HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պահպանվում է պետության կողմից»…Սամվել Մայրապետյանի համար

Պուշկինի 4 հասցեի պատին «Պահպանվում է պետության կողմից» մակագրությամբ ցուցանակ է փակցված: Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին և ընդգրկված է պատմամշակութային հուշարձան-շենքերի ցանկում: 

Շենքի մի հատվածում այժմ ապրում են տեր և տիկին Կիլիկյանները: Էմմա Կիլիկյանն ասում է, որ շենքի այդ գրությունը ձևական բնույթ է կրում, ոչ ոք շենքի նկատմամբ հոգ չի տանում, և «թքած ունեն» գրված ցուցանակի վրա: «Գալիս նկարում գնում են, բայց դրանից ինչ»,- ասում է տիկին Էմման և հիշում, որ բոլորովին վերջերս իրենց տան բակում նկարահանվեց նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մի հատվածը: 

Էմմա Կիլիկյանը պատմում է, որ իրենց տունը նախկինում պատկանել է մեծահարուստ Թաիրովի ընտանիքին, 1923-30թթ. տունը գնել են Կիլիկյանները` Էմմա Կիլիկյանի սկեսրայրի ընտանիքը: Իսկ ինքն այս տանը 55 տարի առաջ հարս է եկել և մինչ օրս էլ ապրում է: Հիմա գործարար Սամվել Մայրապետյանը ստիպում է վաճառել իրենց տունը: 

Սախարովի հրապարակից սկսվող` Պուշկին 2 հասցեի նախկին հրշեջ դեպոյի շենքին հաջորդող տարածքների նկատմամբ «գերակա շահ» է ճանաչվել` «քաղաքի զարգացման հեռանկարներից ելնելով», այնուհետև`  օտարվել գործարար Սամվել Մայրապետյանի ընկերությանը` «Լոկալ Դիվելոփըրզ»-ին:   

Կառավարությունը դեռևս 2008թ-ի օգոստոսի 28-ի որոշմամբ հիմնավորել է, որ այս ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացմամբ Երևանում կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: 

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ տարածքներում առկա են տեղական նշանակության հուշարձան շենքեր և շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում.

«Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մաuնավոր ներդրումների հաշվին վերակառուցել և վերականգնել այդ շենքերն ու շինությունները` հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայումu կառուցվող շենքերի և շինությունների հետ»:

«Ես էդ ամբողջ թաղամասի վրա տենդերով իրավունքներն եմ շահել, այդ թվում` էդ մի շենքի (նկատի ունի` հրշեջի շենքը-հեղ.):  Ոչ թե էդ մի շենքը, այլ ամբողջ թաղամասը`  Պուշկինի 2, 4. 6, 8…սենց հասցեներով գնում ա»,- հստակեցնում է Ս. Մայրապետյանը: 

Թե ինչպես է Ս. Մայրապետյանը «հին Երևանի ճարտարապետական ոճը» համադրելու ներկայումu կառուցվող էլիտարների հետ, դեռ պարզ չէ, քանզի Ս.Մայրապետյանն ասում է, որ դեռ չի որոշել, թե ինչ է կառուցելու այդ տարածքում: 

Սամվել Մայրապետյանը տեղյակ է, որ երկու հուշարձան շենքեր կան այդ տարածքում, և այդ հուշարձանների նախկին տեսքը պահպանելը հնարավոր է համարում, սակայն նշում է, որ մասնագետները պետք է եզրակացություններ տան, սեյսմիկը, մշակույթի նախարարությունը պետք է ասեն` ինչպին պետք է ձեռք տալ, ինչին չէ: «Կարող է ասեն` ոչ մի բանի ձեռք չտաս, այսինքն` այդ ամենին հասնելու համար պետք է շենքը քոնը լինի, որ գնաս խոսես, որ քոնը չի, ինչի մասին խոսես»,- ասում է Ս. Մայրապետյանը: 

Պուշկինի 4 հասցեում դեռ օտարման գործընթացը չի ավարտվել, քանզի բնակիչները, ովքեր դեռ մնացել են տարածքում, համարժեք չեն համարում Ս. Մայրապետյանի առաջարկած փոխհատուցումը: Տիկին Էմման ասում է, որ երկու եղբոր սեփականություն հանդիսացող 1000 մետր տարածքի համար իրենց առաջարկել են 400 հազար դոլար, ինչը, ըստ տան տերերի, համարժեք չէ իրենց տան ու շրջակա տարածքի իրական արժեքին: Իրենց տունն արժե ավելի քան 1մլն դոլար: «Միլիոն հասնում է ինձ, ինքը տալիս է 400 հազար, ո՞նց համաձայնվեն»,- ասում է Էմմա Կիլիկյանը և հրաժարվում է վաճառել տունը: 

Տեր և տիկին Կիլիկյաններն այն քչերից են, որոնք մնացել են Պուշկինի 4 հասցեում: Շենքն արդեն գրեթե դատարկվել է, բնակիչները` տեղափոխվել: Փոխհատուցում ստացող բնակիչներից մեկն էլ, ով չցանկացավ հրապարակել իր անունը, 70 քմ տարածք զբաղեցնող իր բնակարանի համար ստացել է 70 հազար, ինչը շատ քիչ է համարում Երևանի սրտում գտնվող իրենց բնակարանի համար: Այնուամենայնիվ, վաճառել է տունը: 

Եթե բնակիչները չհամաձայնեն վաճառել իրենց տները, ի՞նչ է անելու Ս. Մայրապետյանը: Մեր այս հարցին գործարարը պատասխանեց. «Բայց ես ինչ իմանամ` կուզենան, թե չեն ուզենա: Էսօր ոչ մի բան ես չեմ անում, որովհետև պարզ չի` ինչ կարա դառնա ինքը: Մինչև չազատվի, ո՞նց պիտի պլանավորես»: 

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի շտեմարանի (շտեմարանում ամփոփված են պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տվյալները և ներառված են տեղեկություններ Երևանի քանդված, ոչնչացված, ապամոնտաժված և վտանգված պատմամշակութային հուշարձանշենքերի, դրանց իրավական և փաստացի կարգավիճակի վերաբերյալ)` Պուշկինի 2 հասցեի շենքի  փաստացի վիճակը կանգուն է: 

«Որը որ պատմական է, հատուկ որոշումներ է պահանջում, հատուկ վերաբերմունք է պահանջում, էդ ամեն ինչը պարզ է, այդտեղ չենք հասել դեռ,- ասում է Ս. Մայրապետյանը,-  չունենք պլանավորած որևիցե բան»: 

Մինչդեռ հուշարձան շենքերի տարածքում, ըստ բնակիչների, սպասվում են Սամվել Մայրապետյանի նոր էլիտարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter