HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Չընդհատվող մեդիտացիայի» իրական երեսը. Կարո Մկրտչյան

«Գրականության մեջ գոյություն ունեն տարբեր ուղղություններ` պատմավեպ, արձակ, պոեզիա եւ վերջապես փիլիսոփայությունՍրանք միմյանցից տարբեր մտածողության ձեւեր ենԲոլորի մեջ ակնկալվում է փիլիսոփայական ուղղություն, բայց ոչ ուղղակի ձեւով, իսկ փիլիսոփայական գրականության մեջ այն արտահայտվում է ուղղակիորեն, որովհետեւ միտում ունի խոսել ոչ առարկայական, ոչ շոշափելի բաների մասինԱհա այս տեսակ փիլիսոփայական մտածողություն ունեցող արվեստագետը, երբ ուզում է արտահայտել իր ներսում կուտակված զգացումները, արտահայտում է աբստրակտ ձեւաչափով… Ես ինքս մինիմալիստական աբստրակցիոնիզմի ներկայացուցիչ եմ. ինձ համար գլխավորը հիմնային բովանդակությունն է»:

Զրուցակիցս 2002 թ.-ից Ստոկհոլմում բնակվող արվեստագետ Կարո Մկրտչյանն է:

Սկսենք նրանից, ինչն ինձ այս հեռավորության վրա հասանելի դարձավ Ձեր մասին` «Չընդհատվող մեդիտացիա» շարքից:

Մեդիտացիան ինձ համար ապրելակերպ է եւ մտածելակերպ, որը երբեք չի կարող ընդհատվել:

Ես հատուկ շեշտել եմ «չընդհատվող», որովհետեւ մարդիկ հիմնականում մեդիտացիա բառի իմաստը սխալ են ընկալում. այն, ինչ տեսնում են (երբ ձեւական նստում են ծալապատիկ եւ կարճ ժամանակահատված մի բանի մասին են մտածում եւ հետո անցնում են իրենց առօրյա կյանքին), իրականում մեդիտացիայի մանկական իմիտացիան է:

Խոսելով մեդիտացիայի անընդհատությունից եւ դրա կարեւորության, ոչ թե իմիտացիայի մասին` արդյոք մեր ժամանակաշրջանում իմիտացիոն հիմքի վրա շատ բան չի կատարվում` ներառյալ արվեստի ընկալման եւ ստեղծման հենքը:

Այո, բացարձակապես համամիտ եմ. այսօր իմիտացիան գրավել է բոլոր ոլորտները, եւ դա մեր օրերում արժեքային համակարգը կորցնելու հետեւանք է. ամեն բան այնպես են խառնել եւ մի հարթության վրա շարել, որ մարդիկ մոլորության մեջ են հայտնվել` չիմանալով գլուխը որն է, ոտքերը որն են եւ այլն:

Այդ դեպքում կարեւորվում է միայն շարժու՞մը:

Ոչ, կարեւորվում է ինքնամաքրումը, արժեքների վերհաստատումը, բացարձակ ճշմարտավորումը:

Ինչպե՞ս գնալ դրան ինֆորմացիոն այս առատ հոսքի եւ անընդհատ բազմաշերտ իրողությունների համատեքստում:

Միայն ցանկություն լինի. ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, ուղղակի մարդկանց մեծամասնությունը այլ ցանկություններով է տոգորվում եւ այդ պատճառով էլ համապատասխան հետեւանքների կամ արդյունքների է հասնում:

Դրանք ներսային ցանկություննե՞ր են, թե՞ այդ նույն իմիտացիան, որ ստեղծվում է մեր շուրջը:

Երկուսը միասին, բայց այս դեպքում մեծամասնության մոտ ներսային աշխարհիկ ցանկություններն են գերակշռում, ոչ թե ինքնամաքրման եւ հոգեւոր իրականության բացահայտումը:

Ձեր այս եզրահանգումների «ճամփորդությունը», հետաքրքիր է, ինչի՞ հետեւանքն էր:

Ինձ միշտ հետաքրքրել է բացարձակ ճշմարտությունը. ավելի վաղ հասակում իմ մեջ անընդհատ առաջանում էին աշխարհի կառուցվածքի, Աստծո, Հոգու եւ մահվան մասին, նյութական աշխարհի երկակիության մասին հարցեր:

Մանուկ հասակում այս ամենի մասին հարցնում էի մեծերից, հետո արվեստի միջոցով էի ինքնաճանաչման փորձեր կատարում:

Այնուհետեւ ինձ բախտ վիճակվեց հանդիպել եւ ուսումնասիրել Վեդայական սուրբ գրվածքները, որտեղ որ տրված է բացարձակ ճշմարտությունը, որը եւ դարձավ իմ կյանքի ձեւն ու ապրելաոճը: 


«Արվեստի միջոցով ինքնաճանաչման փորձեր էի կատարում». կարելի՞ է ստեղծագործությունը համարել ինքնամաքրման, ճանաչողության ձեւ: Եթե այո, ապա արվեստագետի փորձը դառնում է նաեւ հասարակության փորձ, իսկ այսօր մեդիայի միջոցով շատերի փորձն է հասանելի:

Ուրիշի փորձը երբեք էլ մասսաներին չի կարող տալ այն, ինչին մարդը հասնում է սեփական կամքով եւ պրպտումներով: Իսկ ուրիշի փորձից օգտվել կարողացողները շատ հազվադեպ են պատահում. դրանք բախտավոր եւ երջանիկ մարդիկ են:

Խելացի մարդն իր սխալների վրա է սովորում, իսկ ավելի խելացին` ուրիշների. այս տեսակը հազվադեպ է պատահում:

Հիմնականում մարդիկ դարից դար նույն սխալներն են կրկնում եւ նույնիսկ ավելի մեծ սխալներ են գործում, քանի որ հոգեւոր դեգրադացիան է մեծանում:

Շարունակու՞մ եք ստեղծագործել:

Այո:

Եվ որո՞նք են մտայնության այժմեական թեմաները:

Ես միշտ մի ընդհանրական թեմա ունեմ` հոգեւորը եւ դրա հետ առնչվող ամեն ինչ:

Հիմա ես ասում եմ հոգեւոր բառը եւ վստահ չեմ, որ Դուք այն ընկալում եք այնպես, ինչպես որ ես, որովհետեւ բառի բովանդակային էությունն էլ է աղավաղված:

Բառի բովանդակային էության աղավաղման հետ համաձայն եմ, բայց յուրաքանչյուրի ներսում էլ առկա է հոգեւորը տարբեր մակարդակներում է: Գուցե ընկալելիությու՞նն է տարբեր:

Այո, բայց դա միեւնույն ժամանակ հիմնային հարց է: Մեծամասնությունը կարծում է` ինքը այս մարմինն է, որը շոշափում եւ տեսնում է, եւ դրա մեջ էլ հոգին է:

Սա արդեն մեծ սխալ հիմք է, որի վրա կառուցված փիլիսոփայությունը խարխուլ եւ փլուզման ենթակա է:

Իրականում մենք հենց հոգին ենք, որը ստացել է այս կամ այն մարմինը, եւ ոչ թե հակառակը:

Նյութական արժեքները` հանճարեղ նկարները, երաժշտական գլուխգործոցները եւ շատ այլ բաներ իրականում ոչ նյութականի` հոգեւորի վավերագրումնե՞րն են:

Նյութն ինքնին իներտ է. այն հոգեւոր կամ նյութական, կամ աշխարհիկ դառնում է մեր գիտակցության հետ առնչվելիս, այսինքն` ձեռք է բերում համապատասխան աշխարհիկ կամ հոգեւոր բովանդակություն` կախված մեր գիտակցությունից:

Կարծես թե զրույցի սկիզբ ենք վերադառնում. ժամանակակից մարդու հիմնական խնդիրը ո՞րն է:

Ես այսպես կպատասխանեի այս հարցին, որ բոլոր ժամանակների մարդու հիմնական խնդիրը նույնն է` ինքնամաքրման միջոցով բարձրանալ առաքինության մակարդակի եւ հետո հոգեւոր մակարդակի` այդպես բարձրացնելով նաեւ մյուսներին:

Փոխվում են միայն նյութական գիտակցության ոլորտին պատկանող առարկաները, որոնք էական արժեք չեն ներկայացնում. հոգին նույնն է բոլոր ժամանակներում. այն չի վերածվում այլ բանի եւ ունի իր հավերժական խնդիրները:

Հ.Գ. Լուսանկարները` Կարո Մկրտչյանի «Չընդհատվող մեդիտացիա» շարքից:

Մեկնաբանություններ (1)

artashes
Լավն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter