HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեւանի ընտրություններ. առաջին դեմքերի ունեցվածքը

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն» կուսակցությունները, ինչպես նաեւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը: Ստորեւ ներկայացնում ենք նշված քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Նշենք, որ հայտարարագրերը ներառում են 2012 թ. մարտի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Տարոն Մարգարյան, ՀՀԿ- Երեւանի գործող քաղաքապետն ունի 6 միավոր շենք եւ շինություն Երեւան քաղաքում, 1 շենք-շինություն Ջերմուկում, 3 միավոր հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ միավոր հողամաս Դիլիջանում:

Տարոն Մարգարյանն ունի 3 ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Ռենջ-Ռովեր սուպեր չարչ» եւ «Մերսեդես S450» մակնիշի:

Երեւանի գործող քաղաքապետին է պատկանում նաեւ «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը:

Ավագանու թեկնածուի միակ եկամուտը գոյացել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձից` մոտ 4 մլն 730 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 3-ի դրությամբ, Տարոն Մարգարյանն ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո:

Վարդան Օսկանյան, ԲՀԿ- նախկին արտգործնախարար, ներկայիս ԱԺ պատգամավորը, գլխավորում է ԲՀԿ-ի ավագանու ցուցակը: Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք. 200 քմ առանձնատուն ԱՄՆ-ում եւ 9000 քմ մակերեսով հողամաս Ծաղկաձոր քաղաքում:

Ավագանու թեկնածուի եկամուտի միակ աղբյուրը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` 300 հազար դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 150 հազար դոլար:

Վահագն Խաչատրյան, ՀԱԿ- Երեւանի նախկին քաղաքապետը հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ Երեւանում: Նա այլ անշարժ գույք չունի, ավտոմեքենա եւս չունի:

Նշված ժամանակահատվածում ավագանու թեկնածուն որեւէ եկամուտ չի ստացել, իսկ դրամական եկամուտները համեմատաբար համեստ են` 600 հազար դրամ եւ 1500 դոլար:

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ- Ավագանու թեկնածուն գործող պատգամավոր է: Նա ունի Երեւան քաղաքում մեկ բնակարան, իսկ ավտոմեքենա չունի:

Արմեն Ռուստամյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից` 3 մլն 350 հազար դրամ եւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսներից` 150 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 15 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 2 հազար եվրո:

Արմեն Երիցյան, ՕԵԿ- Ավագանու այս թեկնածուն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն է: Նա հայտարարագրել է Երեւանում մեկ բնակարան եւ 2004 թ. արտադրության «Վռանգլեր-ՋԻՓ» մակնիշի ավտոմեքենա:

Արմեն Երիցյանի եկամուտները գոյացել են մոտ 3 մլն 817 հազար դրամ նախարարական աշխատավարձից, ինչպես նաեւ ոստիկանությունից ստացած 3 մլն 401 հազար դրամ կենսաթոշակից:

Ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 34 մլն դրամ:

Մեսրոպ Առաքելյան, «Առաքելություն»- Թեկնածուն 28 տարեկան է եւ դասախոսում է Երեւանի պետական համալսարանում: Նա Երեւանում ունի մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս Կոտայքի մարզում

Մեսրոպ Առաքելյանի եկամուտը հիմնականում գոյացել է աշխատավարձից. 17 մլն 863 հազար 471 դրամ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից, իսկ  մոտ 772 հազարը` ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից: Ավագանու թեկնածուին 375 հազար դրամի եկամուտ է բերել նաեւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսը:

Ապրիլի 5-ի դրությամբ, Մ. Առաքելյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 48 հազար դոլար:

Նա 50 տոկոս փայ ունի «Քոլլեքշն Աջենսի Գրուփ» ՍՊԸ-ում:

Արմեն Մարտիրոսյան, «Բարեւ Երեւան»- Կուսակցությունների դաշինքը գլխավորող ավագանու թեկնածուն, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահն է:

Արմեն Մարտիրոսյանը համասեփականության իրավունքով Երեւանում ունի մեկ բնակարան եւ միանձնյա սեփականության իրավունքով 0.084 հա հողամաս:

Ավագանու թեկնածուն ունի 1996 թ. արտադրության «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենա:

Արմեն Մարտիոսյանը նշված ժամանակաշրջանում եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձի տեսքով. 1 մլն 208 հազար դրամը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, իսկ  741 հազարը` Ազգային ժողովից, երբ պատգամավոր էր:

Մարտի 27-ի դրությամբ ավագանու թեկնածուն որեւէ դրամական միջոց չի ունեցել:

Մեկնաբանություններ (1)

Samvel
Լավ կլինի Տարոնը լինի,տղեն համարյա բան չունի գոնե մի քիչ վրա կգա ))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter