HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ դոկտոր Օլավ Թվեյթին և դոկտոր Գայ Լիագրեին

Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի և Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ 2011 թվականին աշխարհի հոգևոր  իշխանություններին հղած իմ նամակում հորդորել էի ապրիլի 24-ին Հարության պատարագի ժամանակ հիշատակել ու ոգեկոչել 1915 թվականին թուրքական կառավարության կողմից սանձազերծված Մեծ եղեռնի անմեղ նահատակներին՝ իրենց բնակավայրերից տեղահանված ու Քրիստոսի խաչի հավատարմության համար խաչված մեկուկես միլիոն հայերին:       

Նամակիս կապակցությամբ ձեր աստվածահաճո արձագանքի համար հայտնում եմ իմ խոնարհ հարգանքն ու ակնածաքը:

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է 98-րդ տարելիցը թուրքական կառավարության կողմից մինչ օրս չընդունված ու իր գնահատականը չստացած այդ մեծագույն  ոճրագործության, որից մազապուրծ հայերի բեկորները դարասկզբին ցրվեցին համայն աշխարհում՝ ձևավորելով հայոց սփյուռքը: Թուրքական տիրապետության տակ մնացին հայոց հնամենի բնակավայրերն ու մեր  արարող ժողովրդի մշակույթը: Բայց Թուրքիայի հիմնական թիրախը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած հայ ժողովրդի հավատքն էր. այն ժողովրդի, որին թուրքերը ոչ թե հայ էին անվանում, այլ գյավուր, որ իրենց լեզվով  նշանակում է՝ անհավատ:

Քրիստոսի հավատքի հանդեպ հավատարմության համար հայ ժողովուրդն իր կյանքով է հատուցել:     

Մեծագույն հարգանքով ու խոնարհումով հայցում եմ ձեր աջակցությունը՝  դիմելու քրիստոնյա աշխարհի հոգևոր իշխանություններին, որպեսզի նրանք իրենց դատապարտող խոսքը հնչեցնեն կատարված ոճրագործության կապակցությամբ: Հայ ժողովրդի համար ցավալի պատեհությամբ հնչող այդ աստվածահաճո կոչով համայն մարդկությանը կհիշեցվի մեր տեր Աստծո առաջին պատվիրանը՝ «Մի՛ սպանիր»: Հայոց եղեռնի 100-ամյակի շեմին քրիստոնյա աշխարհի հոգևոր առաջնորդներն իրենց այդ արարքով տուրք կմատուցեն մարդկության շահերից բխող, և դարասկզբին ամենահակամարդկային կերպով զանցառված «Մի՛ սպանիր» պատվիրանին: Այդպիսով հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին կհիշեցվի, որ կատարված ոճրագործության մասին լռելն ու այն չդատապարտելը ինքնին ոճրագործություն է, որ մշտապես կարող է սպառնալ աշխարհի ժողովուրդների խաղաղ համակեցությանը:     

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ`     Ռազմիկ Մարկոսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter