HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով` պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով: Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակով եւ աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:

Պատգամավորների համար օգնականների հաստիքը օրենքով նախատեսվել է 2008 թ. աշնանից: Հենց այդ պահից պատգամավորների մի մասը, օգտվելով այն առիթից, որ իրենք են ընտրում իրենց օգնականներին, այդ հաստիքով խորհրդարան տարան իրենց զավակներին եւ բարեկամներին:

Իհարկե, գնալով կրճատվում է այդ երեւույթը, սակայն դեռ կան պատգամավորներ, որոնց օգնականները իրենց երեխաներն են կամ այլ ազգականները:

Դժվար է ասել` պատգամավորների զավակներին ձգում է ամսական 100 հազար դրամ աշխատավա՞րձը, թե՞ նրանց նպատակը աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումն է, որ աշխատել են խորհրդարանում:

Կան պատգամավորներ, որոնց հասարակական հիմունքներով աշխատող օգնականները եւս իրենց բարեկամներն են: Իհարկե, այստեղ 100 հազար դրամի մասին խոսք չկա, քանի որ ԱԺ-ից չեն վարձատրվում, սակայն, նրանք ազատ մուտք ու ելք ունեն խորհրդարան, դեսպանատներում եւ միջազգային կազմակերպություններում կարող են ներկայանալ որպես պատգամավորի օգնականներ եւ «առավելություններ» ունենալ:

Կան նաեւ պաշտոնյաներ, որոնք իրենց ազգականներին կամ զավակներին եւս տեղավորել են խորհրդարանում: Օրինակ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ռեֆերենտներից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դուստրն է` Զարուհի Բաբուխանյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականը նախկին պատգամավոր, ներկայումս Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին է` Կարեն Գրիգորյանը: Նրանց անունները տեղադրված են նաեւ ԱԺ կայքում:

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի վճարովի հիմունքներով օգնականը «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատեր, նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանի որդին է` Արսեն Ղուկասյանը: Նշենք, որ Արսենը Գ. Մինասյանի օգնականն է դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովից, երբ նրա հայրը դեռ պատգամավոր էր:

Կան պատգամավորներ, որոնք Ազգային ժողով չեն գալիս եւ չեն էլ մասնակցում երեք շաբաթը մեկ գումարվող լիագումար նիստերին, սակայն աշխատավարձ են ստանում ոչ միայն նրանք, այլեւ նրանց օգնական զավակները:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ Ազգային ժողովի պատգամավորների օգնականների աշխատանքը նորմավորված չէ, նրանք իրենց գործունեությունը ծավալում են ըստ պատգամավորի կողմից տրված հանձնարարության, ըստ այդմ՝ տվյալ աշխատանքի համար նպատակահարմար վայրում:

Ստորեւ ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնց օգնականները իրենց զավակներն են, կամ` այլ ազգականները:

Պատգամավոր

Օգնական

Ազգակցական կապ

Վճարովի, կամ` հասարակական հիմունքներով

Արայիկ Աղաբաբյան, ԲՀԿ

Արամ Աղաբաբյան 0.5 դրույք

եղբայր

վճարովի

Մանվել Բադեյան, ՀՀԿ

Մարիամ Բադեյան

դուստր

վճարովի

Գրիգոր Գրիգորյան, ԲՀԿ

Աշոտ Գրիգորյան

որդի

հասարակական

Մարգարիտ Եսայան. ՀՀԿ

Ստեփան Եսայան 0.5 դրույք

որդի

վճարովի

Կարո Կարապետյան, ԲՀԿ

Լուսինե Կարապետյան, 0.5 դրույք

դուստր

վճարովի

Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ

Լիանա Էնֆիաջյան

քույր

հասարակական

Վահագն Մախսուդյան, ԲՀԿ

Վահան Մախսուդյան, 0.5 դրույք

որդի

վճարովի

Արշակ Մխիթարյան, ԲՀԿ

Անի Մխիթարյան

դուստր

վճարովի

Լյովա Խաչատրյան, ԲՀԿ

Հայկ Խաչատրյան

ազգական

վճարովի

Ռուբեն Գեւորգյան, ԲՀԿ

Մարինե Գեւորգյան, 0.5 դրույք

ազգական

վճարովի

Նշենք, որ ԱԺ-ից օգնականների ցանկը տրամադրում են առանց նրանց հայրանունները նշելու, որպեսզի շատերի «ինքնությունը» չպարզվի, մինչդեռ օգնական ունեցող պատգամավորների հայրանունները նշում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter