HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իշխանությունները ճնշում են ազատ խոսքը

Հոկտեմբերի 23-ին մայրաքաղաքի կենտրոնում բախում էր տեղի ունեցել խաղաղ երթ անցկացնող մի խումբ անձանց եւ ոստիկանների միջեւ:

Մոտ 50 հոգի, շարժվելով Մաշտոցի պողոտա-«Երիտասարդական» կայարան-Աբովյան փողոց ուղղությամբ, թռուցիկներ են բաժանել ու բարձրախոսի օգնությամբ մարդկանց տեղեկացրել հոկտեմբերի 26-ին նախատեսված հանրահավաքի մասին: Երթի մասին իրազեկվել էր քաղաքապետարանը, որն իրազեկումն ընդունել է ի գիտություն: Չնայած դրան` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «քաղաքացիները իրավունք ունեն առանց իրազեկման անցկացնել ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ (որոնց մասնակիցների թիվը մինչեւ 100 հոգի է)` չխախտելով հասարակական կարգը, ճանապարհային երթեւեկության կանոնները», իսկ 7-րդ հոդվածով` «հրապարակային միջոցառման մասնակիցները կարող են ունենալ կամ կրել պաստառներ եւ ցուցադրական այլ նյութեր, ինչպես նաեւ օգտագործել բարձրախոսներ»:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ ակտիվիստներին է մոտեցել քաղաքացիական հագուստով մեկը, ով ներկայացել է որպես ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ եւ պահանջել դադարեցնել ցույցը, հետո էլ` չխոսել բարձրախոսով: Երթի մասնակիցներն օրենքից անտեղյակ երիտասարդին ցույց են տվել դրա դրույթները եւ շարունակել: Կորյուն-Աբովյան խաչմերուկում նրանց «դեմն առել է» ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի` Ներսես Նազարյանի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը եւ պահանջել իրեն հանձնել բարձրախոսը: Նա եւ մյուս ոստիկանները չեն կարողացել օրենքով հիմնավորել իրենց պահանջը: Ավելին մեկն ասել է. «Օրենքը ես եմ»: Սկսվել է թեժ խոսակցություն: Մեջ են մտել ՊՊԾ-ականները` «կարմիր բերետները» (ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայություն): Վերջիններս հարձակվել են հավաքվածների վրա, արցունքաբեր գազ կիրառել նրանց դեմ եւ ծեծել: 

Դեպքի վայր հասած Գոհար Վեզիրյանը («Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող), որն այստեղ էր եկել լուսաբանման նպատակով, անմասն չի մնացել վնասվածքներից: Նա պատմել է, որ երբ փորձել է լուսանկարել, թե ինչպես են ծեծում «Իմպիչմենտի» անդամ Մանուկ Սուքիասյանին, եւ փորձել է սանձել կատաղած ոստիկաններին, հանկարծ երկու ուժեղ հարված է ստացել ձախ ականջի ուղղությամբ: Շրջվելով` տեսել է, որ հարվածողը քաղաքացիական հագուստով մի տղամարդ է: Սա չի անսացել Վեզիրյանի ասածին, որ ինքը լրագրող է, հակառակը` շարունակել է խփել եւ հրել: Նահանջած կնոջ վրա հարձակվել են բերետավորները, նրանցից մեկը արցունքաբեր գազ է արձակել Վեզիրյանի դեմքին: Վերջինիս փորձել են մտցնել ոստիկանական մեքենան, սակայն օգնության է հասել «Չորրորդ իշխանության» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: Բերետավորները մի կողմ են հրել Վեզիրյանին, որն էլ հետ-հետ է գնացել եւ այդ պահին ոլորել ոտքը: 

Բժիշկները լրագրողին արգելել են մի քանի օր քայլել, սակայն դեպքից երկու օր անց Վեզիրյանը գնացել է աշխատանքի, որտեղ մի քանի անգամ գլխապտույտ է ունեցել, սրտխառնոց զգացել եւ ուշագնաց եղել: Հիվանդանոցում լրագրողի մոտ ուղեղի ցնցում են գրանցել:

Վեզիրյանը ճանաչել է իրեն ծեծող ոստիկաններից մեկին` պարեկապահակային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանին: Անհասկանալիորեն Գոհար Վեզիրյանը հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես վկա, այլ ոչ թե տուժող: 

Բախման արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 11 հոգու` «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին եւ նրա տղաներին` Տիգրանին ու Կարենին, նրանց երկու ազգականի` Լյովային ու Տիգրանին, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանին եւ նրա որդուն` Թեւոսին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, «Չորրորդ իշխանության» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանին, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանին եւ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Ոստիկանության Կենտրոնի բաժնում վերջիններիս պահել են 8 ժամ, ենթարկել են անձնական խուզարկության, բայց ոչ արձանագրություն են կազմել, ոչ էլ օրենքով թույլատրվող զանգի հնարավորություն են տվել, սկզբում նաեւ փաստաբանի դիմելու հնարավորություն չեն տվել, բացի այդ` ոստիկանությունում օրենքով նախատեսված երեք ժամվա մեջ չեն հստակեցրել բերման ենթարկվածների կարգավիճակը: 

Նույն գիշերը Կենտրոնի բաժնի դիմաց մարդկանց մեծ խումբ է հավաքվել: Այնտեղ են գնացել նաեւ քաղաքական գործիչներ ու պատգամավորներ: Հատկանշական էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը ակտիվիստներին: Հենց առաջին նախագահի ջանքերով կեսգիշերից ժամեր անց նրանք դուրս են բերվել բաժնից:      

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. 

«Հոկտեմբերի 23-ին` ժամը 19.00-ի սահմաններում, երթի դուրս եկած մի խումբ անձինք խոչընդոտել են Աբովյան-Կորյուն փողոցների երթեւեկությունը: Հիվանդագին ընդունելով իրենց կարգի հրավիրող ոստիկանների դիտողությունները, վերջիններս անհիմն վիճաբանել են նրանց հետ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անցորդների, վարորդների եւ ոստիկանների նկատմամբ` շուրջ քսան րոպե զազրախոսել եւ հայհոյել ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ հայհոյանքներ տեղացել իշխանության մարմինների հասցեին, ապա իրենց գործողություններով խոչընդոտելով ոստիկանների աշխատանքը` դիմադրություն են ցույց տվել եւ բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Խուլիգանությանն ակտիվ մասնակցել եւ ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Տիգրան եւ Կարեն Մակեյանները եւ Շողեր Մաթեւոսյանը, որոնց գործողությունների հետեւանքով ոստիկանության չորս աշխատակիցներ մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության: Որպես կասկածյալ հարցաքննվել են Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, իսկ Տիգրան եւ Կարեն Մակեյանները եւ Շողեր Մաթեւոսյանը հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով եւ 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) առաջին մասով ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները ճշտվում են: Նախաքննությունը շարունակվում է»: 

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում այս հաղորդագրությանը համահունչ ձեւով արտահայտվել է փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Նա, մասնավորապես, ասել է. «Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնու՞մ եք` կինը հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ տալիս»: Ինքը` Մաթեւոսյանը սա զրպարտություն է համարում: Ըստ նրա`իր եւ «Չորրորդ իշխանության» դեմ գործողությունների պատճառն այն է, որ իշխանություններն իրենցից ռեալ վտանգ են տեսնում եւ շատ վտանգավոր են համարում: Փորձաքննությունը գտել է, որ Մաթեւոսյանի օգտագործած հեղուկներում առկա է եղել ընդամենը 0,11 տոկոս ալկոհոլ, ինչը, ըստ լրագրողի, բժշկական թուրմի բաղադրության մաս է եւ բնավ վարորդական իրավունքների խախտում չէ: 

Ավելին` իրեն զրպարտելու պատճառով Մաթեւոսյանը պատրաստվում է դատի տալ փոխոստիկանապետ Մահտեսյանին եւ մայրաքաղաքի ոստիկանապետ  Ներսես Նազարյանին

Հոկտեմբերի 29-ին հարցաքննվել են վերոնշյալ 5 կասկածյալները եւ մի շարք վկաներ: Վերջիններիս մեջ են եղել Գոհար Վեզիրյանը, Դավիթ Մաթեւոսյանը: Կասկածյալներից ցուցմունք չեն տվել Շողեր Մաթեւոսյանը, Պետրոս Մակեյանի որդիները` Կարենն ու Տիգրանը, որոնցից առաջինը տուժել էր արցունքաբեր գազից, իսկ երկրորդն ուղեղի ցնցում էր ստացել: Ինքը` Պետրոս Մակեյանը առերեսվել է իրենց դեմ ցուցմունք տված ոմն մայոր Գրիգորյանի եւ ամսագրավաճառ ոմն Սամվելի հետ, որոնց միջոցով, ըստ Մակեյանի, ոստիկանությունը փորձում էր «գործ սարքել» իրենց դեմ:    

Հոկտեմբերի 30-ին գործով մեղադրյալներ են ներգրավվել Փաշինյանը, Շ. Մաթեւոսյանը եւ երեք Մակեյանները: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 316 հոդվածի առաջին մասով: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել:  

Հատկանշական է «Առավոտի» այն դիտարկումը, որ ՀՀ Քր.դատ.օր.-ի 88 հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցած ոստիկանությունը կոպտորեն խախտել է օրենքը, քանի որ այդ կառույցը այս պահին շահագրգիռ կողմ է: Ստացվում է, որ ոստիկանությունը եւ տուժող է, եւ գործ հարուցող: Թերթը նաեւ հիշատակում է հոկտեմբերի 23-ի գործողությունը ղեկավարած ՊՊԾ պետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի մասին: «Բազազ» մականունով ոստիկանը Վանո Սիրադեղյանի օրոք հեռացվել էր աշխատանքից` նախկին պաշտոնը բարձրացնելու նպատակով կաշառք տալու պատճառով: Մելքոնյանին վերադարձրել է ներկայիս ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Իսկ Ալեքսանդր Աֆյանը հայտնի է «Հացթուխ» մականունով, քանի որ Կոտայքում հացի փուռ է ունեցել եւ զբաղվել է ալյուրի վերավաճառքով:

Շողեր Մաթեւոսյանը կարծում է, որ ոստիկանությունը կխուսափի դատարան դիմել, իսկ իրենք այնպես պետք է անեն, որ գործը մտնի այնտեղ: 

Օգտագործվել են նյութեր «Հայկական ժամանակ», «Առավոտ», «Ազգ» օրաթերթերից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter