ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Քաղաքի «լարման կետերը» վավերագրող նկարիչը. Պետո Պողոսյան



Ընթերցողներից շատերը չեն հիշի` ինչպիսին էր Պարի պետական անսամբլի կամ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին համերգային պաստառները Օպերային հարակից տարածքում, սակայն բավական է Պետո Պողոսյանի քաղաքանկարները համադրել ըստ ժամանակագրության եւ կարելի է պատկերացում կազմել, թե օր օրի ինչպիսի փոփոխություններ է կրում մայրաքաղաքը:

Աշխատանքներն ստեղծվում են ջրաներկով`գյումրեցի նկարչի քաղաքային պատկերացումների շրջանակներում: 

Նայելով ձեր աշխատանքները` Ձեզ առաջին հերթին ոչ միայն որպես  նկարիչ, այլ նախեւառաջ քաղաքը վավերագրող ընկալեցի:Ինչպե՞ս որոշեցիք անդրադառնալ հենց քաղաքին եւ այս կերպով:

Քաղաքը, ավելի ճիշտ քաղաքի ռիթմը ինձ միշտ էլ գրավել է եւ այն ֆիքսելու, վերլուծելու համար ի վերջո հանգեցի նրան, ինչ անում եմ հիմա: Իսկ ես հիմա cityscape (քաղաքանկար) եմ անում, որը, մեղմ ասած, մեզ պակասում է: Այսինքն փնտրում եմ քաղաքում, այսպես ասած, «լարման կետեր»` համենայնդեպս ինձ համար: 

Դժվար չէ՞ դա անել մի քաղաքում, որտեղ քաղաքին խորհուրդ հաղորդող շատ շինություններից  միայն հետքն է մնացել: 

Այո, դժվար է, բայց ժամանակակից քաղաքը ինքնակարգավորվող մարմին է. ինքն իրենով էսթետ է, եւ ես նրան հանրությանն եմ ներկայացնում բոլոր հակասություններով, ինչպես որ զգում եմ: Սա չոր վավերագրում չէ այն մասին, թե ինչ ունեինք եւ ինչ մնաց, այլ ավելի շատ ռիթմի եւ մեր ապրելու (էքզիստենցիալ) տարածքի ներկայացնելու ընթացքն  է: 

Ձեր քաղաքանկարները ըստ ժամանակագրության դասավորելուց հետո կարելի է նաեւ հանգել այն եզրակացության, թե քաղաքում մշակութային, քաղաքական, տնտեսական ռիթմն ինչպիսին է: Ի՞նչն է հաճախ զայրացնում քաղաքի այն հատվածից, որը քաղաքանկարի է վերածվում: 

Հնարավոր է` ճիշտ եք, եւ քաղաքանկարը հետեւանք է: Գիտեք, եթե սկզբից սկսենք, ներկայիս քաղաքը տասնամյակների պատմություն ունի` որպես հենց բուն քաղաքամիջավայր եւ մշակույթ, բացի այս` պարբերաբար քաղաքին չափից շատ են միջամտում երեւի, եւ նա «չի հասցնում» վերդասավորվել: Սա ցավալի է:

Հաստատ մեզ մոտ անհամեմատ դժվար է այդ պայմաններում քաղաքանկար անելը, քան Փարիզում. սեփական փորձով գիտեմ: 

Հիշու՞մ եք դեպք, երբ ստեղծեցիք քաղաքանկարը, որն ուներ հատուկ կուլմինացիոն մշակութային կետ, եւ այսօր այդ շինությունը կամ միջավայրը չկա: 

Ինձ մոտ այդպիսի դեպքերի պակաս չի զգացվում:  Չեմ կարող բնութագրել որպես «մշակութային հատուկ կետ», բայց այդ ներքին լարման կետերից շատերն այլեւս չկան: Օրինակ` Աբովյան փողոցն է, որպես այդպիսին, անընդհատ փոխվում:

Հասկանու՞մ եք` ես ընդունում եմ քաղաքն իր հակասություններով եւ փոփոխություններով, բայց ծայրահեղ դեպքերից եւ դրանց լավ կամ վատ լինելու մասին քննարկումն անիմաստ է, որովհետեւ մեր քաղաքը մեծ մասամբ սովետական քաղաքային միջավայրի կոնտեքստով է ներկայացել`շատ պուրակներ, շենքեր, եւ դեռ պետք է հասկանալ` ինչ ուղղությամբ է գնում:

Դուք ծնունդով գյումրեցի եք: Քաղաքային միջավայրն այնտեղ այլ բնու՞յթ է կրում:

Այ դա ամբողջովին այլ թեմա է: Այո, այլ է: 

Ինչպե՞ս է ազդում ներքին եւ արտաքին քաղաքականությունը մայրաքաղաքի, ապա այնպիսի քաղաքների վրա, ինչպիսին, օրինակ, Գյումրին է: 

Թեեւ ես քաղաքականացված չեմ, բայց ուշադիր հետեւում եմ ընթացքին ընդհանրապես. կարծում եմ` ամենաուղղակի ձեւով: Եթե մարդիկ փոխվում են, ապա քաղաքն ինքն էլ փոփոխություններ կրում է. սա շինությունների հարց չէ, այլ մարդ-քաղաք, մարդ-քաղաքից հետո եւ քաղաքից առաջ հարաբերությունների հարց է:

Գյումրին «հավերժ» քաղաք է . այնտեղ դանդաղ է փոխվում ինչ-որ բան... Մարկեսի Մակոնդոն է: 

Եվ նույնիսկ Մարկեսի Մակոնդոն էլ, որպես այդպիսին, չմնաց , «Մակոնդո»: 

Համաձայն եմ, որ ամեն բան ի վերջո փոխվում է. ես սոցիալական կառուցվածքի մասին չեմ խոսում, այլ Գյումրիի գորշ քարից, փողոցներից, միստիկայից, դեռ պահպանված հատուկ էներգետիկայից, որ ունեն գյումրեցիները: 

Մենք ամեն օր արթնանում ենք այս քաղաքում եւ շատ ժամանակ տարբեր անկյուններով անցնելիս չենք նկատում այն, ինչ  Դուք նկատում եւ դարձնում եք  քաղաքանկարի թեմա: Կարծում եմ` Ձեզ համար ավելի ակնհայտ պետք է լինի այն, ինչը վնասում է քաղաքային  մշակույթին: 

Ես էդպիսի շեշտադրում էլ եմ անում, չէ՞ որ մեր ամեն ինչը` կռիվը, գործ էստեղ է: Ավելի խորը եթե նայենք, ապա խնդիրն այն է, որ պետք է փոխվի մոտեցումը քաղաքի նկատմամբ, որ այն ի վերջո համաչափություն ստանա: Քաղաք ասվածն էդպիսին է:

Կարմիր «բուտկան» ոչ մի կապ չունի գեղեցիկ շենքի եւ փողոցի հետ. սա նույնպես կարելի է նայել ճիշտ դիտանկյունից եւ տեսնել հետաքրքիրը, բայց երբ անհամաչափ շատանում են տեսարանդ փակող անճաշակ բարձրահարկ շենքեր եւ ցուցանակներ, արդեն վտանգում են քաղաքի` որպես դաստիարակող, էսթետ լինելու դերը:

Սա լուրջ խնդիր է: 

Ձեր աշխատանքները դիտում են նաեւ դրսում: Քաղաքի պատկերացումը տարբե՞ր է մեր եւ դրսի դիտողի համար: 

Այո, փորձում եմ հնարավորինս ներկայանալ եւ ներկայացնել մեր քաղաքը:

Իհարկե տարբեր են, որովհետեւ քաղաքներն են տարբեր: Շատերն իմ գործերով սկսել են ճանաչել մեր քաղաքը, եւ մեծամտություն չհնչի, ինչ-որ չափով էլ զգում են վերջինիս էներգետիկան: 

Աշխարհին հայտնի շատ մայրաքաղաքներ ունեն իրեն հատկանիշը` սիրո, գրականության, քանդակագործության մայրաքաղաքներ: Որպես քաղաքանկար ստեղծող, որն ամեն օր քաղաքի այս ու այն անկյունը դիտում է նախ նկարիչի եւ ապա քաղաքաբնակի աչքերով, ինչպիսի՞ առաջնային հատկանիշ կառանձնացնեք: 

Շատ դժվար հարց է հիմա մեր քաղաքին հստակ ձեւակերպում տալը:

Ինչ-որ չափով այն լարման քաղաք է, իսկ մյուս կողմից` արեւի: Եվ այսպես շարունակ:

Գուցե, քաղաքը շատ սիրելով, չեմ կարողանա օբյեկտիվ լինել այս առումով: 

Հ.Գ. Պետո Պողոսյանի աշխատանքները կարող եք դիտել այստեղ` http://petoart.ucoz.com/


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ