Տիգրան Սարգսյանը և Մայա Փանջիկիձեն կարծում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև անլուծելի հարցեր չկան
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև անլուծելի հարցեր չկան:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու համար:
Մայա Փանջիկիձեն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջերմ ողջույնները:
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև միասնական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի երկկողմ բիզնես նոր ծրագրերի իրականացմանը և ընդլայնմանը:
Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի և տնտեսության այլ ճյուղերում համագործակցությանը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքին, այնտեղ միասնական ծառայությունների մատուցման հնարավորությանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Վրաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնման ծրագիրն իրականացվում է հայկական համայնքի մասնակցությամբ:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել