HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգայնականությունն ու սեռականությունը արդի հայաստանյան դիսկուրսում

Հայաստանում ԼԳԲՏ[1] մարդկանց իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, եկեղեցի, օրինապահ մարմիններ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, առողջապահական ու կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ և այլն: Գրեթե յուրաքանչյուր տարածք մեր հասարակության մեջ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և բռնության կիրառման վայր է:

ԼԳԲՏ հիմնախնդիրների դիտարկումը կարելի է իրականացնել տարբեր համատեքստերում: Մինչև վերջին ժամանակները ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումները հիմնականում ծավալվում էին միայն այդ անձանց մարդու իրավունքների ոտնահարման շրջանակներում: 2012թ մայիս ամսից սկսած` իրադարձությունները և հասարակական զարգացումները փոխեցին այդ քննարկումների դիսկուրսը: Ս.թ. մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, համարելով DIY ակումբը նույնասեռականների ակումբ, հրկիզեցին այն: Երիտասարդների այս արարքը ողջունեցին մի քանի պատգամավորներ: Նրանց թվում ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը միջնորդեցին և տրամադրեցին գրավը այդ երիտասարդների ազատ արձակման համար: Այս ամենին հաջորդեց մայիսի 21-ին «Բազմազանության» երթի խոչընդոտումը իրենց ազգայնական կոչող մի խումբ երիտասարդների կողմից, որը նախապես այդ խմբի և մի շարք լրատվամիջոցների կողմից ուղղորդված կերպով ներկայացվել էր իբր «գեյ շքերթ» Երևանում: Հատկանշական է, որ այս իրադարձությունները տեղի ունեցան ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում հանրային տարածքի համար պայքարող ակտիվիստների` ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելուց, մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ հարյուրից ավելի տուժածներ իր ետևում թողած փուչիիկների պայթյունի դեպքից և մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո:

Ակումբի հրկիզումը և դրան հաջորդած իրադարձությունները կարծես առաջ բերեցին մի «նոր հիմնախնդիր» մեր հասարակության մեջ: Անհրաժեշտ է քննարկել այս արհեստածին բախումը և թե ինչ նշանակություն ունի դա իշխանության կողմից տարվող քաղաքականության մակարդակում: Հարց է առաջանում, թե ինչպես է ազգայնականների և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստների միջև բախումն օգտագործվում պետության իշխանությունը հաստատելու, պահպանելու և այն գործի դնելու համար: Այս բախումը կարող ենք համարել ենթադրյալ, որովհետև շատերի, այդ թվում որոշ ակտիվիստների կողմից ենթադրվում է, որ ազգայնականները և ԼԳԲՏ մարդիկ ու նրանց իրավունքների ջատագովները մեկը մյուսին ընկալում են որպես հակառակորդ: Սա, իհարկե, որոշ չափով ճշմարիտ է, բայց իրականում առկա իրավիճակի խիստ հատվածական պատկերումն է: Եթե ​տեղի ունեցած իրադարձություններն ավելի համընդգրկուն կերպով վերլուծենք և անցնող տարվա մանրամասների և  կոնկրետ դրվագների վերլուծություն իրականացնենք, ապա պարզ կդառնա, որ խնդրի արմատն ազգայնական կազմակերպությունները կամ ԼԳԲՏ մարդկանց դեմ իրենց տարած աշխատանքը չէ բնավ: Այս կազմակերպությունները կարող են դիտարկվել որպես գործիքներ, մեխանիզմների գործող շղթայի մի մասնիկ, որոնք ուղղված են հանրային ոլորտում ամրապնդելու իշխանական դիսկուրսները: Ավելին, ԼԳԲՏ հիմնախնդիրները երբևէ նման օրակարգով մեր հասարակության մեջ գոյություն չեն ունեցել, և սա խնդրի արհեստական սրման արդյունք է: Ազգայանական ուժերի օգտագործմամբ ԼԳԲՏ հիմնախնդիրների շահարկումը հանդիսանում է այն մեխանիզմներից մեկը, որով ներկայիս իշխանությունը ապահովում է հասարակական մոբիլիզացիա, որն էլ բնականաբար օգտագործվում է իշխանության հաստատման և պահպանման համար:

Համաձայն քաղաքական տեսաբան Անտոնիո Գրամշիի «Գերիշխանության տեսության»` մարդ արարածը կառավարվում է ոչ միայն ուժով, ինչպիսիք են, օրինակ, ոստիկանությունը կամ բանտարկվելու վտանգը, այլ նաև մեծապես այն գաղափարներով, որոնք լայնորեն տարածված և ներկայացված են իբրև բնական (Գրամշի 1971): Այն գաղափարախոսությունը, որ Հայաստանը մեկ ազգի պետություն է, ինչպես նաև այն, որ բարոյականությունը վեր է դասվում իրավունքներից, հանդիսանում է այս նոր աճող ալիքի գաղափարախոսությունը, որը առաջ է տարվում ներկայիս իշխանությունների կողմից և վայելում է վերջինիս հովանավորությունը և աջակցությունը: Ստացվում է, որ ներքևի մակարդակում այսպես կոչված ազգայնական կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքը հանդիսանում է իշխանական ծրագրի մաս` գործիք, որի միջոցով պետական մարմինները վերարտադրում են իրենց իշխանությունը: Երբ ԱԺ պատգամավորները տրամադրեցին գրավը քրեապես պատժելի հանցանք կատարած երիտասարդներին ազատ արձակելու դիմաց, երբ տարբեր պատգամավորների կողմից հնչեցին այդ երիտասարդների արարքը արդարացնող և խրախուսող ելույթներ, ազգայանական գաղափարները դարձան ոչ միայն ինչ-որ կազմակերպությունների կամ անհատների տեսակետներ, այլև գերիշխանության պետական դիսկուրսի մաս: 

 Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու հենց սեռական փոքրամասնությունների հարցն է շահարկվում իշխանական ուժերի կողմից վերոնշյալ հասարակական մոբիլիզացիան ապահովելու համար: Պատասխանը պարզ է, քանի որ մեր հասարակության մեջ գոյություն չունի մեկ այլ թեմա, որն այսքան նուրբ է, այսքան տաբուացված, և որի շուրջ հանրությունն այսքան միակարծիք է: Այս խմբի անձանց հետ կապված շահարկումները արդյունավետ օգտագործվում են իշխանության համար վտանգավոր հիմնախնդիրներից հասարակության ուշադրության շեղման համար: ԼԳԲՏ անձիք դարձան թշնամու հավաքական կերպար մեր հասարակության համար: Իշխանության հաստատման այս ռազմավարությունը ֆրանսիացի տեսաբան Միշել Ֆուկոն կոչում է կենսաիշխանություն: Շատ անձնական, ինտիմ (ինչպիսին է սեռականությունը) հասկացությունների օգտագործման միջոցով իրականացվում է մոբիլիզացիա ոչ միայն հանրային ոլորտում հանրային կյանքի վերահսկողություն իրականացնելու համար, այլ նաև ներխուժելու մարդկանց մասնավոր կյանք (Ֆուկո, 1990): Սեռականությունը մեծամասամբ ընկալվում է որպես անձնական և մասնավոր կյանքի մաս: Դրա մասին առկա տաբուների շահարկումը օգտագործվում է հանրային մոբիլիզացիա ապահովելու համար, հանրային հոգեբանության միջոցով կառավարվում է հանրության մեջ պետության մասին ընկալումները: Սեռականությունը, որը ենթադրվում է, որ տեղ չունի հանրային կյանքում, շահարկվում է հասարակության մեծամասնության աջակցությունը ձեռք բերելու համար:

2011 թ-ին «Հանրային տեղեկավություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնն իրականացրել են «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը» սոցիոլոգիական հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, համաձայն որի հանրության 72.1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Իշխանությունները, որոնք քաջատեղյակ են այս իրականությանը, ձեռք են բերում հանրային աջակցություն` տեղակայելով իրենց անհանդուրժողականության այս ենթատեքստում, կենտրոնացնելով հանրության ուշադրությունը այս հեշտորեն շահարկելի հիմնախնդրի վրա, որպեսզի շեղեն ֆոկուսը այնպիսի հիմնախնդիրներից, որոնք կարող են սահմանափակել իրենց իշխանությունը: Երբ հանրային ուշադրությունը սևեռված է ԼԳԲՏ հիմնախնդրի վրա, երաշխավորված է, որ իշխանությունը կկարողանա շեղել հանրային դիսկուրսի թեմաները և տանել իր համար շահավետ ուղղությամբ: Հատկանշական է այն հանգամանքը, որ սա իշխանության կողմից որդեգրված նոր տեխնիկա չէ: Ընդ որում, շահարկման թիրախը կարող է փոխվել, օր` մինչ ԼԳԲՏ թեմայի շահարկումը հանրային գիտակցության կառավարման համար ակտուալացվում էր կրոնական փոքրամասնությունների թեման: Ինչպես արդեն նշվեց, սեռականությունը մեր հասարակությունում հիմնական տաբուացված թեման է: Սակայն Առաքելական եկեղեցուն չհարող յուրաքանչյուր այլ ուղղություն և դրան առնչվող իրադարձությունները` այլակարծությունն ու այլադավանությունը,  ևս տաբուների շարքին են դասվում: Մեզ կարող է թվալ, որ այս թեման այնպիսին է, որ անհանգստացնում է միայն ազգայանակններին, սակայն այստեղ հարց է ծագում, թե ինչու են կրոնական փոքրամասնությունները ԶԼՄ-ների միջոցով ներկայացվում հրեշավորի կերպարի տեսքով, ինչու են նրանք համեմատվում թշնամիների հետ, և ինչպես են նրանք, ովքեր լծակներ ունեն ԶԼՄ-ներում օգուտ քաղում այս ամենից: Ֆուկոյի կենսաիշխանության տեսության շրջանակներում կրոնը իրենից ներկայացնում է համախմբող ուժ, մինչդեռ ժամանակակից պետություններում ենթադրաբար կրոնը անձի «ազատ ընտրությունն» է: Այսպիսով, կրոնի միջոցով մարդկանց մոբիլիզացիան հնարավոր է դառնում իրագործել այն պատճառով, որ այն կարծվում է ինտիմ և խիստ անձնական, սակայն հանրության մակարդակով քաղաքականացված հարց:

Ինչպես նշում է Ումբերտո Էկոն, ժողովրդավարության պայմաններում անձը օգտվում է քաղաքացիական իրավունքներից, քաղաքացիները հնարավորություն ունեն իրականացնելու իրենց քաղաքական իրավունքները, որտեղ մեծամասնությունն է կայացնում որոշումներ որակական հիմքի առկայության դեպքում (2): Ուռ-ֆաշիզմի[2] մոտեցմամբ անձը իրավունքներ չունի, և ժողովուրդը համընդհանուր կամք արտահայտողի դերում է: Քանի որ մարդկային արարածների քանակությունը իրականում չի կարող ունենալ ընդհանուր կամք, առաջնորդը հավակնում է ներկայցնել այն բոլորի անունից: Ուսումնասիրելով այն, թե ինչպես են օգտագործվում ԶԼՄ-ները` թեժացնելու այս կամ այն հիմնախնդիրը, ձևավորելու թշնամու հավաքական կերպար, դրա դեմ պայքարող մոբիլզացված հանրույթներ, հանգում ենք այն եզրակացության, որ դա Էկոյի կողմից քննարկված ուռ-ֆաշիզմում տեղ գտած որակական պոպուլիզմն է, որի հեռանկարը մեր օրերում հեռուստատեսության և ինտերնետային ցանցերի միջոցով առանձին վերցված քաղաքացիների խմբի էմոցիոնալ արձագանաքները որպես «ժողովրդի կարծիք» ներկայացնելն է:

Վերադառնալով հետընտրական շրջանին` մենք կարող ենք դիտարկել, որ այդ ժամանակահատվածում մի քանի ամիս շարունակ գրեթե ոչ մի այլ հարց չքննարկվեց ընդհանուր լրահոսում և հասարակության մեջ, բացի հայ ազգի ինքնության պահպանության համար ԼԳԲՏ անձանց դեմ պայքարելու հիմնախնդրից: Այդ ժամանակաշրջանի համար տրամաբական և բնական համարվող այլ հարցերը չքացան օրակարգից: Սոցիալական և տնտեսական ծանր պայմաններում գտվող երկրում հասարակությանը կարելի է մոբիլիզացնել` նրա առաջ թշնամու կերպար ստեղծելով: Թշնամու այս կերպարը թրծվում է դավադրության տեսության միջոցով: Այն է` արևմտյան բարքերը և ուժերը ջանք չեն խնայում ոչնչացնելու հայի ինքնությունը և նրանց գործիքներից մեկը հենց նույնասեռականության տարածումն է մեր երկրում: Որքան ավելի շատ է քննարկվում միջազգային անհայտ ուժերի ներգրավվածությունը «հայաոչնչացման» այս գործընթացին, այնքան ավելի մեծ ազդեցություն է գործում այն և ավելի հեշտ է դառնում ազգայանական խմբերի օգտագործումը այդ թշնամու դեմ պայքարելու համար: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ նման ագրեսիվ արձագանք չստացավ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Ե. Կովալենկոյի հայտարարությունը. «Հենց Ռուսաստանը, ինչպես ոչ մեկ անգամ է եղել պատմության ընթացքում, հանդես է եկել Հայաստանի անվտանգության, նրա ինքնության երաշխավորի դերում և այժմ էլ գտնվում է իր դաշնակցի կողքին» (2): Փաստորեն մեկ այլ պետության ներկայացուցիչը  նշում է, որ իր կողմից ներկայացվող պետությունն է հանդես գալիս հայերի ինքնության պահպանության երաշխավորի դերում, մինչդեռ ազգայանական խմբերի կողմից այս հայտարարությունը որևէ արձագանք չունեցով, չարժանացավ քննադատության և չորակվեց իբրև Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող դատողություն:

Կենսաիշխանության այս պրակտիկան, որտեղ պետությունը մոբիլիզացնում է հասարկությանը, սեռականության շուրջ անհանգստություններ հրահրելով, կիրառվում է նաև այլ հետխորհրդային երկրներում: Ռուսաստանում մարտին կայացած նախագահական ընտրություններից հետո Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընդունվեց օրենք` ըստ որի արգելվում է իրականացնել «նույնասեռականության քարոզչություն»: Ռուսաստանյան մի շարք ակտիվիստներ նշում են, որ սա Ռուսաստանում իշխանության ավելի լայն նախաձեռնության մի մասն է, որը աջակցություն է ստանում Օրթոդոքս եկեղեցու կողմից և որի նպատակն է պայքարել հասարակական բողոքի դրսևորումների, քաղաքացիական ակտիվության և հասարակության լիբերալացման դեմ: Յուրի Գավրիկովը, որ ներկայացնում է Սանկտ-Պետերբուրգում գործող նույնասեռականների «Հավասարություն» խումբը, նշում է, որ այսպես Ռուսաստանը սահմանափակում է խոսքի և հավաքների ազատությունը` թիրախավորելով ցանկացած խումբ, որը պայքարում է իր իրավունքների համար (Էլդեր 2012): Այստեղ կարելի է մեջբերել Կագարլիցկուն (2006), ով պնդում է, որ ֆաշիզմը որպես գաղափարախոսություն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հնարավոր է հազարավոր մարդկանց շրջանում ստեղծել պատրանք, որ իրենց սոցիալական հիմնախնդիրները կարող են լուծվել` ազգային նախապաշարմունքներին ենթարկվելով:

Հաջորդ հիմնախնդիրը ԼԳԲՏ թեմայի շուրջ ծագեց այն ժամանակ, երբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Գերմանիայի դեսպանատունը նախաձեռնեցին սերբական «Պարադա» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Սերբիայում նույնասեռականների շքերթի կազմակերպման ընթացքում ԼԳԲՏ և ազգայանական խմբերի միջև տեղի ունեցած բախման մասին: Այս ֆիլմի ցուցադրությունը խափանվեց, քանի որ բոլոր այն վայրերը, որոնք նախապես համաձայնություն էին տվել հյուրընկալել ֆիլմի ցուցադրությունը, հրաժարվեցին արդեն հայտնի ազգայնական խմբերի կողմից բարձրացված բողոքի ալիքի արդյունքում: Այստեղ հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ Կոնգրես հյուրանոցը, որը հանդիսանում է միջազգային հյուրանոցների ցանցի մաս, ևս հրաժարվեց այս միջոցառման համար տարածք տրամադրել` չնայած նախնական համաձայնության և այն պարագայում, որ այս հյուրանոցի վրա հանրային ճնշում չէր գործադրվել: Նրանց հրաժարվելու պատճառը այդպես էլ անհասկանալի մնաց: Անարձագանք մնաց նաև տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը` ուղղված ՀՀ կառավարությանը` կատարելու պետության կողմից ստանձնած իր միջազգային պարտավորությունները և տրամադրելու տարածք ֆիլմի ցուցադրության համար: Այստեղ ևս ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ թե հանրության մի մասի բացասական վերաբերմունքն է ԼԳԲՏ անձանց նկատմամբ, այլ իշխանության քաղաքական կամքի բացակայությունը և այս հարցի նպատակային շահարկումը: Այսպիսով ԼԳԲՏ հարցերի քննարկումը խնդիր է հանդիսանում ոչ միայն իրավապաշտպանների, ակտիվիստների և ընդհանրապես ցանկացած մարդու համար, ով կողմ է այս խմբի մարդկանց իրավունքների պաշտպանությանը, այլ նաև միջազգային կազմակերպությունների համար, որոնք անգամ տարածք չեն կարողանում գտնել ֆիլմի ցուցադրություն կազմակերպելու համար: Սա պետք է հանդիսանա ցուցանիշ բոլոր այն կառույցների համար, որոնք պետությանը տրամադրում են տարատեսակ, այդ թվում ֆինանսական աջակցություն, Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար և դրդի նրանց` պատշաճ կերպով վերահսկելու պետության կողմից իր պարտավորությունների կատարումը, այլապես միջազգային կառույցների գործունեությունը կարելի է որակել որպես անհետևողկան և ոչ արդյունավետ:

Ազգայնականությանը և սեռական փոքրամասնություններին առնչվող հիմնախնդիրներին անդրադառնալիս հարկ է ճիշտ շեշտադրումներ կատարել և խնդիրը չդիտարկել հասարակության երկու խմբերի միջև արհեստականորեն ստեղծված հակամարտության մակարդակով, այլ այն քննարկել պետության վարած քաղաքականության շրջանակներում:

Ավելին, 2013թ-ի ՀՀ նախագահի հետընտրական շրջանի համատեքստում ակնկալելի է, որ արհեստածին խնդիրները կրկին կբարձրանան օրակարգ, ուստի հասարակական և միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները պետք է զգոն լինեն և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ երևույթները կանխելու համար:

Մարինե Մարգարյան, քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների մագիստրոս: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ի խորհրդի անդամ

Թամար Շիրինյան, մարդաբանական գիտությունների թեկնածու: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ում իրականացնում է սեռականության և գենդերի վերաբերյալ ուսումնասիրություններ

Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ

  1. «Հանրային տեղեկավություն և գիտելիքի կարիք» ՀԿ և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն, «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» սոցիոլոգիական հետազոտություն, ք. Երևան, 2011թ
  2. ՌԴ դեսպան. մենք Հայաստանի կողքին ենք, 2012թ, (web: http://www.armtown.com)
  3. Кагарлицкий Борис, “Фашизм для собственного пользования”, 2006, (web: www.vz.ru)
  4. Eco, Umberto. 2002. Five Moral Pieces. Boston: Mariner Books  
  5. Foucault, Michele. 1990. The History of Sexuality Vol I: An Introduction. New York: Vintage Books
  6. Gramsci, Antonio. 1971. Selections from Prison Notebooks. New York: International Publishers
  7. Miriam Elder, “St Petersburg bans 'homosexual propaganda”, 2012 (web: www.guardian.co.uk)

[1] ԼԳԲՏ – լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր
[2]
ուռ - նախասկզբնական, ակունքային, այդու` հավերժ:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հատկապես 1945 թվից հետո ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հասկացավ, թե ինչքան ՎՏԱՆԳԱՎՈՐ է ԲՈԼՈՐԻ համար,երբ մի երկրում (ոչ մի օրենք չխախտող) օրինական քաղաքացիների մի մասը չունի ՆՈՒՅՆ սահմանադրական իրավունքները: Այսպիսի երկրները ՄԻ թևանի ինքնաթիռներ են,որոնք ՄԻՇՏ մնում են գետնին ու, ի վերջո, ժանգոտում:Նացիստական Գերմանիայում հարյուրավոր քաղաքական հակառակորդների,որպես «նույնասեռականների», գլուխները կերան ճամբարներում: Ինձ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾՆ է հետաքրքրում. այս արևի տակ ծնված մարդ արարածը:
Նարեկ
Այո, սա էսպես կոչված ա, որի մասին նշում էր ռուս գիտնական Կոնը իր աշխատություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter