HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Փախուստ խխունջներից

Կամուրջի մոտ հրաշալի տեսարան էր. ես նստել էի ամենամեծ քարին ու կիսում էի իմ ու կամուրջի միջև ընկած տարածությունը:

Սիրտս ամենից շատ խփվում էր այն բանից, որ երկուսս էլ ճանապարհ կիսելու մտայնությամբ նույն կայուն ու ձգված վիճակում ենք, մինչև գետն այնքան չի գազազել, որ իր վրայից քշի-տանի բոլոր կապանքները... Սարսափելի միտք է միևնույն ժամանակ լինել կապողը և խանգարողը: Սարսափելի է նաև այն, որ դու երբեք դա չես ցանկանում. գոյությունն ինքը ստիպում է լարում, որը պայթելու կամ քշվելու վտանգ ունի:

Հիմա խխունջներս ազատ շարժվում են այս ու այն կողմ' առանց հիմնական բնակության տեղ որոնելու. նրանց հիմնայնությունն այդքան պահանջված անորոշությունն էր:

***

Երեկ շուկայում մի ձկան տեսակ էի հարցնում. վաճառողուհին զարմացած նայեց դեմքիս, հետո հագուկապիս ու թե՝ վաղուց արդեն այդպիսի ձկներ չկան աշխարհի երեսին:

Ես մի քանի քայլ այն կողմ կանգնել էի այն մտայնությամբ, թե երբ էլի մեկը կպահանջի ձկան այդ տեսակից, ու մտածում էի' այդ վաղուցը երբ էր, այդ ինչ է փոխվել երեկվա և այսօրվա մեջ, որ աշխարհի երեսից ոչնչացել է մի բան, որի համը դեռ հիշողությանս մեջ է:

Արթնացան հիշողությանս բոլոր խխունջները: Նրանք սկսեցին խոնավացնել իրենց տիրույթն ու մրցավազքի բռնվեցին: Ես նրանցից բան չէի հասկանում, գիտեի միայն, որ ինձ էլ ուղղորդելու են ամենախոնավ ու հարմար միջավայրը, որ նրանց միայն ես եմ զգում, և նույն վաճառողուհին կիսատ-պռատ պատկերացում ունի մաշկիս այդքան մոտ լպրծունների մասին:

Տուն հասնելու մտքից ոտքերս ինձնից առաջ ընկան. ես պետք էի հավաքեի իրերս:

Ճանապարհս անցնում էր երկու գլխավոր պողոտայով: Միևնույն քաղաքի մեջ այս երկուսը հստակ զանազանվում էին: Լայն ձգվող պողոտայի ավարտին անսովոր բողոքի ալիք էր. ես ուզում էի միանալ այդ ալիքին, որովհետև մտածում էի' նրանք գոնե հաստատ գիտեն այդ ձկների, այդ խխունջների բնակության վայրը: Ինձ ազատվել էր պետք նրանցից:

Ես կանգնել էի նեղ շրջանակի մեջ ու բարձրաձայն լացում էի. խխունջներս դուրս էին եկել պայքարի. աղմուկն ու շարժումը նրանց վախեցրել էին: Սարսափելի վակուումի մեջ ես փորձում էի հիշել տանս հասցեն: Ու հանկարծ այդ ալիքի մեջ նույն վաճառողուհին բարձրաձայն բղավեց.

-Դուրս մղեք այս աղջկան: Հիվանդի մեկն է: Շուտով նրա բոլոր մտայնությունները մեզ կուլ կտան. տեսեք' քթի ու ականջների անցքերից ինչպես են դուրս թափվում խխունջները:

Ուրեմն խխունջներս դո՞ւրս են թափվում, Աստված իմ, իմ լացը լսելի չէ, իմ մոլորվածությունը նրանց հայտնի չէ, իսկ խխունջներին նրանք տեսնում են:

Ես սողոսկում էի մարդկանց ոտքերի արանքով, հավաքում էի այս ու այն պատին կպած, ասֆալտի վրայով սողացող խխունջներիս ու կուլ տալիս:

Սարսափելի է նորից ներս լցնել այն, ինչն ինքնակամ լքում է քեզ: Սարսափելի է և այն, որ նրանք, աբստամբության պատրաստ, սկսելու էին ներսային խժռումը:

Ես վազեցի որքան ուժ ունեի' կրելով բոլոր այդ խխունջների հազարմյա պատյաններն ու ծանրությունը:

***

Կամուրջի մոտ հրաշալի տեսարան էր. ես նստել էի ամենամեծ քարին ու կիսում էի իմ ու կամուրջի միջև ընկած տարածությունը:

Միայն այն, որ երկուսս էլ ժամանակին (եթե մեզնից մեկն ի վիճակի է մտածելու ժամանակի մասին) վայրկենական քայլք ենք զգում, շփում, որն առանց մեզ ոչինչ է, ու որը միաժամանակ ոչինչ է մեզ համար: Եվ կրկին սարսափելի է:

Բայց մենք կառուցվեցինք, հիմնային անվանում ստացանք և հիմա ազատության մեջ ենք. և հատում ենք այն և միաժամանակ փորձում ուրիշի ազատությունը դառնալ: Ուրիշն անընդհատ փորձում է կանգ առնել, կարևորել և երբեք չի ենթադրում, որ հիմնային որևէ պատճառ կա մեր ձգված լինելու և անընդհատության մեջ... Անընդհատությունը ենթադրում է այդ ամենը, քանի դեռ չի վտարվել մեկ այլ, ավելի հիմնային ակունք ունեցող և դեպի ծով ձգվող հոսքով:

Հոսքն այդ հանգիստ է, քանի կրում է մեզ և միաժամանակ վայրկյան անգամ չի կորցնում ոչնչացնելու այն, ինչն անընդհատ հնանում, բայց չի կորցնում հիմնային հատկությունը:

Արևն այնքան էր շեղվել, որ մարմնիս կեսը թրջվել էր. քրտինքի ու զսպվածության անելանելի վիճակում քարի վրայից չէի շարժվում: Նվիրումն այդ ոչ ցանկություն էր, ոչ էլ առավել ևս պարտադրանք, բայց մի սաղմնային կարգավիճակ թույլ չէր տալիս կտրվել թվացյալ ու մշտապես ձևափոխվող իրականությունից:

Խխունջներս համակարգչային խաղին հատուկ տեխնոլոգիայով հետ ու առաջ էին անում ինձնից դուրս, բայց իմ աչքի առջև:

Հիմա, երբ որոշակի ազատվել էի նրանցից, համարձակություն կար ինքս ինձ խոստովանելու հատկություններս և այն, ինչ մշտապես թույլ էր' հակառակ երեսի իրական կողմը:

Ես փորձում էի ի մի բերել վերջին միլիարդավոր տարիները, որոնք դուրս չէին մնում և ոչ մի սրճարանային, և ոչ մի անցումային, և ոչ մի կանգառային մտորումներից...

Եթե մի ժամանակ գրում էի պրկումների ու լարումների մասին և հավատացնում, որ դա իմը չէ, պարզապես պահ է եկել և անցել է, հիմա մուրճի պես կախվել էին գանգիս վրա՝ կոտրատելու պատրաստակամությամբ, ու ստիպում էին, վախն ու պոռթկումս մի կողմ դրած, մտածել իրական մարդ-պառկածների, մարդ-շարժվողի, մարդ-գլորվողի, մարդ-ծոցում մնացողի մասին:

Ես կուրծք էի տալիս աներևույթ մի տղամարդու, որի վերջույթները հավաքվում էին արևի ուղղությամբ. վախս այնքան էի նսեմացրել աչքումս, որ հավատացած էի' այս անգամ արևն իսկապես մայր չի մտնելու:

Աչքս անընդհատ կամուրջին էր:

Գրեթե ամբողջությամբ չոր և նորից պատրաստ անվտանգ վիճակին: Կրկնություն այնտեղ տեղի չէր ունենում. այն մշտական և հավասարակշված էր, իսկ ես, որ արևի դուրս գալուն պես հավատացած էի իմ անընդհատականության վրա, վայրկյան առ վայրկյան համոզվում էի' ամեն բան շուտով կավարտվի, և ամեն բան նորից կսկսվի... Ամեն բան կավարատվի, և ամեն բան նորից կսկսվի:

Իսկ խխունջները կքնեն մի հարմար ու ավելի մեծ քարի տակ' ինձնից հեռու:

Մտայնության մեջ կաթս սեղմվեց կրծքիս մեջ: Նույն հզորությամբ պտուկս նորից նրա բերանում էր, բայց գործողությունը, որը այդքան մղված էր դեպի նա, հանկարծ կանգ առավ արևի մայր մտնելուն զուգահեռ:

Հիմա գրկումս առանց վերջույթների մեկն էր, ով անօգնական հայացքով նայում էր ուղիղ աչքերիս ու հարցնում ինձ, թե ո՞նց է անցնելու կամուրջն՝ առանց ոտքերի, թե ես ինչո՞ւ նրան կերակրվելու մղեցի, եթե զրկելու էի միակ ճանապարհից:

Ես նրան բացատրում էի, որ կամուրջն անընդհատ է, որ այս պահին չէ, որ տեղի կունենա ամենասարսափելին:

Նա կանգնեց և որքան ուժ ուներ, կաթն այդ փսխեց գետի մեջ ու սկսեց քայլել, քայլել այնպես, կարծես մարդուն երբեք էլ ոտքեր անհրաժեշտ չեն եղել:

Ես սարսափից կծկվել էի ու ծածկում էի ոտքերս, կրունկներս ամուր պահել էի երկու ափերիս մեջ, որպեսզի զգամ, որ դրանք երբևէ գոյություն ունեցել են. հիմա մի անհաղթահարելի տարածության մեջ էի ինձ զգում, որտեղ ամենանվաղ ավազահատիկն անգամ կարող էր խլացնել ականջներս կամ իսպառ վերացնել տեսողությունս...Եվ սարսափելին՝ ես միայն դրան էի սպասում:

07.01.2013թ.
Սիսիան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter