HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Սովորել եմ չարտահայտվել, երբ արտահայտվելը պարտադիր կամ պարտադրված է. Սէվ

Ամերիկաբնակ աբստրակցիոնիստը «վիրտուալ» երեւանցի է:

Վերջին անգամ Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերին էիք. ինչպիսի՞ն էր քաղաքացիական եւ քաղաքական դաշտի ակտիվությունը:

Հայաստանը անհանգիստ է վերջին 25 տարին ու հիմնականում՝ «առաջնորդների» ու ԶԼՄ-ների շնորհիվ: Իրական դժվարություններն ու բարդությունները միշտ չափազանցվել են, գերչափազանցվել շատ խելոք գրքեր կարդացածների կողմից: Ամեն տեղ էլ եռքն ու քարացվածությունը միատեղ էին էն ժամանակ, ու երկու վիճակն էլ ծայրահեղ ռացիոնալացված:

Հիմա, երբ հետեւում եք իրադարձություններին Կալիֆորնիայից այդ նույն մեդիաների միջոցով, որեւէ տեղաշարժ նկատու՞մ եք: Քաղաքական դաշտն ինչպե՞ս է ազդում քաղաքացիական ազդակների վրա:

Անուշ, նախ արի գոնե ես ու դու քաղաքականն ու քաղաքացիականը չտարանջատենք. այս «բանաձեւը» շատ գեղեցիկ ձեւով շրջանառության մեջ դրվեց բոլորին անխտիր կուսակցություններ քշելու միտումով:

Պատահական չէ, որ շատերը խոսում են միայն «համամասնական» ընտրությունների մասին:

Այդ դեպքում ինչպե՞ս կբնորոշեք վերջին տարիներին անկուսակցական երիտասարդների ներգրավվածությունը տարբեր շարժումներում: Արդյոք դրանք եւս ուղղորդված են: 

Իհարկե տեղաշարժեր կան, երիտասարդները կրթվում են իրենց ուղղակի, անմիջական կենսափորձով:

2008 թ.-ից հետո մոդա դարձած լոզունգային «պայքարողների» կողքին սկսել են երեւալ լուռ պայքարողները, ովքեր շատ չեն խոսում պայքարից:

Ուղղորդումը ցանկացած հասարակության մեջ կա. conditioning-ը հասարակական-սոցիալական ինստիտուտների հիմնական գործն ու զբաղմունքն է` անգամ մշակույթի:

Բայց մարդը, համենայնդեպս, ինքնուրույն ու ազատ, անկաշկանդ մտածելու պոտենցիալ ունի, ու ինչ էլ ուզեն անել «վերեւները», ոմանք էդ թակարդից կարողանում են խուսափել:

Կարելի՞ է ասել, որ ներկայիս սերունդը ինքնակարգավորման ճանապարհի վրա է: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս կանդրադառնա նրա վրա աշխարհում անընդհատ փոփոխվող միջավայրն ու սոցիումի ընկալումը:

Դա հավերժական խնդիր է. բաներ կան, որոնց վրա ժամանակի ազդեցությունը զրո է. ամեն ինչ չէ, որ կարելի է տեսականացնել  (theorize). դրանք չփոփոխվող բաներն են, մեր իրականության հաստատուններն են՝ constant, invariable... Մտածողության ավանգարդը վերացարկումով է հասնում իրեն հասանելի ճշմարտությանը՝ թեկուզ հարաբերական, այլ ոչ տեսականացնելով, ռացիոնացնելով:

Վերջերս լսեցի ռացիոնալացվող իռացիոնալի մասին խոսակցություն. իբր մեր միջի իռացիոնալը ռացիոնալացմամբ է իրական դառնում, իսկ էդ դեպքում ի՞նչ է գիտակցումը... Անգամ Ֆրեյդի գաղափարները այսօրվա Հայաստանում ընկալվում են ռացիոնալիզացիա/ռեֆլեքսիա հարթությունում` ֆրեյդականության կոմերցիալ տարբերակով:

Աբստակցիային անցնելով` քաղաքականության համատեքստում. արդյոք խնդիրների բազմատարրությունը եւ մեր պետության տարածքային չափը թույլ չեն տալիս քաղաքական եւ հասարարակական գործիչներին խուսափել կոնկրետավորումից եւ նկարել մանիպուլիացիոն «իրականության» կտավը:

Քաղաքականությունը շատ կոնկրետ բան է, եւ դրա դասագրքերը ավելի հաճախ են խմբագրվում, քան մենք փոխում են մեր գուլպաները կամ... Բայց գրքայնությունը միշտ փորձում է ստվերել «ստանդարտից դուրսը»:

Կա քաղաքականություն եւ քաղաքական կուլտուրա, որոնք հակոտնյաներ են. 1980-ի վերջին` 90-ի սկզբին, երբ իշխանությունը դեռ չէր «հզորացել», հենց ոմանց ոչ ստանդարտ «վարքը» հիմք դարձավ այն բոլոր հնարավոր «ազատություններին», որ կա հիմա Հայաստանում:

Տես` ինչ արդյունք տվեց կոնկրետից դուրս գալով ցանկալիի ոլորտ մտնելը հետընտրական շրջանում:

Ոչ կոնկրետ գործողությունն ու հարցադրումը կարող է նաեւ առիթ դառնալ  (եւ հաճախ դառնում է) ոչ կոնկրետ քայլի եւ պատասխանի: Այդ դեպքում կոկրետ պատասխաններ ումի՞ց եւ որտեղի՞ց ակնկալենք:

Հետընտրական շրջանի սկզբում հիմնական ու կոնկրետ խնդիրը կեղծված ընտրություններն էին, ընտրական արդարության վերականգնումը, եւ մի գիշերում չգիտես` որտեղից հայտնվեց ընտրված երկու նախագահի մասին մտայնությունը, եւ բոլորը կառչեցին դրանից, իբր դա հրատապ ու հեշտ հասանելի նպատակ է:

Ու կրկին ունեցանք պղտորված ջուր, ապաշնորհ կամ հանճարեղ առաջնորդներ, անգիտակից ու հեշտ «ծախվող» ժողովուրդ:

Հայաստանյան իրականության այս համատեքստում մշակութային զարգացման հարցն ինչպիսի՞ որակ է ձեռք բերում:

Քանի արվեստն ու ազատ միտքը իրենց չեն ազատագրել ու չեն տրամադրվում անկախ ապրելուն, մշակույթի մասին խոսելն ավելորդ է:

Անկախ ասելով` տնտեսական անկախությունն ամենեւին էլ նկատի չունեմ. դա գրեթե անհնար է, խոսքս կարծատիպերի հանդեպ սուբյեկտիվ, կոնկրետ վերաբերմունք ձեռք բերելու մասին է. քիչ առաջ մտածում էի, որ սովորել եմ չարտահայվել, երբ արտահայտվելը պարտադիր կամ պարտադրված է. լուրջ «նվաճում» է:

Դա՞ է պատճառը, որ Հայաստան չեք վերադառնում:

Հայաստան վերադառնալը… Հայաստանում ապրածս ժամանակ ավելի հաճախ եմ բացակա եղել, քան հիմա, ու չմոռանանք, որ ես ինչ-որ առումով արվեստի հետ կապ ունեցող մեկն եմ, ու հարթակը, հրապարակն իմ բանը չեն, իսկ իմ գործերը միգուցե…

Էհ, ասենք մի քանի օրը մեկ իջնում եմ Կենտրոն, նստում որեւէ սրճարանում` մենակ, հետո վերադառնում տուն` արվեստանոցս:

Ի՞նչ  պիտի փոխվի դրանից «դրսի»` մյուսների համար. կարող եմ վստահաբար ասել` ոչինչ, իսկ վիրտուալն ինձ երեւանցի է դարձնում անմիջապես ու օրը 24 ժամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter