Ստորագրվել է հայ-իրանական մշակութային համագործակցության գործնական ծրագիր
Ապրիլի 19-ին Հայաստանի մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին:
Ծրագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային շաբաթների կազմակերպմանը, երկու երկրում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը:
Կինոյի բնագավառում կողմերը կհամագործակցեն համատեղ ֆիլմերի արտադրության, ինչպես նաև հայկական և իրանական համապատասխան ընկերությունների կողմից կազմակերպվող ֆիլմերի ցուցադրության ոլորտում:
Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին:
Կողմերը կաջակցեն Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի արխիվի և ազգային գրադարանի միջև համագործակցությանը:
Նախատեսվում է, որ այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարը կայցելի Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևանի Կապույտ մզկիթ և այլն: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել