HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վանք. ցավոտ անցյալից դեպի խաղաղ ներկա ու ապագա

Բորիկ պապը պատմում է, որ 1992-ին միայն ինքն ու կինը` Անյան էին մնացել Վանք գյուղում (ԼՂՀ, Մարտակերտի շրջան): Մյուսները հարկադրված թողել էին տներն ու գնացել Երեւան, պանսիոնատ կամ ուրիշ տեղ: 

«Գյուղում ոչ մին չի եղել,- հիշում է Անյա տատը:- Եկավ Վազգեն Սարգսյանը, օղորմի նրան, ասաց՝ «տատ ջան, խի՞ չես գնում»: Ասի` երբ Արտոս գա, էն ժամանակ գյուղից դուրս կգամ: Զանգեց Արտոյի «պազիվնոյով»` 18, ասաց` «մամադ գյուղից խի՞ չի գնում», Արտոս էլ ասաց, թե «իմ ու սալդատների դարդից ա գյուղում մնացել»»: 

1992-ից մինչեւ 1994-ի հրադադարը ուղղաթիռների հրթիռների ու «գրադների» պայթյունների տակ Անյա տատն ավագ տղայի` Արտոյի հրամանատարությամբ կռվող Գանձասարի ջոկատի տղաների համար օրական 150-200 լավաշ է թխել: Այն դեպքում, երբ Մարտակերտի շրջանի առաջին թեժ կռիվներից հետո Վանք գյուղում մարդ չէր մնացել:   

«Սկլադչին (պահեստապետ) ալյուրն էր բերում, թխում էի, պոստավիկներն (հերթապահ) էլ գալիս տանում էին»,- հիշում է 67-ամյա տատը, որն այժմ հիվանդության պատճառով գամված է անկողնուն: Իսկ 73-ամյա ամուսինն ասում է, թե մինչ հիվանդանալը տատն 95 կգ էր, հիմա շատ է նիհարել, գովում է կնոջ արիությունը կռվի տարիներին, որովհետեւ Անյա տատն է իրեն այստեղ պահել: Տատը նաեւ լավ հիշողություն ունի. անցյալը վերհիշելիս Բորիկ պապն անվերապահորեն ընդունում է նրա ասածները:   

Մկրտչյանների ավագ տղան` Արտավազդը, մարտական ուղին սկսել է Կիչան գյուղից, գլխավորել է Գանձասարի ջոկատը: Մարտերից մեկի ժամանակ Օմարի լեռնանցքում վիրավորվել է ու տեղափոխվել Չլդրանի հոսպիտալ, սակայն 18 օրից, բուժումը չավարտված, ծնողների ու բժշկի կամքին հակառակ` կրկին մեկնել է ճակատ: Մարտակերտի վերջին դիրքերի համար մղվող մարտերից առաջ` 1994-ի ապրիլին, ռացիայով զանգել է հորը: Բորիկ պապը հիշում է տղայի խոսքերը. «Ասաց` «պապա, կռիվը հըլը վերջացալ չի, Մարտակերտի վերջին պոստը վեր կալամ, գամ»... 36 տարեկան էր»...

Վերջին բառերը պապը դժվարությամբ է արտաբերում, նրա աչքերը լցվում են: Տատն էլ գրեթե անձայն հեկեկում է անկողնու մեջ. «Սեւ մնա ապրիլի 18-ը»...

Հետո Անյա տատը հիշում է, որ պատերազմում վիրավորվել է, եւ բեկորը մնացել է ոտքի մեջ: Երբ երեք տարի առաջ գնացել է Երեւան` բուժվելու կանացի հիվանդությունից, բեկորը հանելու խնդրանքով դիմել է բժշկին. «Ասում եմ՝ Ջիլովյա՛ն, ասկոլկան էլ հանենք, նա էլ թե` «ասկոլկան ես չեմ իմանում», ասում եմ` բա կռիվ ես արե՞լ, որ իմանաս, փողի համար եք կռիվ արել դուք: Մնաց էդպես էլ...»: 

Բորիս պապն էլ, Անյա տատն էլ Մկրտչյանների ցեղից են. նրանց պապերը եղբայրներ են եղել: Պապը հիշում է, որ սկզբում երկարավարս Մարոյին էր սիրում, բայց հետո մայրն ասաց, որ պիտի Անյայի հետ ամուսնանա: Հարցին, թե հիմա էլ չի՞ հիշում ու սիրում Մարոյին, ժպտալով պատասխանում է. «Է՜, հիմա արդեն պրծած ենք»: 

Տարեց ծնողները կորցրել են հինգ երեխաներից երկուսին: Այժմ 21 թոռ եւ 9 ծոռ ունեն: Անյա տատն առողջ ժամանակ նրանցով է զբաղվում: Հեռուստացույց ընդհանրապես չի դիտում. Արտոն լավ երգիչ է եղել, ու նրանից հետո մայրն ուրիշներին լսել չի ուզում: Արտոյի փոքր եղբայրը, որ նույնպես ապրում է Վանքում, սանտեխնիկ է: Նրա տարիքի մարդիկ ու երիտասարդները քչից-շատից զբաղմունք ունեն:

Օրինակ` թոռնուհի Մոնիկան պատմում է, որ բոլոր երիտասարդներն էլ սովորում են Ստեփանակերտում, ինքն էլ որոշ ժամանակ գնացել է քոլեջ, սովորել որպես բանասեր, բայց հետո դուրս է եկել. դուրը չի եկել: Մոնան այժմ աշխատում է բարերար, իրենց համագյուղացի Լեւոն Հայրապետյանի կառուցած «Էկլեկտիկա» հյուրատանը: Գյուղի այլ բնակիչներ էլ աշխատում են այդտեղ կամ, ասենք, փայտի վերամշակման կոմբինատում: Հայրապետյանից բոլոր գյուղացիները գոհ են: 

Բայց Բորիկ պապն ասում է, որ գյուղացին հող մշակելու հնարավորություն չունի: Նախկին փայտամշակն այսօր կնոջ հետ 10.000-ական դրամ թոշակ է ստանում: Երկու կով են պահում, մյուսների պես նրանք էլ հող ունեն, բայց չեն մշակում: Օրինակ` հյուրատունը եւ դրա շրջակա շինությունները կառուցվել են Մկրտչյանների տված հողերի վրա:       

«Ո՛չ տրակտոր կա, ո՛չ պյան: Ոչ մեկն ալ մշակում չի,- ասում է անտառի փեշին ապրող մարդը, ում տնից շարունակ լսվում է ծառերը հատող բենզասղոցի ձայնը:- Իրանք են օգտվում, լոխ ծախում են, անտառը փչացնում են: Տանեմ նշանց տամ, թե ինչ են արել: Տանում են Երեւան, Ստեփանակերտ ու ծախում»: 

Ծերունին մասնավորապես ի նկատի ունի անտառտնտեսության աշխատողներին: Նրա պատմելով` պատերազմից առաջ էլ գյուղացիներից ոմանք կռվելու համար իրենց տրված զենքը տանում ծախում էին Երեւանում: 

Հարցնում եմ էշերի մրցույթի մասին, որ ամեն տարի կազմակերպվում է Վանքում: Մոնան ժպտում է. այս տարի նրա եղբայր Արթուրն ուրիշի էշով երկրորդ տեղն է գրավել ու 1500 դոլար շահել: Դեդո Բորիկն ուրախ-ուրախ պատմում է այդ մասին եւ հպարտանում թոռան հաջողությամբ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter