HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքահայության խնդիրներից որևիցե մեկին դեռևս լուծում չի տրվել». Վահագն Չախալյան

Հարցազրույց «Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի հետ 

Ջավախքում շուրջ 4.5 տարվա Ձեր բացակայությունից հետո փոփոխություններ նկատո՞ւմ եք: 

Փոփոխությունները  շատ չեն, մենք ի սկզբանե էինք հաըտարարում, որ ռեժիմի հանցավոր քաղաքականությունը, սեփական երկրում բնակվող ոչ տիտղոսավոր ազգի ներկայացուցիչների նկատմամբ, դատապարտված է ձախողման և ցանկացած հաջողություն կրելու է ժամանակավոր բնույթ, և այդպես էլ եղավ հենց մի փոքր խարխլվեցին ֆաշիստական ռեժիմի հիմքերը: Ամեն ինչ սկսեց իր տեղն ընկնել ու կամաց-կամաց ընկնում է, գնդակը արդեն նոր իշխանության դաշտում է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով ճիշտ դիրքորոշում կբռնեն նրանք` ջավախահայության քաղաքական  խնդիրների հետ կապված: 

Հուսով ենք, որ երկրի նոր իշխանությունները կհրաժարվեն նախորդներից՝ իրենց ժառանգած հատուկ ծառայությունների և ուժային կառույցների միջոցով տարածաշրջանը ղեկավարելու անարդյունավետ մոտեցումից և կկանգնեն ավելի նոր և արդյունավետ մոտեցումներով ղեկավարելու մտքի վրա: 

Հասկանում եք` տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հատուկ ծառայությունների և ուժային կառույցների «պետքերը» հոգալու համար, իսկ հիմա պարզվում է, որ այդ ամեն ինչը ջուրն է լցվել, կարելի էր դրա կես գումարները ծախսել Ջավախքի գյուղերը զարգացնելու նպատակի վրա, ինչպես նաև լուծում տալ մեկ-երկու քաղաքական խնդիրների (որոնք ուշ, թե շուտ լուծվելու են) և ունենալ իրական արդյունք, որը որ կգոհացներ և՛ մեզ, և՛ վրացական կողմին, և որը որ այդքան կարևոր է Վրաստանի պետականության ամրապնդման համար: 

Քաղաքական դաշտում, այդուհանդերձ, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, Դուք այդ փոփոխություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք: 

Չեմ թաքցնի, որ ինչ-ինչ ակնկալիքներ կան` ջավախքահայության խնդիրներին լուծում տալու հետ կապված, սակայն չեմ շտապի այդ մասին խոսել: Վերջին քսան տարիների ընթացքում վրացական քաղաքական դաշտն այնքան անկայուն է եղել, իսկ քաղաքական գործիչներն այնքան անհետևողական, որ ամենաքիչը խենթ պետք է լինես, որ ակնկալիքներ ունենաս դեռ մի հատ էլ համարձակվես այդ մասին բարձրաձայն խոսել. անշնհորակալ գործ է, և այս անգամ կաշխատեմ ժամանակից առաջ չընկնել:

Այստեղ հուսադրողն այն է, որ պրն Իվանիշվիլին նոր տեսակի գործիչ է Վրաստանի քաղաքական դաշտում, համարձակ, ոչ ստանդարտային լուծումներ տվող և, ամենակարևորը, խոստումնապահ անձնավորություն. հատկանիշներ, որոնք միշտ պակասել են վրացական քաղաքական դաշտում խաղացողներին։

Ու հետո նրա շուրջը հավաքված թիմն էլ շատ հետաքրքիր է, ինչպես երևում է` անկեղծ են նրանց ժողովրդավարություն հաստատելու ձգտումները։ Սակայն, կրկնում եմ, ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում, ոչ էլ այդքան միամիտ եմ, որ ջավախքահայության խնդիրների լուծումը կապեմ որևիցե մեկ քաղաքական գործչի անձնական հատկանիշների հետ, ինչքան էլ որ այդ անձնավորությունն առանցքային պաշտոն գրավի Վրաստանի իշխանական հիերարխիայում։

Ասեմ ավելին, ջավախքահայության խնդիրներից որևիցե մեկին դեռևս լուծում չի տրվել: Անգամ այն նվազագույնը, որը պետք է արվեր ամենակարճ ժամանակահատվածում, չի արվել:

Դեռևս իրենց լուծմանն են սպասում մնացած «Միասնական Ջավախք»-ականների տուն վերադարձի խնդիրները, «ՋԵՄՄ»-ի (Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միություն) և «ՋՍՇ»-ից (Ջավախքի սկաուտական շարժում) բռնազավթված անշարժ և շարժական գույքի հետ վերադարձման խնդիրները։ Հայ ժողովրդի պատմության դասագրքեր են  բռնագրավվել, բայց ոչ մի տեղ ֆիքսված չէ, սկաուտների շենքի հետ մեկտեղ «հօդս են ցնդել» նրանց հագուստները, անգամ մեկ ավտոմեքենա, մի քանի ոչ կառավարական կազմակերպության գրանցման վկայականներ և կանոնագրքեր են կորել, ու էլի շատ ու շատ բաներ, իսկ դեռևս որևիցե քրեական գործ հարուցված չէ, դեռևս փակի տակ են մնում «Երիտասարդական ռադիոն» և «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալությունը: Ինձ հարցնում են, թե ինչ հիմքերով եք ուզում դատի տալ Վրաստանի նախագահին և «Ազգային շարժում» կուսակցությանը. միայն վերը թվարկածներս ցանակացած ժողովրդավար պետությունում բավարար կլինեին, սակայն մեք կարող ենք ցանկն ավելացնել: 

Պատրաստվո՞ւմ եք համագործակցել «Վրացական երազանքի» հետ: 

Ասեմ, որ դեռևս բանտից, անտեսելով բոլոր տեսակի վտանգ ու սպառնալիք, իմ համեստ ներդրումն եմ ունեցել ռեժիմի տապալման գործում։

Այո, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն առողջ ուժերի հետ, ովքեր իրապես ցանկանում են հզորացնել Վրաստանը և վրացական պետականությունը։ Պետք է ճիշտ հասկանալ, որ առանց ջավախքահայությանն հուզող քաղաքական խդիրներին լուծում տալու, չի կարող լինել հզոր Վրաստան, ամուր վրացական պետականություն։

Երկրի իշխանությունները պետք է հասկանան, որ մերժելով հայոց լեզուն, հայոց պատմությունը, նրանք չեն կարողանալու պարտադրել ջավախքցուն սրտաբաց ընդունելու վրաց լեզուն և Վրաստանի պատմությունը։

Վրաստանի քաղաքական վերնախավը պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի միակ պետությունն է, որն անկեղծ ցանկություն ունի և շահագրգռված է Վրաստանի հզորության մեջ, իսկ հայ ազգը միակ ազգն է, սրանում կա պարզ տրամաբանություն։ Մնացածները` և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ցանկացել ու միշտ էլ ցանկանալու են թույլ, չկայացած պետականություն ունեցող, պարտքերի տակ կքած և իրենցից կախվածության մեջ գտնվող Վրաստան տեսնել։

Տասնյակ անգամներ ընդգծել եմ` պետք չէ վախենալ այն հայից, ով սիրում է իր Մայր հայրենիքը, հպարտանում նրանով։ Այդ մարդիկ, քաջ գիտակցելով կայուն Վրաստանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, եթե և ոչ ուրիշ զգացմունքներից դրդված, ապա գոնե Մայր հայրենիքի սիրուց, կփորձեն օգտակար լինել Վրաստանին։ Վախենալ պետք է նրանցից, ովքեր ժխտել են սեփական արմատները, սեփական ազգությունն ու պատմությունը:

Ասածս դեռևս չի նշանակում, որ  մեզանից վախենալ պետք չէ, ցանկացած այդպիսի ուժ, ով մտադրվել է հայաթափել Ջավախքը, փոխել նրա ժողովրդագրական պատկերը, մեզանից թող վախենա և իմանա, որ մենք պայքարելու ենք ցանկացած այդպիսի նպատակ ունեցող ուժի դեմ, և մեզ հետ ողջ հայությունը, ինչու ոչ նաև Վրաստանի հանրության առաջադեմ մասը:

Թվում է` մի փոքր շեղվեցի հարցից, վերադառնամ, այո, մենք պատրաստ ենք համագործակցել «Վրացական Երազանքի» հետ, եթե այդ համագործակցությունից շահելու են երկու բարեկամ ժողովուրդները, այլ դեպքում համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ 

«Միասնական Ջավախքը» «կվերակենդանանա՞», կաշխուժանա՞ կրկին` հաշվի առնելով այն փաստը, որ ձեր անդամներից շատերն արդեն հեռացել են Ջավախքից: 

«Միասնական Ջավախքը» երբևիցե չի էլ հեռացել, այն պայքարել է` լինելով բանտում, թե տարեգրության մեջ։ Խնդիրն այստեղ ավելի շատ աշխուժանալն է, ինչպես նաև թե ինչ ձևաչափերով է լինելու դա, ինչ ռազմավարություն ու մարտավարություն ենք ընտրելու այս նոր իրավիճակում: Ինքս ավելի շատ հակված եմ ինչ-որ նոր բան ստեղծելու մեջ, սակայն վերջնական որոշում կկայացնենք միայն այն ժամանակ, երբ բոլորովս կկարողանանք հավաքվել մեկ տանիքի տակ և քննարկել մեզ հուզող բոլոր հարցերը: 

Բանտային պայմաններում բավական ժամանակ ունեիք ապագա ծրագրերի մասին խորհելու: Կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնք ուզում եք կյանքի կոչել: 

Ծրագրերից կոնկրետ են ապօրինաբար բռնագրավվածը հետ վերադարձնելուն ուղղված քայլերը, բուհի ստեղծման ծրագիրը: Մտածում եմ Հայոց լեզվի տան, Հայկական թատրոնի ստեղծման մասին։ Պատրաստվում ենք այցելություններ կազմակերպել ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ, ուր լուրջ հայկական համայնքներ կան։ Անհրաժեշտություն կա, որպեսզի Սփյուռքն ավելի ճիշտ պատկերացում կազմի մեր ունեցած խնդիրների մասին, ինչու չէ նաև ձգտի ավելի լուրջ դերակատարություն ունենալ դրանց լուծումները գտնելու մեջ: 

Ախալքալաքում ցույցեր են տեղի ունենում, պաշտոն ունեցողները սկսել են Սահակաշվիլու ճամբարից Իվանիշվիլու կոալիցիա տեղափոխվել, ինչպե՞ս եք գնահատում այս տեղափոխություններն ու զարգացումները: 

Ինչպես ցանկացած նորմալ մարդ, ինքս էլ այդ տեղափոխությունները գնահատում եմ որպես առնետավազք և ոչինչ ավելին: Ուրիշ ինչ անունով կարելի է կոչել այդ ամենը, մարդիկ իրենց աթոռները պահելու համար հարվածի տակ են դնում մի ողջ ժողովրդի հեղինակություն:

Ցույցերի հետ կապված ասեմ, որ ճիշտ մարտավարություն ընտրված չէր, և այսօր երևում է, որ ցույցերի կազմակերպիչներն էլ են գիտակցում դա։ Մեկ բան հստակ է` ժողովուրդն այսօր սպասում է բարեփոխումների, սակայն այլ միջոցներով պետք է հասնել այդ բարեփոխումների իրականացմանը։ 

Օրինակ` ի՞նչ միջոցներով: 

Օրինակ` ՏԻՄ ընտրություններում մասնակցելով և այլն: 

Ձեր կարծիքով` Ախալքալաքի շրջանային ժողովի` Վրաստանի խորհրդարան ներկայացրած պահանջն ի՞նչ ընթացք կստանա` կապված տարածաշրջանում հայոց լեզվի ճանաչման հետ, ի՞նչ կարելի է սպասել այս նախաձեռնությունից: 

Խնդիրն այստեղ այն է, որ այդ պահանջը խորհրդարան չի հասել, չկա այդ համարձակ պատգամավորը, ով խորհրդարան կհասցներ լեզվի պահանջը: Ինչքան էլ ողջունելի լիներ շրջանային ժողովի այս քայլը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս ամենն արվեց միայն նրա համար, որ հաջորդ օրերին Մերաբիշվիլին և Սահակաշվիլին, իրար հաջորդելով, բարձրանան և ասեն` տեսաք ինչքան սխալ եղավ Չախալյանի ազատ արձակումը և հերթական անգամ տարածեն ազգամիջյան ատելություն։ Եվ հետո Մերաբիշվիլին փաստորեն խոստովանեց, որ հատուկ աշխատել է իր ուզած մարդկանց շրջանային ժողով մուտքը թույլ չտալու համար, մի՞թե ամեն ինչ ասված չէ: 

Վերջերս Ձեզ Վրաստանի խորհրդարանում են տեսել, ի՞նչ էիք անում այնտեղ: 

Դեռևս քրեական հետապնդման մեջ գտնվող ընկերներիս գործերն էի տարել: 

Եվրադատարանի Ձեր գանգատից նորություններ կա՞ն: 

Ցավոք սրտի` դեռևս ոչ։ Իմ հանդեպ բանտում եղած հալածանքների և ճնշումների հեղեղը եռապատկվել ու քառապատկվել են միայն այն բանի համար, որ գործս գտնվում է Եվրադատարանում: Ավելին, հարյուրավոր բռնավորներ զրկվել են կյանքից կամ լավագույն դեպքում հաշմանդամ են դարձել Եվրադատարանից իրենց գործերը հետ չվերցնելու համար, իսկ Եվրադատարանը համառորեն լռում է։ Չեմ ուզում հավատալ, որ Սահակաշվիլու ռեժիմը կարողացել է կաշառել նաև ԵԴ-ին: Իսկ որ Եվրադատարանին բարեփոխումներ անհրաժեշտ են, դա միանշանակ է։ Չի կարելի անմեղ մարդուն հինգ- վեց տարի պահել ճաղերի հետևում ամենօրյա մահի սպառնալիքի տակ` պատ֊ճառաբանելով, որ դատարանը աշխատակազմի քչության պատճառով չի հասցնում գործերը նայել:

Երբ Դուք բանտում էիք, ձեր հակառակորդները որպես Ձեր՝ ոչ ազգային գործիչ լինելու փաստարկ շահարկում էին այն փաստը, որ Դուք վրացուհու հետ եք ամուսնացել և նշում էին, որ վրացական հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունեք: 

Պարզ էր, որ ամենանենգ և ամենաստոր ձևերով փորձելու են վարկաբեկել և արժեզրկել մեր պայքարը: Տարբերություն չդնելով միջոցների մեջ, չունենալով ուրիշ որևիցե մի շահարկման առարկա՝ նրանք փորձեցին շահարկել իմ անձնական կյանքը, ինչ միջոցների ասես որ չեն դիմել ամեն կողմից ինձ հարվածելու նպատակով, ինձ նմանություն ունեցող մի երեխայի նկար են հասցրել կնոջս մոտ՝ տարածելով, թե իմ ապօրինի զավակն է, Ֆրանսիայում է ապրում: Ես նրանց բոլորին խղճում եմ, իսկապես մեղք են նրանք, դրա համար է, որ այսօր այսկողմ-այնկողմ ընկած իրենց մեղքերին թողություն են փնտրում, սակայն ես չէ, որ պիտի տամ թողություն, Տերը ինքը գիտի ում ներել, իսկ ում՝ ոչ:

Ամենաքիչը անհեթեթություն է խոսել իմ և վրացական կամ որևիցե մեկ այլ երկրի  հատուկ ծառայությունների հետ կապի մասին։ Մարդու մտածելու ընդունակությունը թերզարգացած պետք է լինի, որ այդպիսի անհեթեթություն մտածի, սակայն մենք լավ գիտենք, որ նման անհեթեթություն տարածողները ոչ թե թերզարգացած ուղեղների տեր մարդիկ էին, այլև հատուկ ծառայության գնդապետներ, անձնավորություններ, ովքեր 15-20 օր չէին կարողացել դիմանալ վրացական բանտերում: Նրանք փորձում էին տապալված ու պարտված տեսնել մեր գաղափարը, չարախնդում և ուրախանում էին մեր ամեն մի անհաջողությամբ, և հակառակը՝ տխրում մեր հաջողություններով, չնայած նրան, որ գիտակցում էին՝ մեր հաջողությունները ջավախքահայության հաջողություններն էին: 

Ձեր շահերի պաշտպանությունն իրականացնում էր «Երկիր» միությունը: Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել «Երկիր» միության հետ: 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Երկիր» միությունը 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի հենց առաջին օրերից, անտեսելով վտանգ ու վախ, կանգնեց մեր կողքին, որի համար ես իմ երախտագիտությունը հայտնեցի ազատություն ստանալուս հենց առաջին օրը: Ինչքանով էր արդյունավետ ու սխալներից զերծ, սա արդեն մեկ այլ հարցազրույցի թեմա է։

Իրականացված ծրագրերի մասին ասեմ, որ «Երկիր» միությունն այն քչերից էր, ով 2005-2008թթ. իր ուժերի ներածի չափով օժանդակում էր մեր ծրագրերի կյանքի կոչմանը, նրանք անգամ մեր խնդրանքով պատվիրել էին համալսարանի առաջին մասնաշենքի հատակագիծ: 

Տեղյա՞կ եք, որ «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին բիզնեսի հետ կապված քրեական գործերում է ներքաշված ՀՀ-ում:

Ոչ միայն տեղյակ եմ, այլև նրա մոտ ապագայում ունենալիք խնդիրների մասին կանխագուշակել եմ այն օրից ի վեր, ինչ իրենք իմ և Ջավախքի խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակ հայտարարեցին ու սկսեցին բաց քննադատել Սահակաշվիլու և Մերաբիշվիլու գործունեությունը։

Մի փոքր ավելի շատ եմ տեղեկացված, սակայն ամեն ինչ չէ, որ իրավունք ունեմ բարձրաձայնելու: Կասեմ միայն այսքանը. 2010 թվականին Վրաստանի այնժամանակվա ՆԳ նախարար Վ․ Մերաբիշվիլին, իր մոտ է կանչել 2-3 ՀՀ քաղաքացիների (որոնցից մեկն այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր) պահանջել է ավելի կոնկրետ քայլի գնալ իմ նկատմամբ և խնդիրներ հարուցել Սևակի համար: Ասեմ ավելին, Մերաբիշվիլին հանձնարարել է ֆիզիապես լիկվիդացնել Սևակին, ինչպես դա արել էր Արգիշտի Կիվիրյանի պարագայում (ի՞նչ եք կարծում, պատահականություն է արդյոք, որ մինչև օրս ՀՀ իրավապահ մարմինները չեն բացահայտել ոչ իմ և Գուրգեն Շիրինյանի վրա կատարված մահափորձը, ոչ Արգիշտիինը, ոչ էլ Սևակինը, ՀՀ իրավապահները շատ էլ ցանկանային, չէին կարողանալու, որովհետև հետքերը տանում էին հարևան երկրի ամենաբարձր էշելոններ. կարող էր ծագել միջազգային սկանդալ): Իսկ թե Ձեր՝ նշած քրեական գործերում Սևակին ներքաշելը ինչքանով է պայմանավորված վերը նշածիս հետ, ցույց կտա ժամանակը:

Մեկնաբանություններ (2)

Hay-azg Javaxkic
arten zgacvum en barepoxumner Axzalklakum ev da Vaag Chaxaliani shnorihiva aysor arten Javaxke depi araja gnum keces. Vaage ev mnacac mer teranere shat ban unelu anen. Vaag Norik ev mnacac hay azgi patriotnere vorin duxere che karacan kotren
Hay-azg Javaxkic
menk bolores javaxkcineres shad urax enk vor Vaage dursa ekel ed gaxutic. ev menk vstahek vor Vagge k pashtpani mez. u kpiakari en blor vtangneren vernor kspasvi mez. aisnken Vaage kbarcacni vracakan Sahmani Harce vorter votnaharvum en Javxkcineri iravunke. ev mi shark xentirner voronk esor kan me Javaxkum . esor Javaxke el aveli vat e vijaki mecha kan erpemen.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter