HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հակոբյան. «Երբևէ հզոր քիմիայով հայտնի Հայաստանում այսօր քիմիա գիտությունը մահվան եզրին է»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Արամ Հակոբյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնում՝ որպես ուսումնական լաբորատորիայի վարիչ: Թեկնածուական ատենախոսություն դեռ չի պաշտպանել:

Թե ինչն է նրան ձգում գիտության մեջ և ինչո՞ւ որոշեց գիտնական դառնալ հարցի վերաբերյալ պատմում է. «Հայրս գիտնական էր՝ քիմիկոս, նույնպես աշխատում էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում: Երբ նա մահացավ, որոշեցի շարունակել նրա գործը, սակայն այն ժամանակ չէի պատկերացնում, որ դա բավական պատասխանատու և ոչ հեշտ խնդիր է: Բացի դրանից, սիրում եմ բացահայտումներ, իսկ գիտությունը հենց այն դաշտն է, որտեղ կարելի է բազմաթիվ բացահայտումների ականատես լինել և, ինչո՞ւ ոչ, ինքդ բացահայտումներ անել»:

Հետաքրքրությունների շրջանակը բազմաթիվ է՝ չի պատկերացնում կյանքն առանց երաժշտության, շատ է սիրում գեղարվեստը և արվեստն ընդհանրապես: Հետաքրքրվում է ՏՏ ոլորտով, բլոգ է վարում, հանդես է գալիս Arxangelo անվամբ, նաև Հայկական քիմիական բլոգի՝ www.chemistry.am հեղինակն ու հիմնադիրն է:

Գիտական աշխատանքները նվիրված են մի շարք մոնոմերների և ամինների ջրային լուծույթների կոլոիդաքիմիական հատկությունների ուսումնասիրման, պոլիակրիլամիդ-ակրիլամիդ ՄԱՆ համակարգում միջմոլեկուլային փոխազդեցությունների և ակրիլամիդի պոլիմերացման գործընթացում պոլիակրիլամիդի դերի ուսումնասիրությանը: Ասում է, որ ներկա պահին գիտական գործունեությունը, իրենից անկախ, որոշ պատճառներով մի փոքր դադարի մեջ է, «սակայն հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ նորից կվերսկսեմ այն: Ներկա պահին ավելի շատ զբաղված եմ քիմիա գիտությունը, որքան հնարավոր է, հանրամատչելի և հետաքրքրական դարձնել երիտասարդների համար վերոնշյալ քիմիական բլոգի միջոցով, սակայն, ֆինանսավորման իսպառ բացակայության պատճառով, սա նույնպես հեշտ իրագործելի խնդիրներից չէ»:

Ընդգրկված է եղել մի շարք միջազգային դրամաշնորհներում, օրինակ, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ). «Կարող եմ ասել մեկ բան՝ միջազգային դրամաշնորհները լավ են այն առումով, որ ֆինանսավորման շնորհիվ կարողանում ես շարունակել գիտական գործունեությունդ, ձեռք բերել որոշ արդի սարքավորումներ, սակայն մեդալի մյուս կողմն այն է, որ բավական օգտակար գյուտեր դառնում են այլ պետությունների սեփականություն և չեն ծառայում սեփական երկրիդ»:

Ցավում է, որ դեռևս ինքնուրույն գիտական աշխատանք չունի, «քանի որ, ինչպես վերևում նշեցի, ինձանից անկախ որոշ պատճառներով գիտական գործունեությունս դադարի մեջ է: Գիտե՞ք, գիտական աշխարհը նույնպես իր ամբիցիաներն ունի...»

Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները համարում է պետության տնտեսական ծանր վիճակում գտնվելը, պետական օղակների անգործությունը կամ ոչ կոմպետենտությունը, նաև իհարկե հասարակության կողմից բնական գիտությունների հանդեպ ձևավորված անվստահությունը. «Գիտե՞ք, այսօր ոչ մի ծնող չի ուզում՝ իր երեխան քիմիայով զբաղվի, որովհետև նրանք գիտակցում են, որ այդպիսի մասնագիտության պարագայում իրենց երեխայի ապագան, մեղմ ասած, անորոշ է: Երբևէ իր հզոր քիմիայով հայտնի Հայաստանում այսօր քիմիա գիտությունը մահվան եզրին է, եթե ոչ՝ մահացած:

Իսկ թե ինչ պետք է անել վիճակը շտկելու համար... «բարդ է, գիտե՞ք, բավական գործ կա անելու այս բնագավառում: Պետք է սկսել երևի թե դպրոցներից և դասագրքերից: Այժմյան խայտառակ դասագրքերին պետք է փոխարինման գան դասագրքեր, որոնք իրոք ունակ կլինեն սովորեցնել, ճիշտ ինֆորմացիա տալ և անպայման հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ այս կամ այն գիտության հանդեպ: Իսկ դասագրքերով պետք է զբաղվեն կոմպետենտ մարդիկ»:

Ըստ Արամի՝ գիտությունը զարգացնելու համար նաև անհրաժեշտ է գնահատել և չթույլատրել ուղեղների արտահոսք՝ բնականաբար, աշխատավարձերի բարձրացմամբ, ասել է թե՝ ապրելու պայմանների բարելավմամբ. «Գիտնականը պետք է մտածի միայն գիտության մասին, բայց երբ գիտնականն սկսում է նաև օրվա հաց վաստակելու միջոցների մասին մտածել, նա արդեն ունակ չէ ամբողջովին նվիրվել և ամենայն լրջությամբ զբաղվել գիտությամբ»: 

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter