HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ի՞նչ խնդիր ունի ՀՀ կառավարությունը «Մադնեուլի» ԲԸ-ի հետ

Հայաստանի կառավարության` հանքարդյունաբերությանն առնչվող խնդիրները լուծելու նախորդ ամիսների ջանքերն իրենց որոշակի արդյունքը տվեցին այս տարվա օգոստոսին: Օգոստոսի 15-ին նախնական պայմանագիր ստորագրվեց «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) վաճառքի մասին, իսկ օգոստոսի 30-ին` համաձայնագիր «Global Gold» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ` միջազգային արբիտրաժում վարույթը դադարեցնելու մասին:

Կառավարությունն իսկապես ջանք չխնայեց` ստիպելու ԱՈԱՁ-ի հնդիկ սեփականատիրոջը` միլիարդատեր Անիլ Ագարվալին, վաճառել այն: Այդ մասին անգամ ուղիղ տեքստով նախագահականից ասվել էր ԱՈԱՁ-ի գլխավոր տնօրեն Բ. Շարմային: Բազմաթիվ ստուգումները, տուգանքները, ոսկու պաշարների թաքցման մեղադրանքները եւ դատական գործընթացի սկիզբը ստիպեցին հնդիկ սեփականատիրոջն ընկերությունը վաճառելու որոշում կայացնել: «Vedanta Resources»-ը պայմանագիր ստորագրեց ԱՈԱՁ-ի բաժնետեր «Sterlite Gold» կանադական ընկերության բաժնետոմսերի 82,4%-ը «GeoProMining» ընկերությանը վաճառելու վերաբերյալ: Ինչպես նշվում է «Vedanta Resources»-ի օգոստոսի 15-ի հայտարարության մեջ, վրացական «Madneuli» բաժնետիրական ընկերության «GeoProMining» ընկերությունը պատրաստ է ընդհանուր 86 միլիոն ԱՄՆ դոլարով գնել «Sterlite Gold» -ի բաժնետոմսերը, բացի այդ` «GeoProMining»-ը պարտավորվում է մարել «Sterlite Gold» -ի ունեցած պարտքը «Vedanta»-ին` 25 միլիոն ԱՄՆ դոլար: Սեպտեմբերի վերջին այս գործարքը պետք է ավարտին մոտենար:

Մարտ ամսին «Global Gold» ընկերությունը, դիմելով Համաշխարհային բանկին կից Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վարույթ է սկսել: Ի դեմս բնապահպանության արդեն նախկին նախարար Վարդան Այվազյանի` Հայաստանի կառավարությունը մեղադրվում է ընկերության գործունեությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, նախարարը հրաժարվել է երկարաձգել որոշ հանքերի ուսումնասիրության արտոնագրերը: Խոսքը վերաբերում է Հանքավանի պղնձամոլիբդենային եւ Մարջանի բազմամետաղական հանքավայրերին: Ընկերության համոզմամբ` նախարար Վարդան Այվազյանը խախտել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1992 թվականին կնքված «Ներդրումների փոխադարձաբար խրախուսման եւ պաշտպանության մասին» պայմանագիրը: Օգոստոսի 30-ին «Global Gold»-ի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրում ասվում է, որ կողմերը կասեցրել են արբիտրաժը մինչեւ համապարփակ հաշտության համաձայնագրի կնքումը: «գԱկնկալում են, որ հաշտության վերջնական համաձայնագիրը կկնքվի սույն հայտարարությունից տասն օրվա ընթացքում»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Վերոնշյալ երկու նախնական պայմանագրերի իրագործումը ձգձգվում է առանց կողմերի հիմնավոր մեկնաբանության:

ԱՈԱՁ-ի գործարքը ձգձգվում է, քանի որ «Madneuli»-ին ակամայից առաջարկվում է այլ գումարի վճարում. նախնական պայմանավորվածությանն ավելանում է հարկերի, տուգանքների վճարը` 5 մլն դոլար, եւս 5 մլն դոլար` պարտքեր կապալառուներին եւ այլն: Այսպիսով` «Madneuli»-ին ակամայից համաձայնվում է վճարել 139 միլիոն ԱՄՆ դոլար` ձեռք բերելու ԱՈԱՁ-ն եւ Սոթքը շահագործելու հնարավորությունը: 

«Madneuli» ընկերությունը պատկանում է ռուսական «PromInvest» խմբին, որը ղեկավարում է Ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարար եւ Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Գեներալովը:

Նույն «Madneuli» ընկերությունն այս տարվա ապրիլին ձեռք է բերել հայաստանյան «Golden Ore» ընկերությունը, որն ունի Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման 25 տարվա արտոնագիր: Այս նույն` Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրում իրենց ներդրումները խոչընդոտելու համար է «Global Gold» ընկերությունը միջազգային արբիտրաժ դիմել` հայցով ընդդեմ ՀՀ կառավարության: 

Չնայած «Global Gold» -ի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվելիք հաշտության համաձայնագրի պայմանները դեռեւս անհայտ են, սակայն պարզ է, որ «Global Gold» -ի` միջազգային արբիտրաժում ներկայացրած մի շարք մեղադրանքների եւ պահանջների շարքում առաջնայինը Հանքավանի հանքավայրի նկատմամբ իր իրավունքների վերականգնումն է: ՀՀ կառավարությունը չգիտի` ինչպե՞ս վարվել «Madneuli» ընկերության հետ, որին մի քանի ամիս առաջ վաճառվել է «Golden Ore» ընկերությունը` Հանքավանի հանքավայրի շահագործման 25 տարվա արտոնագրով: Համաձայնագրի շրջանակներում «Global Gold»-ը կգնա մի շարք զիջումների` միայն առաջնային նպատակին հասնելու համար: Հաշտության համաձայնագրի ստորագրումը տեղի չունեցավ նախատեսված տասն օրվա ընթացքում, քանի որ կառավարությունը փորձում է երաշխիքներ ձեռք բերել համաձայնագրով պարտավորվածություններն իրականացնելու համար:

Հիմա ՀՀ կառավարությունը ինչ-որ ձեւով պետք է «Madneuli» ընկերությունից ետ վերցնել Հանքավանի հանքավայրը: Այլապես, եթե «Global Gold»-ը մի անգամ դիմել է միջազգային արբիտրաժ, ապա երկրորդ անգամ էլ կդիմի` մեղադրելու ՀՀ կառավարությանը համաձայնագրի պահանջները չկատարելու մեջ: 
Սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ ով էլ լինի ԱՈԱՁ-ի նոր սեփականատերը, նա պարտավոր կլինի պետբյուջե վճարել ընկերության թաքցրած ոսկու ծավալին համարժեք գումար: Նրա ասելով` հանքերի մշակման հավատարմագրային իրավունքները նոր սեփականատիրոջը հանձնելիս կկատարվեն ԲՆ կողմից ԱՈԱՁ-ին ներկայացված բոլոր պահանջները:

Մինչ այս հայտարարությունը ԱՈԱՁ-ի գնորդը տեղեկացվել էր, որ մի շարք տուգանքներ եւ պարտքեր պետք է մարի, որը կազմում է 139 միլիոն ԱՄՆ դոլար, բայց թաքցրած ոսկու գինը վճարելու մասին լուրը նորություն էր: Հիշեցնենք, որ 2006 թ. ԲՆ նախարար Վ.. Այվազյանը հայտարարել է, թե ընկերությունը թաքցրել է շուրջ 1,6 տոննա ոսկի: Ընթացիկ գներով 1,6 տ ոսկին կազմում է մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլար:

Ոլորտի մասնագետների կարծիքով` եթե հայկական կողմն այս գումարի հատուցումը դարձնի նախապայման «Madneuli»-ի` «Sterlite Gold» -ի բաժնետոմսերի ձեռքբերման եւ Սոթքի շահագործման իրավունքի համար, ապա կարելի է ասել, որ այս գործարքը չեղյալ կհամարվի: Սակայն ՀՀ կառավարությունը ոչ թե ուզում է չեղյալ համարել այս գործարքը, այլ ինչ-որ ձեւով փոխշահավետ գործարքի մեջ մտնել «Madneuli»-ի հետ` լուծելու իր մյուս խնդիրը` «Global Gold» -ի հետ միջազգային արբիտրաժում հաշտության համաձայնագրի կնքումը: Սակայն այստեղ կա մի խանգարող հանգամանք. «Madneuli»-ի սեփականատերերի մեջ կա երկու բարձրաստիճան հայ պաշտոնյա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter