HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դեռահասների 70%-ը սերիալի սպառող է

Հայաստանում դեռահասների շուրջ 70%-ը սերիալներ դիտող է: Այս թիվը ստացվել է 2 տարվա ընթացքում 12-16 տարեկան 5000 դեռահասի շրջանում անցկացված հետազոտության ընթացքում, որը կատարել են Երևանի պետական համալսարանի մամուլի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանը և սոցիոլոգ Արթուր Կոբելյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանի ղեկավարությամբ:

Ա. Մենեմշյանի խոսքով՝ պետք չէ սերիալներին անլուրջ վերաբերվել, քանի որ դրանք այսօր ամենաշատ սպառում ունեցող մեդիաարտադրանքն են: Անհրաժեշտ է հիմնախնդրի կարգավորմանը ներգրավել տեսաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, կատարել գիտական հետազոտություն և այդ ամենին մասնակից դարձնել նաև հեռուստատեսության ներկայացուցիչներին:

Զ. Սարգսյանի դիտարկմամբ՝ սերիալներում գուցեև փորձում են ցույց տալ իրականությունը, սակայն ակամայից ստացվում է, որ դա վերածվում է քարոզի:

Անանուն հարցման արդյունքում հետազոտողները պարզել են նաև, որ դեռահասների 74%-ի կարծիքով բանակում ծառայությունն անհրաժեշտ բան է, 24%-ը կցանկանար, որ ինքը կամ իր եղբայրը ծառայեին բնակավայրին մոտ, և միայն 6%-ն է կարծում, որ բանակում ծառայելն իրեն պետք չէ:

Դեռահասների 43%-ը, ըստ հարցման, չի լքի հայրենիքը, 51%-ը կլքի, եթե առավել հարմար տարբերակ լինի, իսկ 6%-ը համոզված է, որ չի ապրելու Հայաստանում:

Հետաքրքիր պատկեր է համացանցի առումով. 70%-ն այն օգտագործում է ժամանցի՝ սոցիալական ցանցերից օգտվելու և խաղերի համար: Միայն 10-20%-ն է համացանցի միջոցով լուրերին ծանոթանում և տեղեկատվություն ստանում:

Գրքի դեպքում գոնե թվերի տեսքով ստացված պատկերը հուսադրող է. հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դեռահասների 75%-ը հաճույքով է գիրք կարդում, 14%-ը՝ պարտադրված, իսկ 6%-ի համոզմամբ ընթերցանությունն ավելորդություն է:

Լուսանկարում ձախից՝ Զարուհի Սարգսյան և Անահիտ Մենեմշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter