HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ոչ ոք չէր մանրամասնում, թե ինչ օրինական պահանջ ենք խախտել. պատմում է ակտիվիստը

«Ոստիկանները հենց Ազատության հրապարակից սկսեցին սադրանքների դիմել` թե` այս աստիճաններին մի նստեք, գնացեք ուրիշ տեղ նստեք: Նրանք ոչ մի իրավական հիմնավորում չէին բերում: Փորձում էին ամեն ձևով իրավիճակը բարդացնել, տանել բախումների, բայց դա նրանց մոտ չստացվեց»,- ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին այսօրվա ասուլիսի ժամանակ պատմեց բնապահպան-ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

«Հետո, երբ օրվա կեսից մի խումբ մարդիկ իրենց բողոքի ձայնը փորձեցին բարձրացնել, բարձրանալով դեպի Բաղրամյան 26, ոստիկանությունը փակեց բոլոր ճանապարհները,- շարունակում է Գևորգը,- մոտ 30 երիտասարդի դեմ աշխատում էր մի քանի հարյուր ոստիկան: Քանի որ երիտասարդներն ավելի ստեղծագործ ու մտածող էին, այդ ահռելի ոստիկանական բանակը չկարողացավ նրանց դեմն առնել: Երբ երիտասարդները հասան Բաղրամյան 26-ի դիմաց և իրենց բողոքի ակցիան սկսեցին, ոստիկաններն անցան ուժային գործողությունների: Ի դեպ` կային նաև մի շարք ոստիկաններ քաղաքացիական հագուստով, ովքեր չէին ներկայանում ու գործողություններ էին կատարում: Սկսեցին բոլորիս հրել, քաշքշել: Մի փոխգնդապետ անգամ իրեն թույլ տվեց մի աղջկա ձեռքից Սահմանադրությունը վերցնել ու պատռել: Քշեցին տարան Բաղրամյան-Դեմիրճյան անկյունի վրա, փակուղու մեջ գցեցին: Այդ ժամանակ եկավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչ-որ բաներ խոսեց ոստիկանների հետ, հետո հայտարարեց, որ ոստիկաններն իրեն ասել են, որ երիտասարդներն այստեղ կարող են կանգնել և իրենք պատրաստ են պաշտպանել նրանց անվտանգությունը: Անցավ մի որոշ ժամանակ, և ոստիկանական ուժերը սկսեցին մեզ սեղմել: Սեղմեցին դեպի ԱԺ-ի ցանկապատը: Մի շարք երիտասարդներ նստեցին, ու արդեն վտանգ կար նրանց կյանքի և առողջության համար` կարող էին խեղդվել սեղմվելուց: Այնուհետև ոստիկանությունը գնաց այդ ապօրինի ձերբակալություններին` մոտ 20 հոգու տարան: Ոստիկանների կողմից բերման ենթարկվածների հանդեպ սպառնալիքներ, հայհոյանքներ... Այն պարագայում, երբ մենք ոչ մի վատ արարք չէինք արել, օրենքը չէինք խախտել, ոչ մեկին չէինք վիրավորել: Տարան և երեկոյան մեզ բաց թողեցին»:

Գևորգի խոսքերով` իրենց դեմ ներկայացված մեղադրանքը հետևյալն էր` ոստիկանության իրավական պահանջը չկատարելը: «Անձամբ ոչ մի թղթի տակ չեմ ստորագրել, դրա համար ձևակերպումը հստակ չեմ հիշում: Երբ հարցրեցի, թե ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը, ոչ ոք չմանրամասնեց, ուղղակի գրեցին այդպես, որ ոստիկանության օրինական պահանջը մենք չենք կատարել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter