Միխեիլ Սահակաշվիլի. «Խարտիայի վավերացումը կհեռացնի Ջավախքը Վրաստանից»
Վրատանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համարում է, որ Եվրոպական խարտիայի վավերացման մասին հայերի պահանջը կարող է ապագայում խնդիր առաջացնել: Այս մասին հայտնում է «Հարավային դարպասը»:
Ըստ լրատվամիջոցի` Միխեիլ Սահակաշվիլին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի այցի ժամանակ մեկնաբանել է Եվրոպական խարտիայի վավերացման առաջարկությունը Ախալքալաքի շրջանային ժողովի կողմից:
«Ամբողջ այս խոսակցությունը, որը վերջին ժամանակներս ընթանում է ինչ-որ նոր փաստաթղթերի վավերացման մասին, դա արհեստականորեն կհեռացնի Ջավախքը Վրաստանից: Ես դեմ չեմ Ռուսաստանի հետ հարաբերություններին, որ բացվի արևտուրը, մշակութային հարաբերությունները... Բայց Վրաստանի անկախության հետ խաղը Ռուսաստանի ուղղությամբ, տարակարծությունը Եվրոպայի նկատմամբ, այդ ամենը ապագայում կստեղծի լուրջ խնդիր, այս դեպքում այս տարածաշրջանում», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին:
Նա նաև հավելել է, որ սիրտն ու հոգին է ներդրել այս տարածաշրջանի զարգացման գործում և պինդ հաստատմանը Վրաստանի կազմում: «Սա է ամենաչպատմված մասը վերջին 10 տարվա Վրաստանի պատմության մեջ: Ինչ է կատարվել այստեղ, ինչպես արեցինք դա, հանգիստ, առանց որևէ PR-ի և գովազդի: Եվ հիմա մեծ ժխորով այդ ամենը կարող է ջուրը լցվել, եթե Վրաստանը չպահպանի իր ամբողջականությունը, դեպի Եվրոպա իր ընթացքը, և եթե Վրաստանը գնա անինքնասիրության ու անարժանության գծով»:
Նախագահը համոզված է, որ «Վրաստանի ճակատագիրը այստեղ էլ է որոշվում».
«Այս ժողովուրդը իրոք մեր ժողովուրդն է, ու այս ժողովրդին ամեն կերպ պիտի օգնենք, բայց չպետք է թողնենք, որ ուրիշները խառնեն, քանի որ այդ պոտենցիալը դեռ կա», - ասել է նա:
Լուս.` Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆեյսբուքյան կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել