HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գագիկ Բեգլարյանն առանց փողի ոչինչ չի անում

Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, կամ ինչպես հասարակության մեջ ավելի հայտնի է՝ «Չոռնի Գագոն», տարիներ շարունակ հրաժարվում է պատասխանել «Մոնթե Մելքոնյան» բարեգործական կազմակերպության նամակներին:

6 տարի է արդեն, որ «Մոնթե Մելքոնյան» բարեգործական հ/կ-ի Երեւանի գրասենյակի հարցը Կենտրոն թաղապետարանի կողմից թողնվում է առկախ եւ անորոշ: Քանի որ նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակն է, եւ կառավարության որոշմամբ այն նշվելու է մեծ շուքով, կազմակերպության նախագահ Սեդա Մելքոնյանը հոկտեմբերի 5-ին դարձյալ նամակ է ուղարկել Գագիկ Բեգլարյանին եւ միաժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին: Չնայած վարչապետին ուղղված նամակում նշվում է, որ Գագիկ Բեգլարյանը չի պատասխանում իրենց նամակին, այնուհանդերձ, վարչապետին ուղղված նամակը նորից հասցեագրվել է թաղապետին, որպեսզի վերջինս պատասխանի բարեգործական կազմակերպության նախագահի նամակին:

Կենտրոն թաղապետարանի նամակների բաժնից մեզ տեղեկացրին, որ նամակը մակագրված է բաժնի պետ Վահե Դավթյանին, սակայն այս պաշտոնյան երբեք տեղում չի լինում: Նրա քարտուղարուհին միշտ նույն պատասխանն է տալիս՝ «Նա դուրս է եկել տարածք, փորձեք մի ժամից», բայց Վահե Դավթյանը երբեք «տարածքից» չի վերադառնում: Իսկ թաղապետարանում որեւէ մեկը չի կարող նամակին պատասխանել եւ որեւէ պարզաբանում տալ: Իսկ «Չոռնի Գագոն» չի պատասխանում, քանի որ ոչ մի շահ չունի: Երկրի նախագահը մի առիթով ասել է, որ մարդիկ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Իսկ ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, ամեն նամակից հետո դատարան դիմե՞ն, դատական քաշքշուկի մեջ մտնեն միայն այն պատճառով, որ Գագիկ Բեգլարյանի իշխանությունների տանիքի տակ է, եւ իրենք են տվել այդ իրավունքը թաղապետին` չպատասխանել քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների հարցերին:

Կենտրոնի թաղապետին մի քանի ամիս առաջ նամակ էինք գրել նաեւ մենք՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ թաղապետարանն ավտոկայանատեղերի պայմանագիր է կնքել, բայց որեւէ ձեւով այդ կազմակերպությունների տվյալները չկարողացանք ձեռք բերել, որովհետեւ դրանցից ստացված փողերն ուղիղ մտնում են թաղապետի գրպանը: Եւ մեր հաշվարկներով դրանք ամսական մի քանի մլն դրամի են հասնում: Հետեւելով նախագահի խորհրդին՝ պետք է դատի տանք Գագիկ Բեգլարյանին, բայց մեր նամակներին չեն պատասխանում առողջապահության նախարարությունը եւ բազում այլ գերատեսչություններ. ի՞նչ է, մենք պետք է բոլորի հետ դատական գործեր սկսե՞նք:

«Մոնթե Մելքոնյան» հ/կ-ն ստեղծվել է 1994 թ.: Իրականացրել է զարգացման ծրագրեր եւ աջակցել կարիքավոր ընտանիքներին Հայաստանում եւ Արցախում: Վերջին տարիներին պատանեկան-երիտասարդական կենտրոններ է ստեղծել Արարատի մարզի Ազատավան եւ Վայոց Ձոր մարզի Խաչիկ գյուղերում, ինչպես նաեւ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղում: Գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրեր է իրականացնում Քաշաթաղում, այլ կազմակերպությունների հետ համագործակցելով՝ խմելու ջրի ծրագրեր է իրականացնում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ եւ Հադրութի շրջանի Առաքել եւ Սարալանջ գյուղերում:

Կենտրոն թաղապետարանի կողմից 1999 թ. ապրիլի 13-ին «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ին վարձակալական հիմունքներով հատկացվել է գրասենյակի տարածք` Կորյունի 5 շենքի նկուղային հարկում: Տարածքն եղել է ծայրաստիճան անմխիթար ու խոնավ: Տարածքն օգտագործելի դարձնելու համար կազմակերպությունը հիմնովին վերանորոգել էր այն: 2001 թ. մայիսի 18-ին կազմակերպությունը դիմել է Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանին` Երեւանի քաղաքապետի 18-3-99 թիվ 303 որոշմամբ կազմակերպությանը հատկացված տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով: Առ այսօր կազմակերպության խնդրանքն անպատասխան է մնացել:

Ավելին, 2004 թ. հունվարի 1-ին՝ վարձակալման վերջին պայմանագրի ժամկետի ավարտից հետո, թաղապետարանը նոր պայմանագիր չի կնքել:Ստացվում է, որ «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ն այսօր ապօրինի է զբաղեցնում այդ տարածքը:

Կորյունի փողոցի բոլոր շենքերի նկուղային հարկերը սեփականաշնորհվել են, բնականաբար, բոլորից թաղապետարանի աշխատակիցները փող են վերցրել: Իսկ այս մի տարածքը Գագիկ Բեգլարյանը չի ուզում անվճար ձեռքից բաց թողնել: Մանավանդ որ, տարածքով հետաքրքրվողներ կան: Բայց Գագիկ Բեգլարյանը ստիպված է լինելու այս տարածքից փող չաշխատել, քանի որ կազմակերպությունում ոչ ոք մտադիր չէ նրան փող առաջարկել: Նա նաեւ ստիպված է լինելու պատասխանել հիմնադրամի նամակին, քանի որ կազմակերպությունը պատրաստվում է դիմել դատարան՝ ոչ թե տարածքի սեփականաշնորհման գործընթացը սկսելու պահանջով, այլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter