HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ցեղասպանության 100-ամյակի ամենակարևոր աշխատանքը Թուրքիային փոխհատուցման պահանջով դատի տալն է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու մեջ ամենաէական աշխատանքն է պատրաստել միջազգային իրավունքի վրա հիմնված հայցեր և փոխհատուցման պահանջով դատի տալ Թուրքիային: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Արդեն կա մի քանի մասնավոր հայց թուրքական բանկերի դեմ, բայց պետք է ավելի հիմնավորապես անցնել միջազգային իրավունքի հարթություն, քանի որ պատմության մակարդակում հայերն արդեն հաղթել են. հիմնական պատմաբանները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ թուրքերը, որոնք առերես ժխտում են, գիտեն, որ եղել է ցեղասպանություն, քանի որ հայերը դա ապացուցել են:

«Բայց խնդիրն է իրավաբանական լեզվով ապացուցելը, որովհետև, ի վերջո, միջազգային իրավունքն է աշխատելու: Եվ եթե մենք տարածք ենք պահանջելու, դրամ ենք պահանջելու, ապա դա միմիայն իրավունքով պիտի լինի: Ցավոք սրտի, մենք մինչև հիմա հիմնականում պարզապես պատմական հենքով ենք խոսել Ցեղասպանության մասին, և իրավական հիմնավորումները բավականին քիչ են»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Նա կարծում է, որ Հայաստանի պետությունը պետք է «Լույս» հիմնադրամի հետ համատեղ պատրաստի, վերապատրաստի հայաստանցիներից ու սփյուռքահայերից կազմված միջազգային իրավաբանների խումբ, որը կհասցնի մինչև 2015-ի ապրիլը պատրաստել թղթապանակ և իրավաբանական գրոհ գործել Թուրքիայի վրա:

«Այսինքն՝ ոչ միայն կոնկրետ Անկարային դատի տան, այլ, օրինակ, Ստամբուլում այսօր կան շատ մեծ ընկերություններ, ովքեր հայկական տարածքի վրա են գործում՝ առանց համապատասխան թույլտվություն ունենալու. այն ժամանակվանից բռնազավթել են ապօրինաբար, ու մինչև հիմա դա շարունակվում է: Ուստի, կարելի է զանգվածային հարձակում սկսել տարբեր ճակատներով՝ իրավաբանական առումով՝ պահանջելով թե ունեցվածքը, թե փողերը, թե ապահովագրական գույքը, թե նաև տարածքները»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի դեմ հայցերը կարելի է ներկայացնել ոչ թե ՀՀ-ի, այլ անհատների անունից: Կան շատ սփյուռքահայեր ու հայաստանցիներ, ովքեր ունեն ներկայիս Թուրքիայի տարածքում իրենց ունեցած սեփականության վկայանները, ինչպես նաև բանկային հաշիվներ:

Արտակ Շաքարյանն ասաց, որ հայերը 2015-ին կարող են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Միջազգային քրեական դատարան 100 հազար հատ հայց ներկայացնել Թուրքիայի դեմ: Հայցերի նման քանակի դեպքում Թուրքիան կհաշվարկի, թե որն է իրեն ավելի ձեռնտու. պարզապես ճանաչե՞լ Ցեղասպանությունը՝ պայմանով, օրինակ, որ դրամական փոխհատուցում չվճարի, թե՞ մեղադրանքները դատարանում ժխտել:

Թուրքագետի կարծիքով՝ եթե 100 հազար հայցից 10 հազարը պարտվի, միևնույն է՝ այդ պարտությունը որևէ վճռորոշ դեր չի խաղա, քան եթե Երևանը դատի տա Անկարային ու հանկարծ պարտվի: Ուստի, այդ մասնավոր դատերով կարելի է հող նախապատրաստել, իրավաբանական մթնոլորտ շիկացնել, ու երբ գա ճիշտ պահը, Հայաստանի պետությունը Ցեղասպանության փոխհատուցման պահանջով դատի տա Թուրքիային:

Այդպիսի ճիշտ պահ, բանախոսի կարծիքով, կարող է լինել, օրինակ, եթե Իրանի վրա հարձակում լինի, Իրանը բավականին ուժեղ հակահարված տա Թուրքիան, ու Թուրքիան միջազգային շատ վատ դիրքում հայտնվի, կամ երրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Թուրքիան կրկին պարտվող լինի:

Արտակ Շաքարյանը հիշեցրեց, որ հայերն իրենց տարածքներն ազատագրելու հույսեր ունեցել են նմանատիպ դեպքերում. Առաջին համաշխարհային պատերազմում, երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց, Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ Թուրքիան աջակցում էր Գերմանիային, ԽՍՀՄ-ը հաղթեց, և Ստալինը 1945-ին պահանջեց Արևմտյան Հայաստանը: Ուստի, Արտակ Շաքարյանը կարծում է, որ Հայաստանի հաջորդ հնարավոր տարածքային ձեռքբերումը կրկին կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան որևէ պատերազմում ծանր պարտություն կրի:

«Դա առաջիկա տարիներին այդքան էլ իրատեսական չէ, բայց մենք պիտի լինենք պատրաստ: Համաշխարհային պատերազմները շատ պատահական են տեղի ունենում, և եթե ասենք թե 2018-ին Թուրքիան պարտվի, մենք չպիտի սկսենք 2018-ին մտածել՝ «ըհը, պարտվել է, մենք, ցավոք սրտի, պատրաստ չենք, եկեք մի 5 տարի էլ որոշենք, թղթապանակ պատրաստենք, որ սկսենք դիմել»: Մինչև մենք այդ թղթապանակը պատրաստենք, պահը կանցնի: Ուստի խնդիրն է այսօրվանից պատրաստվել Թուրքիայի հնարավոր պարտությանը»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Անդրադառնալով «Հետքի» հարցին, թե Հայաստանի իշխանության հետ շփումներից տպավորություն ունի՞, որ իշխանությունը, իշխող կուսակցությունը մտահոգված եք խնդրով և համամիտ են, որ արդեն պետք է Թուրքիայի դեմ իրավաբանական թղթապանակ պատրաստել՝ Արտակ Շաքարյանն ասաց, որ փորձը և նորությունները ցույց են տալիս, որ ոչ միայն իշխող կուսակցությունը, այլև այլ կուսակցություններ ավելի շատ մտածում են ընտրությունից ընտրություն առաջացող ներքաղաքական հարցերի մասին, ինչ-որ բան ծրագրում են առավելագույնը 1 տարվա կտրվածքով:

«2015-ին մենք կտեսնենք՝ ինչքանով է այսօրվա իշխանությունը 10 տարի առաջ սկսել պլանավորել 2015-ը, թե ընդամենը մի 2 տարի առաջ հիշել է, որ տեղի է ունենալու 2015: Ընդամենը 2 տարի մնաց. մենք լավ կհասկանանք»,- ասաց բանախոսը:

2015-ին ընդառաջ Թուրքիան ու Ադրբեջանը ծախսում են մեծ գումարներ ու դիվանագիտական ներուժ՝ միջազգային տարբեր հարթակներում Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ներկայացնելու համար: Այս գործողությունները, թուրքագետի կանխատեսմամբ, մինչև 2015-ը կահագնանան: Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են հակակշիռ ստեղծել Հայոց ցեղասպանությունը նրանով, որ մինչև 2015-ը «մի քանի բանանային երկիր» Խոջալուի իրադարձությունները ճանաչի որպես «ցեղասպանություն»:

Միաժամանակ թուրքերը, նախապատրաստվելով 2015-ին, նկարահանում են ֆիլմեր 1915-ին «իրենց ունեցած կորուստների» մասին: Նրանք փորձում են աշխարհին ցույց տալ, որ մեծ թվով թուրքեր զոհվել են Դարդանելի և Սարիղամիշի ճակատամարտերում: Փորձում են առաջ տանել իրեն հիմնական թեզը, որ հայերը ոչ թե ցեղասպանության են ենթարկվել, այլ պարզապես հայ-թուրքական բախումների արդյունքում նրանց մեծ մասը զոհվել է:

Թուրքերի վերջին ռազմավարությունն է ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) դեպքերի լայն լուսաբանումը, ներառյալ թուրք դիվանագետների հուշահամալիրներ կառուցելը Թուրքիայում, արտասահմանում, այդ թեմայով ֆիլմ նկարահանելը:

Արտակ Շաքարյանը ցանկանում է, որ Հայաստանը ևս որդեգրի ոչ միայն գրքեր ու հոդվածներ գրելով, այլև ֆիլմեր նկարահանելով աշխատելու մոտեցումը: Նա վստահ է, որ 2015-ին Ցեղասպանության մասին 1-2 հոդված ու գիրք ավելի գրելը, 1-2 ցուցահանդես ավելի կազմակերպելը կամ Սերժ Թանկյանի կողմից «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» համերգի կազմակերպվելը մնայուն ազդեցություն չեն թողնի:

«Ես այդքան էլ լավատես չեմ, թե ինչ ենք անելու 2015-ին: Ժամանակները փոխվել են. գիրք և հոդված հրատարակելով միայն՝ չես հասնի դրան: Լավ կլիներ, որ մենք մինչև 2015-ը հասցնեինք և նկարահանեինք օսկարակիր որևէ մի ֆիլմ Ցեղասպանության մասին, որը չէր պատմի պարզապես Ցեղասպանության մասին որպես տեսություն, այլ կպատմեր մարդկային կյանքերի մասին»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Այս առումով նա դրական է գնահատում Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը: Արխիվը ստեղծում է Ցեղասպանության տարիներին սպանված հայերի անձնական տվյալների էլեկտրոնային շտեմարան, որում ներկայացվելու են հայերի անձնական պատմություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter