HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անտառները շարունակում են հատել

Սակավանտառ Հայաստանը փայտ արտահանող երկիր է

67 տարեկան Յուրա Ղիասյանը կնոջ` Նադյայի հետ ապրում է Տավուշի մարզի Դիտավան գյուղի իրենց երկհարկանի տանը: Երկու աղջիկներն ամուսնացել են եւ մեկնել Ռուսաստան, որդին էլ է նրանց հետեւից տեղափոխվել Ռուսաստան, այնտեղ աշխատում է եւ օգնում ծնողներին: Յուրայենց տան բակի տարբեր հատվածներում շարված է ձմեռվա փայտը: Սակայն նրանք փայտն օգտագործում են ոչ միայն ձմռանը տունը տաքացնելու համար, այլ ողջ տարին:

«Մենք հացը փռում ենք թխում, ճաշն էլ վառարանին ենք եփում: էս փայտը ամուսնուս հետ էշով ենք բերել անտառից: Ափսոսում ենք, բայց հիմա որ գազ չկա, ստիպված ենք, ուրիշ ի՞նչ պիտի անենք: Մեր գյուղին գազ է պետք, որ անտառը չհատենք, որպեսզի մեր բնությունը գեղեցիկ մնա, անտառում եղնիկ կա, վայրի խոզեր կան, բայց որ անտառը հատում ենք, ստիպված ցրվում են»,- ասում է Նադյայի Ղիասյանը:

Դիտավանը գազաֆիկացվել էր դեռեւս խորհրդային տարիներին` 1967-ին, գազն անջատվել է 92-ին: Այսօր գյուղն այլեւս գազի խողովակների ցանց չունի: Դիտավանը գտնվում է անտառի փեշին, եւ բոլոր գյուղացիներն էլ անտառից են փայտ բերում:

«Էս անտառովն ենք ապրում: Անտառից ենք փայտը բերում, որ գազ ունենանք, փայտ չենք օգտագործի, գազ կվառենք: Գազի պատճառով հեկտարներով անտառը ոչնչանում է»,- ասում է Յուրա Ղիասյանը:

Էներգետիկ ճգնաժամի տարիները, որ սկսվեցին 1992-ին եւ ավարտվեցին 1996-ին, աղետալի հետեւանքեր ունեցան ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա: Ամենամեծ հարվածն իր վրա վերցրեց անտառը: Չկար էլեկտրաէներգիա, գազ, եւ մարդիկ ստիպված սկսեցին հատել անտառները. այլընտրանք չկար: Հենց այդ տարիներին կտրուկ նվազեց Հայաստանի անտառային ծածկույթը: Եթե մինչ այդ, ըստ պաշտոնական տվյալների, անտառները կազմում էին Հայաստանի տարածքի 11.2 տոկոսը, ապա այժմ այն կազմում է 7 տոկոս: Սակայն սրանով չի ավարտվել անտառների ոչնչացմանը սպառնացող վտանգը:

Թե՛ Դիտավանում, թե՛ հարեւան գյուղերում, որոնք նույնպես գազաֆիկացված չեն, բոլոր գյուղացիներն էլ հարակից անտառներից են փայտ բերում: Չնայած գյուղացիներն ասում են, որ իրենք անտառից միայն չոր փայտ են բերում, սակայն բակերում կարելի է տեսնել նաեւ հատված կանաչ ծառեր:

Անտառը հատելու համար ոչ ոք չի կարող մեղադրել գյուղացուն: Անտառը գյուղի կողքն է, եւ գյուղացիները չեն կարող չօգտվել: Գյուղական համայնքներն աղքատ են եւ սեփական բյուջեով չեն կարողանում գազաֆիկացման աշխատանքներ իրականացնել: Հայաստանում գազ ապահովող «Հայռուսգազարդ» ընկերությունը, պատճառաբանելով գյուղերի հեռու լինելը եւ բաժանորդների քիչ թիվը, ներդրումներ չի անում, նման գյուղերի գազաֆիկացումը շահութաբեր չէ ընկերության համար: Տավուշի մարզի 61 բնակավայրերից գազաֆիկացված են միայն 33-ը: 

«Հայռուսգազարդի» Տավուշի մասնաճյուղի գազաֆիկացման եւ գազամատակարարման գծով տնօրենի տեղակալի` Պետրոս Բաղմանյանի վկայությամբ` գազաֆիկացման արդյունքում մոտ չորս անգամ մարզում նվազել են անտառահատումները: Նա ասում է, որ «Հայռուսգազարդի» ղեկավարները գյուղապետերին առաջարկել են համատեղ կատարել գազաֆիկացման աշխատանքները: Այսինքն` եթե միջոցների մի մասը համայնքները ներդնեն, ընկերությունը պատրաստ է մնացած մասն ավելացնել: Սակայն, դա անիրականանալի է, քանի որ համայնքերը մոտ ապագայում նման հնարավորություն չեն տեսնում: Այդ իսկ պատճառով շատ գյուղապետեր դիմում են տարբեր բարերարների, խորհրդարանի նախընտրական շրջանում պատգամավորների թեկնածուների` ակնկալելով հայթայթել գյուղերի գազաֆիկացման համար անհրաժեշտ միջոցները: Ոմանց հաջողվել է այդ ճանապարհներով լուծել իրենց գյուղերի գազաֆիկացման հարցը:

Տավուշի մարզի Աճառկուտ գյուղում է տեղակայված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սեւքարի» անտառտնտեսության մասնաճյուղի գրասենյակը, որի հարակից տարածքում գործում է սղոցարանը: Սղոցարանի շուրջբոլորը գերաններ են թափված, որոնք շուտով սղոցարանում տախտակ են դառնալու: «Հայանտառի» իջեցրած պլանով այս տարի «Սեւքարի» մասնաճյուղում հատվելու է 5 հազար խմ փայտ։ Ըստ գլխավոր անտառապետ Մուշեղ Մադաթյանի` դրա մոտ յոթանասուն տոկոսն օգտագործվելու է որպես վառելափայտ: Տեղում վառելափայտի մեկ խմ-ն արժե 8300 դրամ, անտառում 4200 դրամ վառելափայտն է, 1200 դրամ` թափուկները (բարակ ճյուղերը): «Ժողովուրդը հիմնականում թափուկներից է օգտվում, վառելափայտը գյուղացու համար թանկ է»,- ասում է Մ. Մադաթյանը:

«Սեւքարի» անտառտնտեսությունում ամենաշատ հատումները եղել են 1992-95 թթ.: Ըստ պաշտոնական տվյալների` տարեկան հատվել է 17-20 հազար խմ: Սակայն, այս թվերն իրականությունից բավական հեռու են. բնապահպանների հավաստմամբ` այդ տարիներին հատվել է 500-700 հազար խմ կանաչապատ տարածք:

Այսօր էլ հատման համար պլանավորված 5 հազար խմ-ը իրականության հետ կապ չունի: Ըստ Մուշեղ Մադաթյանի` գյուղացին իր տունը տաքացնելու համար տարեկան վառում է 10-15 խմ փայտ: Այնպես որ, եթե գյուղի տների թիվը բազմապատկում են նշված թվով, ստացվում է, որ մարզի չգազաֆիկացված մեկ գյուղը վառում է նվազագույնը 1000 խմ վառելափայտ: Իսկ Տավուշի մարզում 33 գյուղ գազաֆիկացված չէ: Հետեւաբար, մարզում նվազագույնն իրացվում է 33 հազար խմ վառելափայտ: Այստեղ, իհարկե, պետք է ավելացնել նաեւ գազաֆիկացված գյուղերի շատ ընտանիքների, որոնց համար գազով տուն տաքացնելը թանկ է: Այդ ընտանիքները նույնպես վառելափայտով են տաքացնում իրենց տները: 
Եթե կառավարությունն անհանգստացած է անտառների ճակատագրով, ապա պետք է անհրաժեշտ հետեւություն անի եւ համապատասխան լուծումներ գտնի: Դրանցից մեկը կարող է լինել այն, որ անտառամերձ գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների համար գործի գազի այլ սակագին, եւ այդ ընտանիքները վճարեն, ասենք, կես գին, իսկ մնացած ծախսերն իր վրա վերցնի կառավարությունը: Դժբախտությունն այն է, որ հասարակության բնության պահպանության գիտակցությունն իսպառ բացակայում է: Բնապահպանական կազմակերպությունները երբեմն ինչ-որ հարցերի շուրջ համախմբվում եւ հայտարարություններ են անում, բայց դրանցից հետո որեւէ բան տեղի չի ունենում: Խորհրդարանում չկան ուժեր, որոնց կհետաքրքրեն բնապահպանական խնդիրները եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգան:

Հայաստանը համարվում է երկրագնդի ամենաանտառազուրկ տարածաշրջաններից մեկը, եւ բնակչության մեկ շնչին ընկնող անտառային տարածությամբ (0.12 հա) գրավում է ամենավերջին տեղերից մեկը։ Եթե Հայաստանի անտառները, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են նրա տարածքի 11.2 տոկոսը, Թուրքիայում այս ցուցանիշը 14 տոկոս է, Վրաստանում` 37.4։ Այս թվերի կողքին առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանը համարվում է փայտ արտահանող երկիր: Հայաստանի կառավարությունն առայսօր չի կարողացել լուծել մի հարց` արգելել փայտանյութի արտահանումը, որը մեծ ծավալների է հասնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter