HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցու վերականգնման այս տարվա շինաշխատանքները ձախողվել են

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հետքին» հայտնեց, որ Վեհափառ հայրապետի դիմումին ընդառաջ ՀՀ կառավարւթյունը 2010թ. շուրջ 20 մլն դրամ է հատկացրել Օձունի եկեղեցու վերականգնման նախագծային աշխատանքների և ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի փորձաքննության համար:

Այնուհետև եկեղեցու վերականգնման աշխատանքերի հանձնառությունը ստանձնել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոս» հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը «Հետքին» ասաց, որ հիմնադրամը եկեղեցու շինարական աշխատանքերը իրականացնելու է մոսկվաբնակ ալավերդցի բարերար Մովսես Ձավարյանի հատկացրած 320 մլն դրամով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2012թ. հուլիսից, ավարտվելու են 2014թ. հոկտեմբերի 25-ին:

Տեր Վրթանեսը գոհունակություն հայտնեց 2012թ. եկեղեցու գմբեթի ամրակայման աշխատանքներից, սակայն նա կարծում է, որ աշխատանքների դանդաղ ընթացքի դեպքում 2013թ. նախատեսված գմբեթի ծածկասալերը արագ չեն տեղադրվի, մինչդեռ տեղացող անձրևները կվնասեն մեծ արժեք ունեցնող եկեղեցու կամարակապերը:

Ապրիլի 10-ին եկեղեցու վերականգնման շինտեղամասում աշխատում էր վերականգնման աշխատանքներն իրականացնող «ԼևԳուգ» ՓԲԸ-ի ընդամենը 4 քարտաշ-վարպետ:

Նրանցից Անդրանիկ Կնյազյանն ասաց, որ եկեղեցու վեղարի ծածկասալերի վրա են աշխատում, բայց քիվերի վերաբերյալ կան ճարտարապետական խնդիրներ, որոնք պետք է լուծի նախագծող ճարտարապետը, որպեսզի իրենք կարողանան լայն ճակատով աշխատել:

«Այս պահին եկեղեցու գմբեթի քիվերի աշխատանքները դադարեցրել ենք, հիմա եկեղեցու պատերի փչացած քարերն ենք փոխում»,- հավելեց քարտաշ-վարպետ Համլետ Հակոբյանը:

Տեր Վրթանեսի տեղեկացմամբ՝ եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել:

«Չգիտեմ՝ ինչու չի գալիս: Նա հրաշալի անձնավորություն և փորձառու ճարտարապետ է: Նրա բացակայությունն է, որ կասեցնում է եկեղեցու վերականգնման աշխատանքները»,- ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Փորձեցինք հեռախոսով պարզել Միշա Հակոբյանի՝ Օձուն չգալու պատճառները: Վերջինս ասաց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները ֆինանսավորող «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոս» հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը:

«Ես Երևանից ամսվա մեջ մի քանի անգամ մեկնում եմ Օձուն, ինձ չեն վճարում նաև ճանապարհածախս, գիշերավարձ: Ես ստիպված գիշերում եմ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը: Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը, սակայն ես գիտեմ, որ այդ հնարավորությունները կան, ուղղակի ինձ չեն վճարում»,- ասաց ճարտարապետը:

Հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Միշա Հակոբյանի հեղինակային իրավունքի վճարումները չեն կատարվել, քանի որ վերջինը չի ներկայացրել 2012թ. կատարողական հաշվետվությունը: Վ. Շերմազանյանը նաև հայտնեց, որ ապրիլի 9-ին Միշա Հակոբյանին 230 հազար դրամ կանխավճար է փոխանցվել:

Հիմնադրամի տնօրենը դժգոհեց, որ ապրիլին 10-ին եկեղեցու վեղարի սալաքարը պետք է շարվեր, սակայն վերահսկող ճարտարապետն իր պարտականությունները չի կատարել: Նա պայմանագրով պարտավորվել է, որ 2012-2014թթ.` մինչև վերականգնման նախատեսված շինարական աշխատանքների ավարտը, ամիսը գոնե 3 անգամ պետք է լինի եկեղեցու շինտեղամասում:

Միշա Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 1848թ. լուսանկարներով պարզել է, որ 10-րդ դարում Օձունի եկեղեցու քիվերը ծածկված են եղել կղմինդրով: Ինքը որոշել է վերականգնել կղմինդրե քիվերը և դրա համար պատրաստվում է պաշտոնական առաջարկություն ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդին:

«Գիտամեթոդական խորհուրդը չի համաձայնի կղմինդրին, քանի որ այդ դեպքում պետք է մայր տաճարի քիվերի վրա նույնպես կղմինդր շարվի»,- ասում է Վանուշ Շերմազանյանը, ում կարծիքով՝ եթե անցնեն կղմինդրի վերաբերյալ քննարկումներին, եկեղեցու վերականգնումը կարող է մեկ տարով էլ ձգձգվել:

Հիմնադրամի տնօրենը կարծում է, որ քիվերի վերականգնումը պետք է կատարել սալիկներով: Տեր Վրթանեսն էլ ասում է, որ եկեղեցու վերականգնումը կղմինդրի պատճառով չի ձգձգվի, քանի որ գիտամեթոդական խորհուրդը չի ձգձգում իր որոշումների ընդունումը:

Մինչ հիմնադրամի տնօրենն ու եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծող ճարտարապետը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, «ԼևԳուգ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները կատարող իր 4 քարտաշ-վարպետից 3-ին ապրիլի 11-ին տեղափոխել է՝ Նորադուզի եկեղեցու վրա աշխատելու:

Ստեղծված իրավիճակում Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը կարծում է, որ Օձունի համաշխարհային նշանակություն ունեցող եկեղեցու վերակառուցման շինաշխատանքներն արդյունավետ չեն կարող կատարվել, քանի որ գործի պատասխանատուները միաբանության, խմբակային աշխատանքում միմյանց հանդուժելու կարողություն չունեն:

Մեկնաբանություններ (4)

Մոսինյան Համլետ
Որպեսզի շատ գեշ բաներ չասեմ, դիմում եմ Տ.Վրթանեսին և Լարիսային- խնդրում եմ դուք ձեր ամենօրյա հսկողության տակ պահեք այս կարևոր գործը:
Տեր Վրթանես
Շատ շնորհակալ ենք հարգելի Լ. Փարեմուզյանից Օձունի եկեղեցու վերականգնման հետ կապված պարզաբանումների համար,այժմ շինարարական աշխատանքները հաջող կերպով շարունակվում են:Պարբերաբար տեղեկացվելու համար կարող եք այցելել Արմատներ.am կայք
Անահիտ
Մնք՝ հայերս, սովոր չենք ու առավել ևս չենք հասկանում լավ գործ, լավություն, լավ մարդկանց գնահատելուն ու ինչու չէ նաև նրանց գովաբանելը: Նյութը կարդում եմ ու ծիծաղս է գալիս, կատարվել ու ծախսվել են բավականին մեծ գումարներ, մի՞թե մի քանի հազար դրամը կխնայեին վճարելու արված աշախատանքի դիմաց– իհարկե ո՛չ: Պարզապես ագահությունն (Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը... ) ու նախանձն է, որ մինչ օրս մեր պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները այս վիճակում են: Ամոթ է, ի վերջո տարբերք լավը - վատից, թացը - չորից...
Տեր Վրթանես
Հարգելի Անահիտ, կարծում եմ, որ բոլորն էլ բարձր են գնահատում Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի կատարած աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter