամենը մի խաղաքարտ՝ արձանագրություններից հրաժարվելը, բայց ոնց որ տեսնում ենք, Թուրքիայի ձեռքում բավականին շատ քարտեր կան: Մեր դիվանագիտական կորպուսի խնդիրն է ոչ թե մտածել ցեղասպանության վերաբերյալ 2-3 ցուցահանդես ավելի շատ անցկացնելու մասին, այլ նման խաղաքարտերը հնարավորինս շատացնելու, որովհետև մենք, ցավոք սրտի, մինչև հիմա միշտ թուրքական խաղաքարտերին արձագանքում ենք»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Մեկնաբանություններ (1)

anny
twice a week there are flights from Erevan to Istanbul but the boarders are still closed for cars between the 2 countries : how logical ?! Stupid system,realy ! We are no longer in Middle age, the politics must act at last ! a.w. from CH, friend of Armenia since 1994

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter