HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Արմեն Մովսիսյանն ասում է` «Նաիրիտի» փողերը չենք փոշիացրել. գուցե յուրացրե՞լ եք

Վարչապետ Տիգրան Սարգսյանին մարտի 14-ին նամակ էինք ուղարկել` նշելով, որ «Հետքը» հրապարակել է փաստեր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ և «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությունների գործարքների, Միջպետական բանկից ստացած վարկերի փոշիացման մասին: «Արդյո՞ք վարչապետը տեղյակ է օֆշորում  եւ Ռուսաստանում գրանցված տասնյակ ընկերությունների մասին, որոնց միջոցով «Նաիրիտի»՝ Միջպետական բանկից ստացած վարկային միջոցների հաշվին իրականացվել են զանազան մութ գործարքներ, որոնց արդյունքում «անհետացել» է վարկային միջոցների մեծ մասը»: Այս և նման բազմաթիվ հարցերն ուղղված էին հենց վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Երեկ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը պատասխանել է Տիգրան Սարգսյանին ուղղած մեր հարցերի մի մասին: Զարմանալի է, որ վարչապետն իրեն ուղղված հարցերին «ստիպել» է պատասխանել Արմեն Մովսիսյանին, ով շուրջ 10 ամիս առաջ մեր ուղարկած երկու հարցումներին մինչ օրս այդպես էլ չէր պատասխանել: 

Արմեն Մովսիսյանը նվազագույնը որպես վկա պետք է հարցաքննվի «Նաիրիտի»` առայժմ չհարուցված քրեական գործով, քանզի հենց նա է եղել կառավարության` «Նաիրիտ գործարանում» ունեցած 10 տոկոսի պատասխանատուն, հենց նրա համաձայնությամբ են կատարվել բոլոր գործարքները: Ստորեւ ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ. 

«Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր հարցադրումների ներկայացնում ենք հետևյալ տեղեկատվությունը.

ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի N1131-Ա որոշման (այսուհետև՝ որոշում) համաձայն «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի (այսուհետև՝ գործարան) 90% բաժնետոմսերը 2006թ. կնքված առուվաճառքի պայմանագրով (այսուհետև՝ պայմանագիր) «Հայգազարդ» ՓԲԸ-ի (վաճառող) կողմից օտարվել են «Rhinoville Property Limited» ընկերությանը (գնորդ) 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից գնորդը պայմանագրի համաձայն վճարել է 39 մլն ԱՄՆ դոլար, իսկ գործարանի ակտիվների և պասիվների ստուգման աշխատանքների ավարտից հետո կատարվել են նաև մնացած  փոխադարձ պարտավորությունները: Ինչ վերաբերում է մնացած 31 մլն դոլար գումարի ճակատագրին, ապա այդ հարցը «Rhinoville Property Limited» ընկերության խնդիրն է:

Այսօրվա դրությամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունները կազմում են 99,915 մլն ԱՄՆ դոլար և 3,850 մլրդ դրամ վարկային միջոցներ, համապատասխանաբար՝ 8,5 և 10,5 տոկոս տոկոսադրույքներով:

Ինչ վերաբերում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի կողմից «Մեգատեքս գրուպ»  ընկերությունը ձեռք բերելու գործարքին, ապա այն կայացել է ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 35000 տոննա կաուչուկի պահեստավորման համար պահանջվող պայմանները ապահովելու, ինչպես նաև կաուչուկի բազայի վրա ռետինատեխնիկական արտադրություն կազմակերպելու համար` օգտագործելով «Մեգատեքս գրուպի» արտադրական տարածքը և պատրաստի ենթակառուցվածքները:

Այն վարկային միջոցները, որոնք ներգրավված են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի կողմից, և որոնց համար պատասխանատվություն է կրում ընկերությունը՝ օֆշորում կամ ՌԴ-ում գրանցված ընկերությունների միջոցով չեն փոշիացվել»:

Մովսիսյանը ճիշտ է ասում, երեւի հարցի մեջ «փոշիացում» չպետք է գրեինք, այլ` յուրացում: 

Արմեն Մովսիսիյանը գրում է, որ 31 մլն դոլար ճակատագիրը  «Rhinoville Property Limited» ընկերությանն է: Այս ընկերության բաժնետերը «Նաիրտ գործարանն» է: Այդ ընկերության Միջպետական բանկից ստացած 70 մլն դոլարի վարկից 31 մլն դոլար չկա: Պարոն Մովսիսյան, ուզում եք ասել, որ դուք տեղյակ չե՞ք դրանից, ուզում եք ասել, որ «Ռայնովիլին» Հայաստան բերողներից մեկը դո՞ւք չեք, ուզում եք ասել, որ այս ընկերության ֆրանսահայ տնօրեններ Անդրե և Էրիկ Նարսիսիյաններին դուք չե՞ք հանդիպել: Մի՞թե դուք նման եք մի մարդու, որը կարող է չիմանալ, թե ինչպես է «անհետացել» 31 մլն դոլարը: Իսկ 1 մլն դոլարի մասին  Ձեր ասածը մեկ այլ հեքիաթ է, եւ դա էլ դուք շատ լավ գիտեք, «Rhinoville Property Limited» ընկերությունն այդ 1 միլիոնն էլ չի փոխանցել, ավելի ճիշտ կլինի «պարզեք», թե ում է փոխանցվել: Լավ կլինի «պարզեք» նաեւ, թե «Նաիրիտում» դա քողարկելու համար «Հայգազարդին» քանի փոխանցման եւ հետփոխանցման գործարքներ եք արել:

Ձեր հաջորդ հեքիաթը վերաբերում է «Նաիրիտի գործարանի» կողմից «Մեգատեքս գրուպ» ընկերության ձեռք բերմանը: Գրում եք, որ տարածքը 35000 տոնան կաուչիկի պահեստավորման համար է ձեռք բերվել: Այդ չաշխատող գործարանին պահեստներ ինչի՞ն են պետք, կամ մի՞թե «Նաիրտը» պահեստներ չունի: 

Դուք գիտե՞ք, թե այդ վարկը ինչպես է տրվել եւ ում համար: Դուք գիտե՞ք, որ «Մեգատեքս գրուպ»-ը պատկանում էր Միջպետական բանկի Հայաստանի ներկայացացուցիչ Վահան Մելքոնյանին և նրա հարազատներին: Վ. Մելքոնյանը «Նաիրիտ գործարանի» ստացած վարկի այդ հատվածը` շուրջ 10 մլն դոլարը, իր գործարանի համար է վերցրել: Եւ բացառվում է, որ դուք դա չիմանայիք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter